Ս/թ. փետրվարի 2-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճի նախասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին, ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դենիս Մացուևը, Ռուսաստանի առաջատար երաժշտական բուհի ղեկավարությունն ու բազմաթիվ հյուրեր:
Ելույթ ունենալով ներկաների առջև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծելով մեծանուն կոմպոզիտորի քանդակի տեղադրման կարևորությունը աշխարհում մեծ համբավ ունեցող Մոսկվայի կոնսերվատորիայում:
«Ինձ համար մեծ պատիվ է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ մասնակցել հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման արարողությանը: Արամ Խաչատրյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը հայ-ռուսական պատմական բարեկամության անբաժան մասն է կազմում: Մենք՝ հայերս, մեծ հպարտությամբ ենք գլուխ խոնարհում մեր աշխարհահռչակ հայրենակցի հիշատակի առջև», – նշեց Օլեգ Եսայանը:
Բրոնզե քանդակի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:
Միջադրումը շարունակվել է կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Դենիս Մացուևի համերգով:
Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային հիմնադրման 150-ամյա հոբելյանի առթիվ նվիրաբերել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արմեն Սադգյանը, քանդակի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ Միքայել Սողոյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն