Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը հավաքարարներին անգամ ավել չի տրամադրել՝ քաղաքը մաքրելու համար

Փետրվար 03,2017 14:30

Կենտրոնի հավաքարարների գործով
ամբաստանյալները սկսել են ցուցմունք տալ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության տնօրենի՝ Արթուր Հովհաննիսյանի եւ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ մեղադրվում են նաեւ նրա եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, որը եղել է նախկինում այս նույն ընկերության տնօրենը, ինժեները, Արմեն Խաչատրյանը՝ փոխտնօրեն, Գագիկ Հարությունյանը՝ գլխավոր հաշվապահ, Հրայր Հակոբյանը՝ բրիգադիր, Ռոբերտ Խաչատրյանը՝ աշխղեկ, Սամվել Եղոյանը՝ աշխղեկ, Գարեգին Գասպարյանը՝ պահեստապետ՝ օժանդակող, ավտոհավաքակայանի վարիչ Միսակ Հարությունյանը, Տիգրան Հովհաննիսյանը՝ գլխավոր ինժեներ՝ օժանդակող, եւ Սամվել Պապոյանը՝ կադրերի պետ, օժանդակող:

«Կազմակերպված հանցավոր խմբի» գործով մոտ երկու հարյուր վկաների դատակոչելուց, նրանց գերակշիռ մասի ցուցմունքները լսելուց, հարցաքննելուց, հրապարակելուց հետո դատարանն այս շաբաթ սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը:
Այս գործով կա ընդամենը մեկ կին՝ ազգությամբ եզդի, յոթանասունամյա Գյուլիզար Շամոյանը, որին էլ «ասպետավարի» զիջեցին առաջինը ցուցմունք տալու հնարավորությունը:

Նախաքննության մարմինը Գյուլիզար Շամոյանին մեղադրում է, որ նա 2004-2013 թվականներին հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության աշխղեկ՝ «բրիգադիր», «խաբեությամբ, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով աշխղեկ Սամվել Եղոյանի հետ, 2008 թվականի ընթացքում ընկերության` իրենց կողմից ղեկավարվող բրիգադներում, որպես հավաքարարներ ձեւակերպված, սակայն փաստացի աշխատանքի չհաճախող անձանց տվյալներն ընդգրկելով յուրաքանչյուր ամսվա աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկագրերում, խաբեության եղանակով, խմբով հափշտակել է 29740991 ՀՀ դրամ: Ապա, ընդգրկվելով կազմակերպված խմբի կազմում, 2009-2013 թվականներին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 251197450 ՀՀ դրամ»:

Գյուլիզար Շամոյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա իրեն մեղավոր համարեց, որ աշխատել է հավաքարար:

Նա ասաց, թե ամենուր հավաքարարների պակաս կա. ամենքը չեն կարող գիշերվա ժամը երկուսից սկսած գնալ մութ ու վտանգավոր փողոցներ՝ դրանք մաքրելու համար: Նրանք, ովքեր համաձայնել են աշխատել, երբեմն ժամանակավոր են եկել, մի քանի ամսից աշխատանքից ազատվել են:

Գյուլիզար Շամոյանն ասաց, որ նման աշխատանքի դիմաց 29000 դրամ են հաճախ ստացել:

Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց իր կարգավիճակի վրա. «Ավագ հավաքարար» լինելը կամ ինչպես ընդունված էր իրենց կոչել՝ «բրիգադիր», չի նշանակել տնօրինել գումարներ, ընդունել կամ ազատել մարդկանց աշխատանքից, կանխիկ գումարների տնօրինել, այսինքն՝ «Ձեր իմացած ղեկավարը չեմ»:

Ըստ նրա, «Կենտրոն Մաքրություն» ընկերության հաստիքացուցակը նախատեսված էր հարյուր հիսուն անձի համար, մինչդեռ, տատանվել է աշխատողների թիվը՝ 99-112-ի վրա:
Գյուլիզար Շամոյանն ասաց, թե աշխատողների վճարման, որեւէ տարածք հավելյալ մաքրելու հետ կապված խնդիրը համաձայնեցված է եղել փոխտնօրենի՝ Արմեն Խաչատրյանի հետ:

Ընկերության բրիգադիրները գիտեին, թե ովքեր են «փոխարինողները»՝ «մեռած հոգիները», որոնք որոշակի աշխատատեղ մաքրելու դիմաց վճարվել են, իսկ գումարը մնացել է հաշվապահության գզրոցներում:

Այս ցուցմունքից, որը մնաց անավարտ եւ կշարունակվի գալիք երկուշաբթի, հասկանալի դարձավ նաեւ այն, որ պատվիրատու կազմակերպությունները՝ Երեւանի քաղաքապետարան, Կենտրոն համայնք, ընկերություն, լավագույնս տեղյակ են եղել մաքրողների, «մեռած հոգիների» ներգրավման մեխանիզմից, մաքրություն, որի համար պետությունն անգամ ավել չի տրամադրել:

Գյուլիզար Շամոյանն ունի շաքար, բարձր ճնշում, բազմաթիվ հիվանդություններ ձեռք է բերել գիշերային աշխատանքի պատճառով:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728