ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստում հանձնարարական էր ուղղել Կրթության ու գիտության նախարարությանը՝ առաջարկելով վերանայել Կրթության ազգային ինստիտուտի կառուցվածքն ու գործառույթները:
Aravot.am-ը Հայաստանում ֆրանսիական համալսարանում «Էրազմուս + » ծրագրի նոր նախագծի մեկնարկի շնորհանդեսին մասնակցող ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու Կրթության ազգային ինստիտուտի հետ:
«Մենք մի քանի ուղղություններով արմատական փոփոխություններ ենք նախատեսել, առաջինը կրթության ինստիտուտի կազմում դասագրքաստեղծ կենտրոնի ձեւավորումն է, որտեղ ոչ թե դասագիրք պետք է գրվի, այլ մասնագետներ պետք է ունենանք, որ եթե կարիք լինի դրսում վերապատրաստենք, որպեսզի նկարագրեն, թե ինչպիսին պետք է լինեն դասագրքերը»,-ասաց նախարարը:
Նրա ձեւակերպմամբ, դասագրքերի որակի անկման լուրջ պատճառներ կան, եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս որ չունենք դասագրքեր գրելու մշակույթ: «Մտածում ենք, որ կարող է մագիստրանտական որեւէ կուրս մտցնենք: Այժմ աշխատում է՝ միջին մասնագիտական կրթության ՄԿՈՒ ԶԱԿ-ը, որը կարող է դառնալ առանձին միավոր ու զբաղվել միջին մասնագիտական կրթության եւ բարձրագույն կրթության խնդիրներով: Դասագրքաստեղծ կենտրոնը նաեւ չափորոշիչների, կրթակարգի եւ դպրոցի մեթոդական ամբողջ բլոկը պետք է վերցնի իր վրա, եւ իհարկե վերապատրաստումների խնդիրը: Վերապատրաստումները պետք է ավելի մասնագիտական ուղղվածության լինեն: Չի կարող հանրապետությունում 8000 ուսուցիչ վերապատրաստվի մեկ կենտրոնի կողմից՝ մեկ մասնագետով: Ավելի ճիշտ կլինի պատրաստենք ծրագրերը եւ ուղղություններով մրցույթ հայտարարենք: Թող մասնակցեն շահեն: Կարծում եմ, դա շատ ավելի լավ կանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը կամ Երեւանի պետական համալսարանը: Սա է կոնցեպցիան: Այնպես որ առաջիկայում կունենանք մոբիլ, փոքրաթիվ, բարձր աշխատավարձով աշխատող մասնագետների կենտրոն: Ամբողջ բովանդակային աշխատանքը կկենտրոնացնենք այդտեղ»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ