Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականը հիմնականում երիտասարդ ծանրորդների փորձարկման տարի է լինելու

Փետրվար 03,2017 13:00

Երեկ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Կանանց պայքարին մասնակցեց 15-ից բարձր տարիք ունեցող 27 մարզուհի: Նրանք ընդգծված առաջատարներ Նազիկ Ավդալյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի բացակայությամբ չեմպիոններին որոշեցին ութ քաշային կարգերում (մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ կանանց ծանրամարտում ավելացվել է մեկ քաշային կարգ՝ 90 կգ):

Հայաստանի 2017 թվականի չեմպիոնններ դարձան. 48 կգ. Տանզելյա Գրիգորյան՝ երկամարտի 95 կգ, 53. Վալենտինա Մովսիսյան՝ 116 կգ, 58. Աննա Գովելյան՝ 151 կգ, 63. Իզաբելա Յայլյան՝ 192 կգ, 69. Լիանա Գյուրջյան՝ 166 կգ, 75. Սոնա Պողոսյան՝ 217 կգ, 90. Տաթեւ Հակոբյան՝ 213 կգ եւ +90. Արփինե Դալալյան՝ 205 կգ:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը առաջատարների բացակայությունից չի նեղվում, քանի որ ըստ նրա, հետօլիմպիական 2017 թվականը այսպես թե այնպես՝ լինելու է երիտասարդ, խոստումնալից պատանիների ու երիտասարդների հայտնաբերման տարի: «Նազիկ Ավդալյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել՝ մնո՞ւմ է մեծ սպորտում, թե՞ ոչ, իսկ Հռիփփսիմե Խուրշուդյանը թեեւ իր համար անհատական ծրագրով մարզվում է, բայց առայժմ մրցումների մասնակցելու իրավունք չունի, քանի դեռ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից նրա հետագայի մասին որեւէ որոշում չկա: Ինչ վերաբերում է այսօրվա արդյունքներին, դրանք ընդհանուր առմամբ այն չեն: Այդպես էլ պետք է լինի՝ տարին դեռ նոր է սկսվել:

Բացի դա, անցած մրցաշրջանում հավաքականի որոշ անդամներ վնասվածքներ ունեն ու մեր նպատակը նրանց ամբողջական ապաքինումն է, որպեսզի եկող տարի արդեն լավ մարզավիճակում լինեն եւ կարողանան 2018 եւ 2019 թթ. աշխարհի առաջնություններում օլիմպիական վարկանիշային միավորներ բերել մեր ընտրանուն», – ասաց Արտաշես Ներսիսյանը:


Այսօրվանից մրցահարթակը տրամադրվելու է տղամարդկանց: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը թեեւ հետեւելու է իրեն հետաքրքրող մի քանի ծանրորդի, սակայն չի շտապում կանխագուշակել հանրապետության առաջնությունում ակնկալվելիք արդյունքները, առավել եւս՝ խոսել առանձին մարզիկների եւ հավաքականի ապագա կազմի մասին: «Ես ոչ ոքի հավաքական չեմ ընդգրկում կամ հանում: Ծանրորդներն իրենք են դա անում իրենց արդյունքներով, մարզավիճակով ու գործին ճիշտ, պատասխանատու մոտեցումով: Սակայն մի քանի երիտասարդներ պետք է որ կարողանան տոն տալ պայքարին: Կարող են անակնկալներ էլ լինել: Տեսնենք», – ասաց մասնագետը:

Պարոն Ալավերդյանի խոսքերով, անցած տարի աչքի ընկած ծանրորդներից մի քանիսն այս առաջնությանը չեն մասնակցի, որովհետեւ պատշաճ մարզավիճակում չեն: Նա նույնպես սերնդափոխությունն աչքի առաջ ունենալով այս ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում ավելի շատ պահում է երիտասարդությանը՝ իհարկե, մեծերին չանտեսելով: «Այս տարի, կասեի նաեւ՝ 2018 թվականին, իմ գլխավոր խնդիրը նոր հավաքական թիմ ձեւավորելն է: Հենվելով հնի վրա՝ պետք է նորը ձեւավորել: Հիմնական երեք-չորս ծանրորդների կողքին պետք է հույս ներշնչող երիտասարդներից էլ ընդգրկենք, մի քանի անգամ փորձարկենք տարբեր մրցաշարերում: Եվ եթե տեսնենք, որ պիտանի են, սկսենք նախապատրաստվել 2020 թվականի օլիմպիական խաղերին», – ասաց Փաշիկ Ալավերդյանը: Հաջողության բանալին նա տեսնում է ինչպես իր, այնպես էլ բոլոր մարզիչների ձեռքում, որոնց ճիշտ աշխատանքից է շատ բան կախված ու մրցակցություն է լինում: «Ես պատասխանատվությունը իմ ու մարզիչների վրայից չեմ գցում: Եթե անձնական մարզիչը լավ ծանրորդ է աճեցնում եւ մարզչական խորհուրդը որոշում կայացնում, ապա տվյալ մարզիկը վատ լինել չի կարող, որովհետեւ նրա կողքին մեկ ուրիշը կա: Ծանրորդները միշտ զգալու են կողքինի շունչը», – ասաց նա:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728