Վերելակը օրեր շարունակ սառցակալած է
Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/2 շենքի բնակիչները կանգնած են փաստի առաջ: 12 հարկանի շենքի վերելակն աշխատում է միայն ցերեկը. առավոտյան եւ երեկոյան «սառցակալում է»:
«Առավոտին» են դիմել շենքի մի խումբ բնակիչներ՝ ահազանգելով, որ իրենք գերի են դարձել վերելակին, չեն կարողանում տնից դուրս գալ, անգամ ոտքով իջնելն է վտանգավոր, քանի որ աստիճանները սառցակալած են:
«Առավոտն» այցելեց Շինարարների 15/2 շենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Պարզվում է՝ շենքի տանիքի անմխիթար վիճակի պատճառով տանիքից ձյան հալոցքը թափվում եւ լցվում է վերելակի մեջ, «իջնում» հարկ առ հարկ: 8-12-րդ հարկերում իսկական սահադաշտ է, հանգիստ կարելի է չմուշկներով այցելել այս հարկի բնակիչներին:
Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, թե առավոտյան եւ երեկոյան, որպեսզի վերելակը գործի դնեն, ստիպված են կես ժամից ավելի զբաղվել վերելակի սառույցները կոտրելու աշխատանքներով, որպեսզի այն գոնե մի քանի րոպեով աշխատի:
Բնակիչներից մեկն էլ այսպիսի մտահոգություն հայտնեց. «Երեխայիս յոթ օր առաջ վիրահատել են, հիմա պետք է տանեմ հիվանդանոց, բժիշկն առավոտյան է այցելության ժամ նշանակել:
Կարդացեք նաև
Մենք ի՞նչ ենք անելու, առավոտյան վերելակը չի աշխատում, սառցակալած է լինում, ինչպե՞ս եմ նրան իջեցնելու, գրկի երեխա էլ չէ, որ գրկած տանեմ»:
Արդեն շենքի բնակիչներից մի քանիսը հասցրել են սառույցի վրա ընկնել: 16-ամյա մի աղջիկ պատմեց, թե 12-րդ հարկում այնպես է ընկել աստիճանավանդակի սառույցների վրա, որ օրեր շարունակ չի կարողանում տնից դուրս գալ. մեջքն ու ոտքը ցավում են:
Բնակիչները հույս էլ չունեն, թե իրենց շենքի խնդիրը մինչեւ գարուն կլուծվի, քանի որ նրանց խոսքով՝ «համապատասխան քայլեր պատասխանատու անձանց կողմից չեն ձեռնա
րկվում»: Մեր այն հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում համատիրություն, բնակիչները պատասխանեցին, թե մի անգամ դիմել են, համատիրության նախագահ Հրայրն ասել է, որ միջոցներ չկան խնդիրը վերջնականապես կարգավորելու համար, եւ այդ հարցն իրենից կախված չէ:
«Առավոտը» բնակիչների խնդիրը փոխանցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին: Նա տեղեկացրեց, թե խնդիրը ներկայացրել են վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարին, այնուհետեւ պարզաբանեց. «Այն, որ որեւէ մեկը չի ձեռնարկել որեւէ քայլ, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին վերելակն աշխատում է մինչեւ 8-րդ հարկ, մնացած հարկերում սառած է, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Առաջնահերթ ձյան շերտն է մաքրվել, որ հոսքեր էլ չլինեն, սառցակալած որոշ հատվածներ չորացրել են, բայց գործընթացը ժամանակ է պահանջում: Հիմա անում են ամեն ինչ, որ հնարավորինս արագ հարցը կարգավորվի»:
Պարոն Գեւորգյանը զրույցի ավարտին հավելեց, թե բազմաբնակարան շենքերի ներսում աստիճանահարթակների տարածքները, նկուղները, վերելակը՝ բոլորը միասին վերցրած, տվյալ շենքի բնակիչների բաժնային սեփականությունն է, եւ համաձայն օրենքի՝ իրենք են դրա հետ կապված աշխատանքների պատասխանատուն, եւ նրանց կողմից ձեւավորված համատիրությունը պետք է կարգավորի այս խնդիրները. «Սակայն եթե բնակիչներն այդ հնարավորությունը չունեն, Երեւանի քաղաքապետարանն աջակցում է շենքերի ներսի խնդիրների կարգավորմանը»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
Հ.Գ. Նյութը տպագրության ուղարկելուց առաջ եւս բնակիչներից ճշտեցինք՝ վերելակն աշխատո՞ւմ է: Նրանք տեղեկացրին՝ ոչ:
«Առավոտ»
03,02.2017