Ամենաարտառոցն ու անթույլատրելին այն է, որ պետությունը լայն դուռ է բացել ծառայությունը շրջանցողների համար: Օրենքով «բանակ չգնալու» հնարավորությունը ոչ միայն անթույլատրելի շռայլություն է, այլեւ լուրջ վտանգ պետության համար: Դա «ինչո՞ւ ես պետք է ծառայեմ, իսկ նաՙ ոչ» օրինական հարցադրում է բարձրացնում, որի փաստարկված պատասխանը չկա: Կան միայն անտրամաբանական պատճառաբանություններ, որոնք վաղուց արդեն մի կողմ դնելու եւ օրենսդրական կարգավորումներ տալու ժամանակն է:
Առաջինըՙ օրենքով հնարավորություն է ընձեռնված հետաձգել բանակային ծառայությունը բուհերում սովորողների համար: Ընդ որում, անհասկանալի է, թե ինչո՞ւ որոշ դեպքերում նման հնարավորություն նախատեսված է, մյուս դեպքերում ոչ:
Այսինքն, գործում է շղթաՙ բակալավր-մագիստարտուրա-ասպիրանտուրա, որը հնարավորություն է տալիս «ձգել» ժամանակը մինչեւ 27 տարեկան լրանալը եւ «հաջողությամբ» ազատվել զինծառայությունից:
Օրինագիծը, ըստ որի բոլոր 18 տարեկան տղաները պետք է զորակոչվեին բանակ, որը խոստացել էր ներկայացնել կառավարությունը, այդպես էլ չներկայացվեց: Դեռ չներկայացված, բուհերում դասավանդողներից ոմանք սկսեցին քննադատել այդ օրինագիծը, ասելով, որ դա կխանգարի «գիտությամբ զբաղվելու» «անհագ» ցանկությամբ լցված երիտասարդներին: Ինչո՞ւ հնարավոր չէ առաջին կուրսն ավարտելուց հետո վերադառնալ եւ շարունակել ուսումն ու հետագայում գիտությամբ զբաղվել, վերոնշյալ դասախոսներից ոչ ոք այդպես էլ հոդաբաշխ խոսքով չկարողացավ բացատրել:
Կարդացեք նաև
Ընդ որում, երբեք չի խոսվում այն մասին, որ բանակից ազատվելու նպատակով «գիտնական» դարձածները առաջին հերթին եւ ամենամեծ վնասն են պատճառում հենց գիտությանը: Մի խոսքով, բանակից խուսափելուՙ մեր նշած առաջին օրինական հնարավորությունը պետք է վերացնելՙ բոլոր 18 տարեկան տղաների համար հավասարապես նախատեսելով պարտադիր զինվորական ծառայություն:
Երկրորդը արտերկրում սովորողների համար նախատեսված տարկետումն է, որը թեեւ տրվում է կառավարության որոշմամբ, բայց դարձյալ առաջացնում է նույն արդարացի հարցադրումը, ինչո՞ւ նրանք չպետք է ծառայեն, իսկ մյուսները պետք է ծառայեն: Ճիշտ է, զուտ իրավական տեսանկյունից տարկետումը նշանակում է զինծառայության հետաձգում, ոչ թե ազատում: Սակայն, ինչպես ասում են, ոզնուն էլ հասկանալի է, որ արտերկիր ուսման համար մեկնողների մեծ մասն ամեն ինչ անում է, որ այնտեղ մնա մինչեւ 27 տարեկանը, ապա, եթե վերադառնա Հայաստան, կվճարի համապատասխան գումարը եւ կազատվի զինծառայությունից էլ, դրանից խուսափելու համար նախատեսված քրեական հետապնդումից էլ: Բացառելու համար բանակից ազատվելու այս օրինական հնարավորությունը, անհրաժեշտ է փոփոխել զինծառայությունից խուսափելու հնարավորություն տվող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը: Սա երրորդ եւ ամենահեշտ տարբերակն է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց ծնողներին, հարազատներին:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում