ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ յոթանասուներորդ
Կարդացեք նաև
ՄԱՆՐՄՈՒՆՐ ԲԱՆԵՐ
Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «համենայն դեպս, քեզնից շատ շնորհակալ եմ», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ինձնի՞ց ինչի եք շնորհակալ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «շնորհակալ եմ, որ վրես թազա շառ չես անում», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ի՞նչ թազա շառ», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «կարայիր ասեիր, որ ձեր էդ խառոշի Ֆելոն ղառի կառոլին Փափազ ա ասել, ես էլ գլխով համաձայնության նշան եմ տվել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ըտենց բան չի էղել, ո՞նց կարամ ըտենց բան ասեմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էն մյուս ասածդ էլ վայ թե չի էղել», եւ Ֆելոն հարցրեց՝ «ո՞ր ասածս», եւ Ֆրունզիկն ասաց՝ «էդ որ ասում ես՝ Ուստա Հակոբն ասել ա, որ Հրաչը Փափազից մեծ ա, ես էլ գլխով համաձայնության նշան եմ տվել», եւ հայրս ասաց՝ «ես ասել եմ, որ ժողովուրդը Հրաչյա Ներսիսյանին ավելի ա սիրում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իմ կարծիքն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «իրավունք չունե՞մ իմ կարծիքն արտահայտեմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրավունք ունես», եւ հայրս արհամարհական նայեց Ֆելոյին ու ասաց՝ «մերսի, որ իրավունք ես տալիս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «էդ հարցում իմ կարծիքը քո կարծիքի հետ մեկին մեկ բռնում ա», եւ հայրս արհամարհական նայեց Ֆելոյին ու քմծիծաղով ասաց՝ «շա՜տ շոյված եմ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ հարցում ընկեր Ֆրունզե Մկրտչյանի կարծիքն էլ ա մեր կարծիքի հետ մեկին մեկ բռնում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ո՞ր հարցում», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Փափազի ու Հրաչի հարցում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ընենց ես Փափազ ու Հրաչ ասում՝ կարծես հարուր տարվա ընկերներդ են», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «սաղ ժողովուրդն ա իրանց Փափազ ու Հրաչ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ժողովուրդը ձեզ էլ Ֆրունզ ա ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «կամ Ֆրունզ են ասում, կամ՝ Ֆրունզիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ ոք Ֆրունզե չի ասում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ հաջող անուն ըլներ, երեւի կասեին», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «ժողովուրդը ձեզ էնքան ա սիրում, որ ձեր խաթեր նույնիսկ ձեր անհաջող անունն ա սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ չեք նեղանա՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասա», եւ Ֆելոն ամոթխած ժպտալով ասաց՝ «ժողովուրդը ձեզ ու Հրաչյա Ներսիսյանին համարյա հավասար ա սիրում», եւ Ֆրունզիկն անակնկալի գալով՝ զարմացած նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ասածիցդ Հրաչյա Ներսիսյանը պիտի նեղանա, ոչ թե՝ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ինքն էդ տեսակ մանրմունր բաներից չի նեղանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ ինքը մեծատառով մարդ ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «Փափազյանն ըտենց մանրմունր բաներից նեղանում ա՞», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա՝ նեղանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Փափազյանի համար դրանք մանրմունր բաներ չեն» եւ մի քիչ էլ մտածեց ու քթի տակ խնդալով ավելացրեց՝ «իրան որ ասես, որ Ուստա Հակոբի ասածին գլխով համաձայնություն եմ տվել, կարող ա հետս հուրհավիտյան թարսվի», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ես Փափազին որտե՞ղ պիտի տեսնեմ, որ ասեմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը մեր արհեստանոց չի գալիս», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքն էս տեսակ հասարակ տեղեր չի գալիս»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: