Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանդ Մարգարեան. «Այն կարծիքը, թէ Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը, մահացու սխալ է»

Փետրվար 02,2017 16:54

ՀՅԴ Բիւրոյի ՀՅԴերկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` ՀՅԴ-ի 126- ամեակի պէյրութի ժողովրդային տօնակատարութեան

Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցութեան միջոցները, դրանց տարածուածութիւնը բոլորին հնարաւորութիւն են տալիս ամէն օր հետեւելու մեզ, ամէն օր անդրադառնալու մեր գործին եւ մեր գործունէութեանը: Այլ խօսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք կարող էք ամէն օր կարդալ, քննարկել եւ դատել: Սակայն, խուսափելու համար ընդհանուր խօսակցութիւններից եւ կրկնութիւններից, այսօր ես ուզում եմ բացառապէս անդրադառնալ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի յառաջիկայ ընտրութիւններին:

Գուցէ զարմանալի լինի, որ այս առումով մեր առաջին ելոյթը ունենում ենք Լիբանանում, բայց հաւատում եմ` այս ընտրութիւններն ունեն համահայկական կարեւորութիւն եւ նոյնքան, որ կարող են հետաքրքրել Հայաստանի ժողովրդին եւ բնակչութեանը, կարող են եւ պէտք է հետաքրքրեն համայն հայութեանը:

Իւրայատուկ պայմաններում են այս ընտրութիւնները տեղի ունենում. մենք պատերազմական վիճակում ենք դարձեալ: Ամէն օր կարող են լայնածիր պատերազմական գործողութիւններ սկսուել: Ինչո՞ւ եմ շեշտում սա: Շեշտում եմ, որովհետեւ ամէն մէկ ընտրութիւն իր հետ բերում է լարուածութիւն, եւ ամէն մէկ լարուածութիւն կարող է ցնցումի վերածուել, իսկ ամէն մէկ ցնցում կարող է արտաքին թշնամու համար նոր ոտնձգութեան ախորժակ բացել:

Նախ կարեւոր է, շատ կարեւոր, որ Հայաստանի քաղաքական դաշտի պատասխանատուների, առաջին հերթին իշխանութեան կողմից, ապա նաեւ բոլոր քաղաքական ուժերի կողմից, լինի գիտակցութիւն, որ այս պայքարը, այս մրցակցութիւնը չպէտք է վերածուի թշնամանքի եւ առճակատման:

Երկրորդ. ամբողջ տարածաշրջանը վայրիվերումների մէջ է, լարուած է վիճակը: Միջազգային ազդեցութեան դաշտերի բաժանում եւ վերաբաժանում է տեղի ունենում: Այս պայմաններում մեծ է լինում արտաքին միջամտութիւնների հաւանականութիւնը: Արտաքին միջամտութիւնները յաճախ տեղի են ունենում` ներքին խնդիրները պատրուակելով, յաճախ տեղի են ունենում` ներքին խնդիրներն օգտագործելով: Այլ խօսքով` արտաքին միջամտութիւնները կարող են մեր երկրում աւելի դերակատար դառնալ` հայ մարդուն, հայ քաղաքական ուժը օգտագործելով: Եւ այս առումով եւս մենք ունենք խնդիր, որ այս ընտրութիւնների ժամանակ չստեղծենք առիթներ ու պատրուակներ արտաքին միջամտութեան համար:

Երրորդ. այս ընտրութիւնները տեղի են ունենում նոր պայմանների մէջ` մենք Հայաստանում նոր սահմանադրութիւն ենք ընդունել, սահմանադրութիւն, որն այս ընտրութիւններով պէտք է իրագործուի, սահմանադրութիւն, որն այս ընտրութիւններով պէտք է իրականութիւն դառնայ, սահմանադրութիւն, որով համակարգային փոփոխութիւն է, տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրութիւն, որ պէտք է գայ արմատախիլ անելու բացասական երեւոյթները Հայաստանի քաղաքական կեանքում: Եւ այս ընթացքն է, որ պէտք է անխափան լինի: Յետդարձ չպէտք է տեղի ունենայ:

Մենք, իբրեւ հայկական իրականութեան մէջ պատասխանատու կազմակերպութիւն, մասնակցելու ենք այս ընտրութիւններին: Մասնակցելու ենք` ունենալով ելակէտային որոշ պայմաններ: Մենք անցած ժամանակաշրջանում համագործակցել ենք թէ ընդդիմութեան հետ, թէ իշխանութեան հետ: Երկու պարագայում էլ այդ համագործակցութիւնը ինքնանպատակ չի եղել, երկու պարագայում էլ այդ համագործակցութիւնը եղել է յանուն Հայաստանի եւ մեր կողմից յայտարարուած նպատակների: Եւ կարեւորն ինչ է` երկու պարագայում էլ նոյն նպատակների յայտարարումով է տեղի ունեցել այդ համագործակցութիւնը: Այլ խօսքով` մենք ունենք բոլորի հետ համագործակցելու, աշխատելու հնարաւորութիւն: Մենք կաշկանդուած չենք, մենք ազատ ենք այդ առումով, եւ դա, ես կարծում եմ, կարեւոր յատկանիշ է մեզ համար: Իշխանութիւնների հետ մեր համագործակցութեան արդիւնքում նոր սահմանադրութիւն է ստեղծուել, որի արդիւնքում նոր ընտրական օրէնսգիրք է ընդունուել, որի հետ համաձայնել են Հայաստանի բոլոր, գրեթէ բոլոր քաղաքական ուժերը` թէ՛ ընդդիմադիր, թէ՛ իշխանական: Մեր համագործակցութեամբ դրել ենք մի նոր սկիզբ Հայաստանի պետական կեանքում: Նոր կառավարութիւն է ձեւաւորուել, քատրային լայնածիր փոփոխութիւններ են տեղի ունեցել: Իրականութեան մէջ` նոր սկիզբ կայ, յոյսի դուռ է բացուել, զարգացման կարելիութիւն է ստեղծուել, մթնոլորտ կայ այս առումով: Այս իմաստով առկայ է նաեւ մտահոգութիւն, որ որոշ նախկին պաշտօնեաներ, ինչ-ինչ շահերից ու մտահոգութիւններից ելնելով, փորձում են համախմբուել, կազմակերպուել, փորձում են վրէժի դուրս գալ, որպէսզի այդ յոյսը խամրի, որպէսզի վերադարձ տեղի ունենայ դէպի անցեալ: Եւ այս առումով ես պէտք է յստակ յայտարարեմ, յենուելով մեր ժողովրդի վրայ` մենք ընթանալու ենք յոյսի եւ զարգացման ճանապարհով:

Ելակէտային յատուկ պայմանների մէջ ենք յայտնուել, նաեւ ընտրական օրէնսգրքի առումով, որով առաջին անգամ, որդեգրուած է 100 տոկոս համամասնական ընտրակարգ, առաջին անգամ կոնսենսուսով` համախոհութեամբ է ընդունուել, բոլոր քաղաքական ուժերի մասնակցութեամբ եւ համաձայնութեամբ: Եւ սա մեր տարիների աշխատանքի, պահանջների, առաջարկների ամբողջութիւնն է, որ Ընտրական նոր օրէնսգիրք է դարձել: Սակայն այստեղ պէտք է նշեմ, որ այս համակարգի մէջ որդեգրուել է նաեւ չափաստիճանային ընտրակարգ, որի շուրջ մենք այսօր ունենք լուրջ մտահոգութիւն: Չափաստիճանային տարբերակը լրջօրէն վտանգում է համամասնական ցուցակով ընտրութիւնների էութիւնը, բայց ընդհանրութեան մէջ կայ առաջընթաց եւ զարգացում:
Ինչպէս բոլոր ընտրութիւնները, այս ընտրութիւններն էլ ունեն իրենց վտանգաւոր կողմերը: Ճիշդ է, որ այս նոր Ընտրական օրէնսգրքով գրեթէ կամ ամբողջութեամբ բացառուել է հնարաւորութիւնը ընտրատեղամասերում կեղծիքներ կատարելու, լցոնումներ անելու, սակայն դեռ մնում են հնարաւորութիւնները փողի, ընտրակաշառքի, լծակների օգտագործման եւ ամբոխավարութեան առումով: Մենք ի վիճակի չենք այս հնարաւորութիւնները օգտագործել: Մենք փող չունենք ընտրակաշառք բաժանելու եւ դէմ ենք դրան, մենք լծակներ չունենք մարդկանց վրայ ճնշում բանեցնելու, վախեցնելու, ահաբեկելու, յանցագործ աշխարհին մղելու, որ դերակատար դառնայ: Մենք այս հնարաւորութիւնները չունենք եւ լաւ է, որ չունենք: Մենք չունենք նաեւ ամբոխավարութեան հնարաւորութիւնը: 25 տարի է, որ Հայաստանում ենք, եւ չի եղել, որ մի բան յայտարարած լինենք, որն իրագործած չլինենք, չի եղել, որ մի բան յայտարարած լինենք, բայց դրա համար հետեւողական պայքար մղած չլինենք: Մենք վաստակ ունենք, կենսագրութիւն ունենք, որ 126 տարուայ կեանք ունի եւ, այս ընտրութեամբ էլ ոչինչ չի աւարտւում, եւ մեր ընթացքը պէտք է շարունակուի դէպի ապագայ: Մենք ամբոխավարութեան ազատութիւն չունենք կամ, աւելի ճիշդ, ամբոխավարութեան համար անհրաժեշտ անպատասխանատուութիւն չունենք:

Մենք գնում ենք ընտրութիւնների, որպէսզի Հայաստանի համար ապահովենք համընդհանուր զարգացման կարելիութիւն:

1. Հայաստանում համընդհանուր զարգացման կարելիութիւն ստեղծելու համար անհրաժեշտ է արդարութիւն, անհրաժեշտ է, որ արդարութիւն հաստատուի: Զարգացման համար անհրաժեշտ է, որ ժողովրդի մէջ միասնականութիւն լինի: Իսկ եթէ մի տեղ անարդարութիւն կայ, այնտեղ կայունութիւն չի լինի, եթէ մի տեղ անարդարութիւն կայ, այնտեղ ազգային միասնականութիւն չի լինի:

Դաշնակցութիւնն այն կազմակերպութիւնն է, որը միշտ եւ ամէնուր դէմ է եղել բոլոր տեսակի անարդարութիւններին` անկախ այն բանից, թէ այդ անարդարութիւնն ում կողմից եւ ում դէմ են ուղղուած: Եւ, վերջապէս, մենք Հայաստանի մէջ գործող միակ քաղաքական ուժն ենք, որ հաւատում ենք սոցիալական արդարութեանը: Մենք ընկերվարական կուսակցութիւն ենք: Այս առումով տարբերւում ենք բոլորից եւ հետամուտ ենք լինելու Հայաստանում սոցիալական արդարութեան հաստատմանը: Արդար Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

2. Ներազգային ճակատում մեզ պէտք է համերաշխութիւն եւ հանդուրժողականութիւն, մեզ պէտք է ազատութիւն եւ ժողովրդավարութիւն: Ազատ Հայաստանն է, ժողովրդավար Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

3. Հայաստանը, հակառակ որոշների կարծիքին, շատ աւելի անվտանգ է, շատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի զարգանալու Արցախի հետ միաւորուած: Եւ այն կարծիքը, թէ Արցախը խանգարում է Հայաստանի զարգացմանը, մահացու սխալ է: Մահացու սխալ է, որովհետեւ երբեք նահանջը, զիջումը չի կարող բերել զարգացման: Եւ Արցախով միաւորուած Հայաստանն է, որ կարող է զարգացում ապրել:

4. Պատերազմը չարիք է, բայց պատերազմը կանխելու համար պէտք է միշտ պատրաստ լինել պատերազմի: Մեր ունեցած միջոցները սակաւաթիւ են, մեր ունեցած հնարաւորութիւնները փոքր են: Մենք պէտք է օգտագործենք այնպիսի կազմակերպական վիճակներ, որ մեզ բերեն առաւելութիւններ: Եւ ազգ-բանակ հասկացողութիւնը կամ համաժողովրդական բանակ հասկացողութիւնը, որի փորձը հայկական իրականութեան մէջ առաջին հերթին եւ միայն ունեցել է Դաշնակցութիւնը: Այո՛, մենք պարտաւոր ենք ազգովի կազմակերպուել իբրեւ բանակ, մենք պարտաւոր ենք կազմակերպուել այնպէս, որ ամբողջութեամբ թեւ ու թիկունք լինենք բանակին: Մենք այլ ելք չունենք: Որպէսզի պատերազմ չունենանք, որպէսզի կարողանանք խուսափել պատերազմից, որովհետեւ դա չարիք է, ազգովի պէտք է դառնանք բանակ: Սա է մեր ելքը, մեր փրկութիւնը: Ուժեղ, հզօր բանակով է, որ Հայաստանը կարող է զարգանալ:

5. Արտագաղթը չարիք է, արտագաղթը մեր երկիրը վտանգելու աստիճան արդէն մտահոգիչ երեւոյթ է, սակայն արտագաղթի խնդրում աւելի բացասական երեւոյթ է երիտասարդութեան արտագաղթը: Արտագաղթին տուն տուող պատճառները բազմաշերտ են, բայց այսօրուայ իմ խօսքի տրամաբանութիւնը թոյլ չի տալիս, որ բոլոր այդ շերտերին բազմակողմանի անդրադարձ ունենանք: Սակայն կարող եմ մի բան յստակ ասել` ամէն տարի շատ երիտասարդներ աւարտում են իրենց զինուորական ծառայութիւնը եւ դուրս են գալիս կեանքի ասպարէզ: Նրանք իրենց կեանքը կազմակերպելու խնդիր ունեն եւ նրանք առաջին փորձերն անում են Հայաստանում այդ կեանքը կազմակերպելու համար: Եւ, երբ չեն կարողանում, փորձում են արտագաղթել: Իսկ արտագաղթող երիտասարդների հետեւից արտագաղթում են նաեւ ընտանիքները: Մենք պարտաւոր ենք, մենք ունենք համապատասխան ծրագիր, որ իբրեւ պետութիւն պարտաւոր ենք ամէն տարի զօրացրուող երիտասարդի կողքին կանգնել, որպէսզի նրան ապահովենք արժանավայել աշխատանքով, արժանապատիւ աշխատավարձով եւ օգնենք, որ նա կարողանայ Հայաստան հողի վրայ իր կեանքը կազմակերպել: Դա հնարաւոր ծրագիր է, կարելի ծրագիր է, եւ մենք պէտք է յաջողեցնենք դա: Երիտասարդ Հայաստանն է, որ կարող է լինել կենսունակ եւ կարող է ունենալ զարգացում:

6. Ազգային տեսլական ունեցող, նպատակ ունեցող, ուղղութիւն ունեցող երկիրն է, որ գիտի ինչպէս պէտք է կազմակերպի եւ ինչպէս պէտք է իր ժողովրդին ուղղորդի դէպի նպատակային աշխատանք: Ազգային տեսլական, ազգային երազանք` ինչ ուզում էք դրէք անունը, պէտք է ունենանք մեր ազգային նշանակէտը, որին պէտք է ձգտենք: Ազգային երազանք ունեցող Հայաստանն է, որ կարող է զարգանալ:

7. Հայաստանում յաճախ են խօսում, որ մենք ուժեղ ենք Սփիւռքի հետ միասին: Ճիշդ է: Ես կ՛ասեմ, սակայն, որ այդտեղ անհրաժեշտ է ստեղծել հնարաւորութիւն եւ կարելիութիւն, որպէսզի Սփիւռքը իրական մասնակցութիւն ունենայ Հայաստանի զարգացման գործում, Հայաստանի կեանքում: Ստեղծել, օգնել, մղել, որպէսզի Սփիւռքը կարողանայ ինքնակազմակերպուել եւ ինքնավերակազմակերպուել, որովհետեւ մեզ պէտք է առոյգ, աշխոյժ, ազգային կազմակերպուած Սփիւռք: Դա մեզ համար կարելիութիւն է եւ հնարաւորութիւն: Եւ Սփիւռքի հետ միաւորուած է, որ Հայաստանի զարգացումը հնարաւոր ու կարելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728