Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը՝ օպերայի նոր քաղաքականության մասին

Փետրվար 03,2017 14:00

Վերսկսված խաղաշրջանը պրեմիերառատ կլինի

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ամանորյա տոներից հետո 2016-17թթ. խաղաշրջանը շարունակելով, հունվարի 22-ին առաջին անգամ ներկայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայով: 2016-ը հաջողակ տարի էր թատրոնի համար. այն դարձավ միանգամից 2 խոշոր կազմակերպության՝ «Օպերա Եվրոպա» (որտեղ ընդգրկված է 110 թատրոն 33 երկրից) եւ «Ռուսաստանի երաժշտական թատրոնների ասոցիացիա» (45 երաժշտական թատրոն) անդամ:

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, որը օրերս է վերադարձել Երեւան: Եվ քանի որ թատրոնից նրա բացակայության պատճառը հետաքրքրում է մեր հանդիսատեսին, խնդրեցինք ներկայացնել այն: Մեր զրուցակիցը նախ ասաց, թե կարճ ժամանակով փետրվարի 8-ին հյուրախաղերի կմեկնի Մոնրեալ, ապա կվերադառնա եւ այստեղ կլինի մինչեւ խաղաշրջանի ավարտը: «Օրերս եմ վերադարձել Մեքսիկայից, որտեղ տեղի նվագախմբի եւ հանրահայտ մեցցո սոպրանո Էլինա Գարանչայի հետ մի քանի քաղաքներում ելույթներ ունեցանք:

Երեւանի թատրոնում Օրբելյանի առաջին բեմելը գալա համերգում (2016թ.):

Ինչ վերաբերում է մեր թատրոնում սպասվելիք պրեմիերաներին, դրանք իսկապես առատ են: Դրանք սկսվում են գարնանից: Վերջապես թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով կկայանա Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Խաչատրյանի նույնանուն բալետի պրեմիերան, այսպիսով աշխարհում մենք կլինենք միակ թատրոնը, որտեղ կյանքի կոչված կլինեն խաչատրյանական երեք բալետները՝ «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը»: Դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ կներկայացվի Բեթհովենի «Ֆիդելիոյի» համերգային կատարումը: Մարտի 17-ին ես կղեկավարեմ Չայկովսկի՝ մեծ գալա, որի ընթացքում առաջին բաժնում մեր մեներգիչների մեկնաբանմամբ կհնչեն արիաներ կոմպոզիտորի օպերաներից, իսկ երկրորդում՝ Հայաստանում առաջին անգամ, կկատարվի ռուս կոմպոզիտորի իսկապես հիասքանչ «Մոսկվա» կանտատը: Ապրիլին իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիքեյի բեմադրությամբ կներկայացվի «Ահեղ դատաստան» թատերականացված ներկայացումը՝ Վերդիի Ռեքվիեմի երաժշտությամբ: Լսել եմ, որ հանդիսատեսը ժամանակին ջերմ է ընդունել Դոնիցետիի «Պողիկտոս» օպերան Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ, որտեղ ռեժիսորի հետ աշխատել է մեր բալետային արվեստի երախտավորներից Ժաննա Թամիզյանը: Վերջինս եւ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կվերականգնեն հիշյալ օպերան, որում ընդգրկված է ճանաչված սոպրանո Անահիտ Մխիթարյանը»,- հայտնեց մաեստրո Օրբելյանը: Հավելեց նաեւ, որ Լիտվայի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ինքը համաձայնություն է ձեռք բերել մի քանի օպերաների՝ Վերդի՝ «Էրնանի», Վագներ՝ «Լոնգրին», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին» եւ Յոհան Շտրաուս որդու «Չղջիկը» ներկայացումների դեկորներով ու զգեստներով, իհարկե, մեր արտիստների մասնակցությամբ, Երեւանում բեմադրել դրանք:

Կոնստանտին Օրբելյանը եւ Էլինա Գարանչան:

Անցյալ տարվա աշնանը Պուչինիի «Տոսկայի» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) երեւանյան բեմադրության հաջողությունից հետո մեզ հետ զրույցում օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյանն առանց մանրամասնելու ասել էր, որ թատրոնի խաղացանկային յուրաքանչյուր ներկայացում պետք է լինի բարձրարվեստ, եւ միայն այդկերպ կարելի է ունենալ նաեւ արտասահմանցի հանդիսատես:

Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեցինք՝ հասցրե՞լ է դիտել խաղացանկային բոլոր ներկայացումները եւ դրանք գոհացնո՞ւմ են իրեն: Պարոն Օրբելյանը պատասխանեց. «Դժվար է միանշանակ խոսել այդ թեմայով: Օրինակ, Վերդիի «Աիդան» ակնահաճո է, բայց մեկ ներկայացում խաղալու համար 5 օր է անհրաժեշտ դեկորների տեղադրման, մի այդքան էլ՝ հավաքելու համար: «Տրուբադուրին», «Տրավիատային», իմ կարծիքով, անհրաժեշտ են «կոսմետիկ» շտկումներ: Օրերս կդիտեմ «Կարմենը», իսկ, ասենք՝ Բելինիի «Նորման» հանված է խաղացանկից, եւ այլն: Ինձ բավարարում են «Սպարտակ» եւ «Գայանե» բալետային ներկայացումները: Կհասնեմ նրան, որ անպայման Երեւանում բեմադրվեն Չայկովսկու «Կարապի լիճը» եւ «Քնած գեղեցկուհին» բալետները, որոնք անպակաս են նշանավոր թատրոնների խաղացանկերից…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728