Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարմիր գծերի տուգանքը կնվազեցնեն. Արփինե Հովհաննիսյանն ընդունում է, որ 5000 դրամ տուգանքը շատ է

Փետրվար 03,2017 13:49

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց նոր նախագիծ, որով առաջարկում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն կատարել:

Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում սահմանվել է ավտոկայանատեղիի տուրքերի հետեւյալ դրույքաչափերը՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ եւ մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Տեղական տուրքը չվճարելու դեպքում տուգանք է նշանակվում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում օրենսգրքով սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչը ավելին է քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը՝ առաջացնելով անհամաչափ մեծ պատասխանատվություն տվյալ իրավախախտման համար:

Հաշվի առնելով իրավախախտման եւ պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը՝ նախագծով առաջարկվում է մեկ ժամվա համար չվճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին՝ 1000 դրամ: Հանրապետությունում առկա ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում առաջարկվող նախագիծը կնպաստի նաեւ քաղաքացիների սոցիալական բեռի որոշակի թեթեւացմանը:

Էլինար Վարդանյանն ասաց. «Զավեշտի է վերածվում գործող օրենքով՝ 100 դրամի համար քաղաքացուն գալիս է 5000 դրամ տուգանք»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ սրանով լեգիտիմություն ենք տալու կարմիր գծերին. «Որպես հակակարմիրգծային ճակատամարտի պայքարող, ունեմ հստակ դիրքորոշում: Բայց չէ՞ որ այդ կարմիր գծերն ընդհանրապես պիտի վերացնենք»:

Էլինար Վարդանյանը չհամաձայնեց, նա ասաց, որ սա կարմիր գծերին վերաբերող հարց չէ:

Կառավարության տեսակետը ներկայացնելիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Մենք այս հարցը քննարկման առարկա դարձրել ենք նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր նախագծով»: Նա ասաց, որ այդ նախագիծը վերջապես ԱԺ-ում է եւ այլեւս մինչեւ զավեշտի հասնող ձեւակերպումներ չենք տեսնի այդ օրենսգրքում:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք բացասական գնահատական են տվել ոչ թե գաղափարին, այլ՝ չափին: 1000 դրամ չափը, ըստ նախարարի, չի ծածկում վարչական ծախսը: Այն որեւէ ձեւով արդարացված չէ: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց համար ընդունելի է 3000-5000 դրամ չափը տուգանքի:

Էլինար Վարդանյանը համաձայնեց նախագիծը մեծ օրակարգ մտցնել եւ քննարկումների ընթացքում տուգանքի չափը քննարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728