Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային առողջապահության համակարգը` վերահսկման գործիք

Փետրվար 03,2017 15:30

Մեզնից յուրաքանչյուրն այսօր տնից կամ ցանկացած այլ վայրից կարող է մուտք գործել էլեկտրոնային առողջապահության համակարգ եւ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում պետական պատվերի շրջանակներում ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների վերաբերյալ՝ ինչպիսի ծառայություններ են մատուցվում, Երեւանի կամ մարզային որեւէ բուժհաստատությունում գտնել անհրաժեշտ նեղ մասնագետին։

Ներկա պահին միասնական էլեկտրոնային տեղեկատվական այս համակարգում ընդգրկված են 480-ից ավելի բժշկական բոլոր այն հաստատությունները (իրենց մասնագետների շտեմարանով), որոնք պետական պատվերով բժշկական օգնություն եւ սպասարկում են իրականացնում։ Իսկ դրանք հանրապետության բուժհաստատությունների 95 տոկոսից ավելին են։ Նախարարությունն այս համակարգը դիտում է որպես պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման վերահսկման գործիք։

Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին: Հենց այդ ռեգիստրի տվյալների հիման վրա էլ իրականացվում են քաղաքացիների նույնականացումը եւ գրանցումը էլեկտրոնային համակարգում:
Համակարգ (www.armed.am) կարելի է մուտք գործել նույնականացման քարտի միջոցով, իսկ ավելի ուշ` նորարարական մեկ այլ միջոցով, որի մասին քաղաքացիները լրացուցիչ կիրազեկվեն։ Բոլոր պարագաներում գաղտնիությունն ապահովվում է առաջին հերթին նույնականացման քարտի առկայության պահանջով եւ երկրորդ` համակարգ մուտք գործած անձի դերով պայմանավորված իրավասությունների եւ տեղեկատվության սահմանափակման միջոցով։ Այսինքն` մուտք գործող ցանկացած անձ` բուժհաստատության ղեկավար, բժիշկ, թե քաղաքացի, կարող է դիտել միայն իր համար նախապես սահմանված թույլատրելի տեղեկատվությունը։

«Սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ համակարգն ավելի թափանցիկ դարձնելու՝ աշխարհում քննություն անցած լուրջ միջոց է»,֊ ասում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։

Այս խնդիրներն, անշուշտ, այսօր մտահոգում են ոչ միայն հիվանդանոցային բուժում ստացող մեր քաղաքացիներին եւ նրանց հարազատներին, այլեւ համակարգի այսօրվա ղեկավարներին։

«Պետական պատվերն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ բարձրացնում է վերահսկելիությունը եւ թափանցիկությունը։ Ըստ էության, քաղաքացին անձամբ մասնակցություն կարող է ունենալ իր իսկ բժշկական պատմության եւ իրեն մատուցված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատության եւ դրանց ֆինանսավորման վերահսկողության գործընթացներին։ Ե՛վ քաղաքացին, ե՛ւ վերահսկող մարմիններն առցանց տեսնում են, թե հիվանդն ինչ հետազոտություններ ստացավ, ինչ բուժում է իրականացվում։ Համակարգի ամբողջական ներդրման դեպքում հետին ամսաթվով որեւէ ճշտում, սրբագրում կամ հավելագրում հնարավոր չէ կատարել»,֊ մեկնաբանում է փոխնախարարը։

Սամվել Մարգարյանը հավելում է, որ միաժամանակ թարգմանվում, տեղայնացվում եւ ներդրվում են միջազգայնորեն ընդունված բժշկական ուղեցույցներ։ Դրանցով առաջնորդվելով՝ մեր մասնագետները հստակ կիմանան, թե որ ախտանշանների դեպքում ինչ հետազոտություններ պետք է իրականացնեն, որ հիվանդությունն ինչ հաջորդականությամբ պետք է բուժեն եւ այլն։ Այլեւս օրակարգից դուրս կգան ինչ-ինչ նպատակներով անհարկի թանկարժեք հետազոտություն նշանակելու դեպքերը կամ խոսակցությունները։ Յուրաքանչյուր նոզոլոգիայի դեպքում հստակ նկարագրված քայլերի առկայությունն էլ իր հերթին կբերի ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման եւ թափանցիկության։ Երկրի բոլոր բուժհաստատություններում բոլոր մասնագետները կառաջնորդվեն նույն ուղեցույցներով։ Դրանք քարացած փաստաթղթեր չեն, այլ բժշկության մեջ անընդհատ թարմացվող, գիտական վերջին նվաճումները ներառնող ստանդարտներ։

«Հստակեցվում են խաղի կանոնները։ Խոսքը վարչապետի բարձրաձայնած` գների նույնականացման մասին է։ Պարզ օրինակ` այսօր երկու տարբեր պետական ծրագրով միեւնույն ծառայությունը փոխհատուցվում է տարբեր գներով։ Նույն վիրահատությունը սոցիալապես անապահովների ծրագրով կարող է փոխհատուցվել, ասենք, 107 հազար, իսկ պետական ծառայողներին` 200 հազարի դրամի չափով։ Հնարավոր է նաեւ, որ նույն մարդը միաժամանակ 2 խմբի պատկանի։ Պարզ է, որ նման դեպքում հիվանդանոցին ձեռնտու է թանկ ծրագրով ձեւակերպելը»,֊ ներկայացնում է փոխնախարարը՝ շեշտելով, որ այդ հանգամանքը նաեւ առանձին ծրագրերի ավելի արագ ավարտվելու պատճառ է հանդիսանում։

Սամվել Մարգարյանի խոսքով՝ նախարարությունում ախտորոշվել են բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող են կոռուպցիայի եւ գերածախսի ռիսկեր պարունակել, եւ փորձում են հիմնարար լուծումներ տալ։

Ինչ խոսք, ակնթարթային լուծումներ չեն ակնկալում։ Սակայն հաստատուն քայլերով մոտենում են նախանշած հանգրվանին։

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմամբ եւ էլեկտրոնային պատմագրերի ստեղծմամբ ակնհայտ երեւացող, լայնորեն հասանելի եւ կիրառելի փոփոխություն կլինի։ Կարեւորն այն է, որ քաղաքացին կսկսի զգալ դրա ազդեցությունը, մուտք կունենա համակարգ եւ կօգտվի դրանից։

Ուրիշ ի՞նչ առավելություններ կտա էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը։ Յուրաքանչյուր քաղաքացու հիվանդության էլեկտրոնային պատմագրում ներառվում են նրա բոլոր հետազոտությունները, ախտորոշումները, նշանակումները։ Ցանկացած պահի մուտք գործելով էլեկտրոնային համակարգ՝ քաղաքացին կարող է ծանոթանալ իր հիվանդության ողջ պատմությանը, տեսնել, թե որ թվականին ինչ բժշկական հաստատություններ է այցելել, ինչ ծառայություններից օգտվել, ինչ հետազոտություններ է անցել, ինչ ախտորոշումներ են հաստատվել, ինչ ծավալի ծառայություն է նրան մատուցվել եւ ինչպիսի արդյունքներ են եղել, որքան գումար է վճարվել իր, պետական պատվերի կամ ապահովագրական ընկերության կողմից:
Սա մեծապես կարեւորվում է նաեւ անհետաձգելի բժշկական օգնության անհրաժեշտության դեպքերում, երբ, օրինակ, հիվանդն անգիտակից վիճակում է եւ չի կարող տեղեկացնել՝ ինչ հիվանդություն ունի, ինչ հակացուցումներ կան եւ այլն։
Ծրագրի ներդրման հաջորդ փուլում քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան հերթագրվելու բժշկի մոտ իրենց տնից կամ ցանկացած այլ վայրից՝ առանց այցելելու բուժհաստատություն, մեկ այլ փուլում` տեսնելու գնացուցակները։

«Բուժհիմնարկներին մրցակցային առավելություն ունենալու հնարավորություն է տրվել։ Դիցուք, եթե որեւէ բուժհիմնարկ այսօր առցանց գրանցվելու հնարավորություն է տալիս, բնականաբար, շատ քաղաքացիների կողմից ավելի մեծ վստահության կարժանանա»,- ասում է նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը` շեշտադրելով, որ այս հարթակում յուրաքանչյուր քաղաքացի, գոնե իր մասով, կարող է լիովին վերահսկել պետական պատվերի շրջանակում ստացած բժշկական օգնությունը։

Հավելենք, որ անընդհատ զարգացող եւ ընդլայնվող համակարգն առկա հզորություններով մինչեւ տարեվերջ կսկսի աշխատել։ Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումները` համակարգում ապահովելով քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիները կկարողանան առցանց տեսնել, թե պետական պատվերի շրջանակում որտեղ կարող են օգտվել առաջնային բուժօգնության ծառայություններից։

 

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728