Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամատեղելի արժեքներ

Փետրվար 03,2017 10:21

Ժամանակին Հայաստանի ղեկավարներից մեկը խոսում էր հայերի եւ ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիության» մասին: Ինձ թվում է՝ նման բան գոյություն չունի ոչ միայն մեր երկու ազգերի դեպքում, այլեւ ընդհանրապես. այս կամ այն էթնոսին պատկանելը չի կարող հանգեցնել մարդկանց համատեղելիության կամ անհամատեղելիության: Հակառակը մտածելն ի վերջո կբերի գանգերի տարբեր ձեւերը համեմատելուն, իսկ դա, ինչպես պարզվեց 20-րդ դարում, փակուղային ճանապարհ է:
Ուրիշ հարց, որ կարող են լինել գաղափարական այնպիսի տարբերություններ, որ դժվար է պատկերացնել, որ երկու մարդ կարող են գնալ միեւնույն քաղաքական ճանապարհով: Լինել գաղափարապես անհամատեղելի՝ միանգամայն հնարավոր է: Սոցիալ-դեմոկրատ հնչակները եւ ազատական ՀՀՇ-ն պետք է որ տրամագծորեն հակառակ ձեւով պատկերացնեին Հայաստանի զարգացման ուղիները, եւ դա հաշվի առնելով՝ այդ երկու կուսակցությունները չպիտի հայտնվեին միեւնույն դաշինքում, ինչը տեղի ունեցավ «հեռավոր» 1995 թվականին: Դա առաջին անբնական դաշինքն էր, որին այնուհետեւ հետեւեցին բազմաթիվ այլ տարօրինակ միավորումներ: Այս նախընտրական փուլում այդ անհեթեթությունը հասել է գերագույն աստիճանի:

Դաշինքներում հիմա միավորվում են՝ ա/ նրանք, ովքեր նեղացել են իշխանությունից, բ/ նրանք, ում չի հասել իրենց ակնկալած փայը, այդ թվում՝ տեղը նախընտրական ցուցակում, գ/ նրանք, ովքեր փող չունեն նախընտրական պայքար ծավալելու, բայց շատ են ուզում պատգամավոր դառնալ, եւ ստիպված են «կցվել» որեւէ հարուստի: Ընդգծեմ՝ խոսքն այսօր ընթացող «առեւտրի» մասին է. «Ելք» դաշինքը ձեւավորվել է դեռեւս անցած տարի, եւ այնտեղ մտել են գաղափարապես «համատեղելի» ուժեր, որոնք հետագայում ցանկանում են ստեղծել մեկ կուսակցություն: Ի տարբերություն «Ելքի»՝ մնացած երկու դաշինքների «տարրերն» առայսօր քաոտիկ շարժման մեջ են, որի արդյունքում ստեղծվում են անհասկանալի հիբրիդներ:

Բայց գաղափարական անհամատեղելիությունից ավելի տարօրինակ է, երբ միավորվում են մարդիկ, որոնք խիստ անհամատեղելի են մշակութային, կրթական, արժեքային համակարգի տեսանկյունից: Ինձ, օրինակ, մեծ ցավ կպատճառի, եթե ես Վարդան Ղուկասյանի, Էջմիածնի Հակոբ Հակոբյանի, Մհեր Սեդրակյանի կողքին տեսնեմ Ալեքսանդր Արզումանյանին (հուսամ՝ նման բան տեղի չի ունենա): Քաղաքականություն, պրագմատիզմ եւ այլն՝ այդ ամենը հասկանալի է, բայց ինձ թվում է՝ նման մարդկանց հետ հնարավոր չէ հասնել ոչ մի վեհ նպատակի: Նույն տարակուսանքն, ի դեպ, ես ապրում էի, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ իրականացնում էր «բուրժուադեմոկրատական հեղափոխություն»:
Ազգերն, այո, չեն կարող լինել անհամատեղելի, առանձին անհատները նույնպես համատեղելի են այնքանով, որքանով կարող են իրար համար խաղաղ համակեցության պայմաններ ստեղծել: Արժեքային համակարգերն, իմ կարծիքով, որոշ դեպքերում չեն կարող համատեղվել: Թե չէ՝ ստացվում է հին բառախաղի նման՝ «Մեր նպատակը միջոցներն արդարացնելն է»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Շարունակում եք մեծ մտքեր հայտնե՞լ: Մենք, հասարակ ընտրողներս ավելի պարզ հարցերի պատասխան ենք սպասում: Հարց առաջին,` գնալ թե չգնալ ընտրելու: Խնդրում եմ սկսել այս հարցից: Ցանկալի է հիմնավորել, թե ինչու: Հետո “խորը” հարցերը կքննարկեք 15-20 հոգով, եթե այդքան “ինտելեկտուալ” հավաքվի:
    Կրկնում եմ`գնալ ընտրելու թե՞ ոչ:

  2. Լավատես says:

    Ընտրողների մեծամասնությունը նայում է ոչ թե կուսակցությունների գաղափարախոսությանը, այլ իր օրվա խնդիրները լուծելու ունակ ուժին, նույնիսկ եթե շատ լավ գիտակցում է, որ իր ընտրած ուժեղը նույն ժողովրդին գռփող թալանող անմակարդակի մեկն է, կարճ ասած՝ ժողովուրդը ուժեղի կողմն է, ոչ թե բարու, խելոքի, մակարդակով մասնագետի: Եւ ճիշտ էլ անում է, ո՞ւմ է պետք կուսակցությունը, որը հարուստ հովանավորողներ չունի, կամ էլ ուժային հետախուզական վերլուծական համակարգ չունի, որ իր կուսակցականին նեղացնողին ցույց տա իր տեղը: Մտավորականները որպեսզի սիրուն խոսեն ու սիրուն գործեն, մեջքներին պետք է փողի քսակներ ունենան ու բարդ ու կեղտոտ խնդիրներ լուծող հատուկ դռբով ու խելոք ուժեր: Կարծում եմ, այստեղ սփյուռք իր դերն ու նշանակությունը ունի:

    • Հ.Շ. says:

      այո, Հայաստանի բնակիչը,
      լինի ան ռամիկ կամ իշխանավոր, բնիկ կամ հայրենադարձ,
      մեկ-մեկ Սփյուռքին շնորհում եւ ընծայում է է շատ կարեւոր «դեր ու նշանակություն» Հայաստանի ներքին քաղաքականության առնչությամբ,
      այն պայմանով սակայն որ լիովին իր կեցվածքին ու կարծիքին համապատասխանէ այդ արտաքին միջամտությունը…

      Եթէ ոչ, արդէն «դուն քո տեղը մնա՛»-ն հնչելու է անմիջապէս, կտրականապէս:

      հետո ել մի զարմանաք որ Սփյուռքի մասսայական մեծամասնությունը որոշէ պարզապէս լուռ մնալ…

      • Լավատես says:

        Իսկական սերը միշտ փոխադարձ է լինում, եթե հիշենք, թե որքան ժողովրդի սերն ու հպարտությունը վայելող մեծագույն գիտության ու մշակույթի գործիչներ հարստացրեցին հայ երկիրը երկրորդ համաշխարհայինից հետո հայրենադարձ հայերի շնորհիվ, այնպես որ ժողովուրդը միշտ էլ գնահատել ու սիրել գիտի, բայց այն ժամանակ հայրենադարձություն էր եւ ոչ թե արտագաղթ, դրա համար սկզբից հայ երկրում պետք է պայմաններ ստեղծել հայրենադարձության համար, իսկ դրա հետ էլ սերն ու գնահատականը կգան։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728