Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկության տարիներին քիչ խաղացած, քիչ շփված երեխաներն ունենում են միայնակության զգացում

Փետրվար 03,2017 12:30

Նրանք կյանքի դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում

Մանկությունը մարդու ամենակարեւորագույն փուլն է, եւ ծնողները, որքան հնարավոր է, այն պետք է լցնեն սիրով ու ջերմությամբ: Այս մասին բազմիցս նշում են հոգեբանները: «Առավոտի» հետ օրեր առաջ երեխայի վարքի եւ ծնող-երեխա ֆիզիկական շփման մասին զրուցել էր «Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Շարունակելով այդ թեման, հոգեբանը նշեց՝ կան երեխաներ, որ խրախուսելով, մոտիվացնելով կարելի է հասցնել շատ դրական արդյունքի: Հետագայում նման երեխաները, ըստ մասնագետի, ավելի ինքնավստահ են լինում սեփական ուժերի նկատմամբ. «Չարած բանի համար գովելը այդքան էլ խրախուսելի չէ, բայց տեսնելով մի փոքր լավը, խրախուսել դրա համար, շատ կարեւոր բան է: Չպետք է մոռանալ, որ միայն արարքը չէ, որ արժանի է գովեստի եւ միայն դրանով չէ, որ երեխայի հետ հարաբերությունների մեջ պետք է մտնել: Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ամեն ինչից՝ սիրում ենք մեր երեխային, նա թանկ է մեզ համար, շնորհակալ ենք, որ նա կա մեր կյանքում ու բառերով ասելը օրվա մեջ մի քանի անգամ՝ շատ կարեւոր է»:

Բացի ասելը, հոգեբանը նշեց, որ պետք է համբուրել, գրկախառնվել, սեղմել կրծքին, որքան հնարավոր է ջերմ վերաբերմունք ցույց տալ. «Գրկախառնությունից երեխան ստանում է կյանքի դրական էներգիա, կենսուրախություն եւ ինչքանով այն շատ պահպանվի, այնքան այն ամենադրական արդյունքը կտա: Սա կապ ունի, թե երեխան ինչ ընտանիքում է մեծացել. եթե երեխային փոքր ժամանակ մայրը, հայրը այդքան մեծ նշանակություն չեն տվել, ապա նա մեծ դժվարությամբ է գնում այդ քայլին: Իր համար այդ սահմանը միշտ փակ է»:

Ծնողների՝ պայմանական եւ ոչ պայմանական հոգեբանական վերաբերմունքը երեխաների նկատմամբ, Լիլիթ Խաչատրյանն ասաց. «Երբ երեխային ասում ես՝ դու լավն ես, ես քեզ սիրում եմ, որովհետեւ խաղալիքը չես կոտրում, դպրոցում լավ գնահատական ստացար, որ հյուր գնացինք, դու քեզ լավ պահեցիր, ապրես, սա պայմանականն է՝ պայմանը կա ու ծնողի մոտեցումը կա: Երբ ծնողը երեխային ընդունում է ուղղակի, որ երեխան կա, գոյություն ունի այդ ընտանիքում, անկախ իր կատարած գործողություններից՝ շատ թանկ է ու կարեւոր ծնողի համար, սա՝ ոչ պայմանական: Ու պետք է ծնողները հասնեն նրան, որ ոչ պայմանականը կարողանան պահել, որովհետեւ, երբ հետագայում ոչ պայմանականը չի լինում, երեխան իրեն սիրված, կարեւորված չի զգում ինչ-որ կարեւոր բան անելուց, նա իր «ես»-ը գնահատված չի զգում: Որով էլ հետագայում տարբերվում է թույլ եւ ուժեղ մարդ տեսակը»:


Հոգեբանության տեսանկյունից հուզազգայական կապը շատ կարեւոր է, եւ այն հիմնականում ձեավորվում է մոր եւ երեխայի միջեւ: Հոգեբանը նաեւ առանձնացրեց այն հանգամանքը, որ երեխայի կենսաբանական կապը միայն մոր հետ է եւ նույնիսկ տատիկի ներկայությունը չի կարող լրացնել: Դայակի առկայության դեպքում, այն առավել եւս բացակայում է. «Պետք է հիշել, որ առաջնային խնամքը միայն մորն է, երեխան աշխարհը ճանաչում է մոր հետ հուզական կապի միջոցով, առաջին անգամ ժպիտ տեսնում է մոր դեմքին, սկսում է ժպտալ մոր միջոցով, հույզերը զգալ մոր միջոցով: Նույնիսկ դայակի առկայության դեպքում էլ մայրը պետք է հիշի, որ երեխայի խնամքով զբաղվեց մեկը, բայց երեխայի հուզական կապի ստեղծումը իրենն է: Մայրը պետք է գոնե օրվա վերջում ժամանակ հատկացնի՝ երեխայի հետ հաստատի այդ հուզական կապը, նրա հետ անցկացնի գոնե 2 ժամ, երեխան պատմի մորը իր ուրախությունը, գանգատները, երեխան էլ անհամբեր սպասի մորը, որ պատմի դրանք»:


Մասնագետը եւս մեկ անգամ ծնողներին հիշեցրեց, որ երեխայի առաջատար գործունեությունն է խաղը ու ծնողները պարտադիր մի քանի ժամ պետք է անկեղծորեն խաղի մեջ մտնեն երեխաների հետ՝ թողնելով իրենց հոգսերը. «Երեխան աշխարհը ճանաչում է միայն խաղի միջոցով: Ինչպես մեծահասակների համար է կարեւոր աշխատել, նույնիսկ տանը՝ զբաղվելով տան մաքրությամբ, այնպես էլ երեխան պետք է անպայման խաղա, որին պետք է մասնակցի ծնողը: Այն երեխաները, որոնք մանկության տարիներին շատ են խաղացել, շփվել են, տարբերվում եմ այն երեխաներից, որոնք ծնողական որեւէ միջամտության չեն արժանացել, չեն խաղացել ծնողների հետ: Այսպիսի երեխաները ունենում են միայնակության զգացում եւ կյանքում դժվարություններն ավելի բարդ են հաղթահարում»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728