Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողի սիրտը ծիրան է ուզում»

Փետրվար 03,2017 16:00

Քաղաքագետ Արմեն Աղայանը` նախընտրական զարգացումների մասին

– Քաղաքական դաշտում նախընտրական դասավորումներ-վերադասավորումներ են ընթանում: «Հայազնը» ի՞նչ դիրքորոշում է որդեգրել, ո՞ր բեւեռում եք ձեզ տեսնում կամ ո՞ր բեւեռին եք սատարելու:

– Ազգային բեւեռ կազմակերպելու եւ հանրային նախընտրությամբ ցուցակ առաջադրելու մեր նախագիծը, ցավոք, տապալվեց: Այն սկզբից էլ մեծ դժվարությամբ էր առաջ գնում: Հիմնական պատճառները երկուսն էին. մի կողմից՝ բոլոր կուսակցությունների եւ ընտրություններին մասնակցելու դեմ հանրային գերիշխող շատ վատ վերաբերմունքը, մյուս կողմից՝ անդամավճարի մշակույթի չգոյության պայմաններում ժողովրդից նյութական միջոցներ հավաքագրելու դժվարությունը: Առարկայական բարդություններին գումարվեցին սուբյեկտիվ պատճառները` առանձին անդամներ շատ անպատասխանատու վարք դրսեւորեցին: Վերջին հանգամանքը «Սասնա ծռերի» շարժումն էր, որը մեր համակիր շրջանակի ուշադրությունը ամբողջությամբ շեղեց հիմնական քաղաքական ու նախընտրական գործընթացից: Արդյունքում 2016-ի վերջին մենք կասեցրինք քաղաքական դաշտի ազգային բեւեռում հանրային նախընտրությամբ ցուցակ առաջադրելու մեր փորձերը: Օլիգարխիական կամ ազգայինից բացի որեւէ այլ գաղափարական բեւեռի հարելը շատ մեծ անսկզբունքայնություն կլիներ: Ուստի «Հայազնի» գաղափարական-քաղաքական թիմի որեւէ ներկայացուցիչ այս ընտրությանը ուղղակի չի մասնակցի:

– Արդեն հստակ է չորս բեւեռ` Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը, «Ելք» դաշինքը եւ իշխանական ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Այդ դաշինքների ձեւավորման գործընթացը ի՞նչ է հուշում, ի՞նչ ընտրություններ են մեզ սպասվում:

– Անիմաստ կրկես: Պատասխանատու հայ ընտրողի սիրտը ծիրան է ուզում, նրան առաջարկում են ընտրել փտած կաղամբի ու նեխած լոլիկի միջեւ, թե բա՝ մեր ունեցածը սա է: Գումարած դրան, հիմա էլ քուչում իրեն հարգված երեւակայող ամեն մի միջակություն ռեյտինգայինով է առաջադրվում: Ինչ վերաբերում է ընդդիմության կառուցվածքին, ապա ոչ մի նորություն չկա: Ինչպես միշտ, ընդդիմությունը համալրվում է նախկին իշխանավորներով, հովանավորությունը կորցրած օլիգարխներով, ընդդիմության նախորդ՝ պարտված ձեւաչափերի բեկորներով: Ու այս ռեւանշիստ զանգվածը ազգային հիմնախնդիրներին վերաբերող ոչ մի էական ծրագիր, բացի անձերի փոփոխությունից, չի առաջարկում:

– Դուք հավատո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր կերպարին: Նրանք անկե՞ղծ են իրենց մղումներում:

– Կարող է եւ անկեղծ են, հատկապես եթե Սերժ Սարգսյանի կողմից հեռացվել են իշխանական կերակրատաշտից ու իրենց անարդարացի տուժած են համարում: Բայց միշտ մնում են մի քանի կարեւոր հարցեր: Նախ՝ ի՞նչ կապ ունեն այս մարդիկ հանրության հետ: Երկրորդը՝ ի՞նչ էական տարբերություն ունեն իշխող վերնախավից, որի մասնիկն էին երկար ժամանակ: Վերջապես՝ մի՞թե Սերժ Սարգսյանը նրանց նկատմամբ լծակներ չունի, եթե իրական վտանգ զգա:

– Հովիկ Աբրահամյանն իր թիմակիցներով լքեց ՀՀԿ-ն: Խոսվում է, որ այլ կարկառուն ՀՀԿ-ականներ` Մհեր Սեդրակյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք, եւս կլքեն ՀՀԿ-ն: Կարծում եք՝ դրանով իշխանական թեւը թուլանո՞ւմ է: Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի բնագիտական բանավեճը ի՞նչ ենթատեքստ ուներ:

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ինքն է հեռացնում այդ մարդկանց, հաստատում է խիստ ավտորիտար ռեժիմ եւ զուգահեռաբար սերնդափոխություն է իրականացնում: Ազատվում է հավակնոտ կերպարներից, փոխարինում է նրանց ավելի հնազանդ եւ ինքնուրույնությունից զուրկ, բայց ավելի ներկայանալի եւ դեռ այնքան էլ չկեղտոտված իր սպասավորներով: Գնացողների մի մասը կդիմադրեն, բայց դա կթուլացնի ավտորիտար ռեժիմը, թե հակառակը՝ կամրապնդի, ցույց կտա ժամանակը:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728