«Առավոտի» տեղեկություններով՝ հավանական է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հրաժարվի զբաղեցրած պաշտոնից եւ համալրի ՀՀԿ համամասնական ցուցակը: Տիկին Բաղդասարյանը համակարգում է բժշկասոցիալական փորձաքննության եւ տարեցների հիմնահարցերի ոլորտները: Այս ոլորտներում տարիներ շարունակ չարաշահումներ են եղել, որոնց անդրադարձել է թե դատախազությունը, թե Վերահսկիչ պալատը:
Սակայն տիկին Բաղդասարյանը միայն մեկ անգամ էր դրանց առիթով արժանացել վերադասի ուշադրությանը: Տակավին վերջերս, օրինակ, ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին: Կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:
Գործակալության պետը կալանքի տակ է: Այս ամենից հետո ոլորտը համակարգող փոխնախարարի համար փոխնախարարի աթոռից պատգամավորի աթոռին տեղափոխվելը կարելի է պարզապես նվեր համարել:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Բաղդասարյանն ասաց, որ իր համար նորություն է այն, որ ինքն ընդգրկվելու է կուսակցության ընտրացուցակում: Հարցին` եթե, այնուհանդերձ, իրեն առաջարկ լինի, ինչպե՞ս կարձագանքի, ասաց, որ կուսակցությունն է որոշում. «Եթե տեսնեն, որ ես այդտեղ ավելի ճիշտ օգտակար կլինեմ, իհարկե, կհամաձայնվեմ»: Հետաքրքրվեցինք` ինքը իրեն պատկերացնո՞ւմ է պատգամավորի տեղում, կկարողանա՞ օրենսդիր աշխատանք կատարել: «Կարծում եմ՝ կկարողանամ, բայց կուսակցությունն է որոշում, եւ այդպիսի խոսակցություններ էլ չկան»,- ասաց նա:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Ջեմմա Բաղդասարյանին իր պաշտոնում կփոխարինի վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
03,02.2017