Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Կյանք ու կռիվը» նման ամերիկյան «Չորս փետուրին»

Փետրվար 03,2017 13:30

Կամ՝ ինչպես լինել օրիգինալ

Ամերիկյան «Չորս փետուր» (The Four Feathers) ֆիլմը Շեկհար Կապուրը նկարել է 2002-ին: Գլխավոր հերոսը՝ Հարին (Հիթ Լեջեր), որ բրիտանական արքայական բանակի սպա է, սիրած աղջիկ ունի՝ Էտնին (Քեյթ Հադսոն): Իրադարձություններն այնպես են զարգանում, որ նա բրիտանական բանակի այլ զինվորների հետ պետք է մեկնի Սուդան՝ ճնշելու Խարթումում բռնկված իսլամիստների ապստամբությունը: Բայց Հարին չի ցանկանում թողնել սիրած աղջկան, նա ոչ միայն հրաժարվում է ընկերների հետ պատերազմ մեկնել, այլեւ ընդհանրապես հեռանում է զինվորական ծառայությունից: Բոլորը նրան մեղադրում են վախկոտության մեջ՝ ընկերները, հայրը, սիրած աղջիկը, հարազատները… Իսկ երիտասարդն իսկապես վախենում է մահից, փափկասուն կյանքի վայելքներից անմասն մնալուց, նրա այդ քայլը չի արդարացնում սիրած աղջիկը: Վերջինիս հետ ծանր խոսակցության ժամանակ Հարիին մի նամակ են բերում՝ ծրարի մեջ չորս փետուր: Դրանք անպատվություն ու վախկոտություն են խորհրդանշում:

Մինչ Հարին հրաժարվում է զինվորական ծառայությունից, նրա ընկերները սխրանքներ են գործում Սուդանում՝ հանուն հայրենիքի: Քանի որ ի վերջո բոլորը երես են թեքում Հարիից, սիրած աղջիկն էլ նախապատվությունը տալիս է նրա ընկերոջը, հերոսն անպատվությունից փրկվելու համար մեկնում է պատերազմ: Փաստորեն, ամերիկյան «Չորս փետուր» ֆիլմի որոշ գծեր կրկնվում են Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որ կինոշուկայում հայտնվել է 2016-ին: Հայկական ֆիլմում էլ 4 ընկերներ են, այնտեղ էլ հերոսը՝ Տիգրանը (Սամվել Թադեւոսյան), ի հեճուկս իրեն վախկոտ կոչողների, ի վերջո պատերազմ է գնում: «Դու ամեն ինչից վախենում ես. երկրից գնալուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, սեր խոստովանելուց վախենում ես: Դու հիմարություն էլ չես անում, գոնե մի բան արա՛, վախենալով արա, բայց վախենալով մի՛ ապրի»,-նրա երեսին նետում է պապը (Դավիթ Հակոբյան): Չէ՞ որ Տիգրանը «Չորս փետուրի» Հարիի նման խուսափել էր զինվորական ծառայությունից ու նախընտրել գյուղական ուսուցչությունը՝ իբրեւ բանակից ազատվելու այլընտրանք: Մհեր Մկրտչյանի ֆիլմում էլ հերոսի սիրած աղջիկը բաժին է հասնում հերոսի ընկերոջը: Այ քեզ զուգադիպություն:

Ֆեյսբուքյան մի օգտատեր օրերս անդրադառնալով այդ նմանություններին, գրել էր, որ մենք չենք փայլում օրիգինալությամբ:

Հասկանալի է, որ կան թափառիկ սյուժեներ, բայց փաստն այն է, որ Կապուրն ավելի շուտ է նկարել իր ֆիլմը՝ հայկականից: Նա հաստատ մեզանից ոչինչ չի «թխել»:
Իմիջիայլոց՝ օրիգինալության մասին:

Պատերազմի մասին ֆիլմերում պարտադիր չէ, որ արյուն լինի, դիակներ, կտրված գլուխներ ու ճայթող մահաբեր զենքեր, ինչպես հանդիպում է հայկական ֆիլմերում:
Օրինակ, 2016թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին մասնակցում էր բուլղարուհի Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ֆիլմը՝ ներշնչված իրական պատմությունից, որը բոսնիական պատերազմի մասին էր: Սակայն պատերազմական ոչ մի դրվագ չկար ֆիլմում, որեւէ կրակոց ու կտրված գլուխ չերեւաց, բայց զգում էիր արհավիրքի ողջ դաժանությունն ու դրա անդրադարձը մարդկային խեղված ճակատագրերի վրա: Միայն մի դրվագը բավական էր ռեժիսորի նրբանկատության մասին գաղափար կազմելու համար՝ քրիստոնյա եւ մահմեդական ամուսինների աղոթքի պահը: Պատերազմի պատճառով որդուն կորցրած մահմեդական կինն իր նամազից հետո քրիստոնյա ամուսնուն խնդրում է աղոթել ու խաչակնքվել, տառապած ամուսինը անդրդվելի է: Կինը վերցնում է ամուսնու ձեռքը եւ ամուսնու ձեռքով խաչակնքում նրան: Սա սիրո բարձրագույն արտահայտություն է, որտեղ ռասան, կրոնը ու համոզմունքները կապ չունեն: Ու սեր ցույց տալու համար պարտադիր չէ անկողին նկարել, ինչպես պատերազմի դեպքում՝ հրանոթ ու կործանիչ…

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռեժիսորը ինչ?անի՝ամբողջը ,,ամերիկանացրել ենք,,այլ լեզու այլևս չենք հասկանում:Անունները՝Նիկ,Տիկ,Ան,սյուրպրիզը՝սուրպրայզ…:Ինքն էլ հայ է չէ?,ձեզ կարելի է իրեն չի?կարելի….

  2. Մանե says:

    Բայց վատ ֆիլմ չէր, թեպետ գլխավոր դերակատարը բնական էր խաղում, բայց պարզունակ բան կար մեջը: Հուզիչ տեսարաններ կային, բայց շատ էր ռամկացած ներկայացված հասարակությունը: Սամվել Թոփալյանը տեղում չէր, սխալ ընտրություն էր կատարված: Անի Խաչիկյանն էր լավ, զուսպ: Ափսոս, որ երկրորդ մասն ավելի թույլ էր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728