Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զոհրաբ Նիազյան. «Տղաներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար»

Փետրվար 02,2017 14:49

Հունվարի 26-ից 29-ը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական մասնակցեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարի Լատվիայում: Մեր հավաքականը տարավ 2 հաղթանակ և կրեց 1 պարտություն՝ խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը խոսեց մրցաշարում մեր ելույթների մասին:

Պարոն Նիազյան, սկզբից խոսենք հանդիպումների մասին: Ի՞նչ տպավորություն թողեց Գերմանիայի հավաքականը:

Գերմանիայի խաղը բավականին դժվար ստացվեց: Չնայած այն հանգամանքին, որ գերմանացիներն առաջին անգամ էին մասնակցում այս կարգի մրցաշարի և փորձ չունեին, լավ թիմ ունեին, գործում էին տակտիկապես գրագետ: Ընդհանուր առմամբ, հավասար պայքար ընթացավ, բայց մենք մեծ ցանկություն ունեինք հենց առաջին խաղում հաղթանակ տանելու: Եթե դրան գումարենք մեր նվիրվածությունն ու փորձը, պարզ է դառնում, թե ինչի հաշվին կարողացանք հաղթել գերմանացիներին: Ես վստահ եմ, որ Գերմանիան մոտ ապագայում ֆուտզալում էլ լուրջ հավաքական կունենա:

Էստոնիայի հետ խաղը հաջող դասավորվեց մեր համար. Կարողացանք 3 րոպեում 3 գոլ խփել: Մենք նրանցից այդքա՞ն բարձր էինք կարգով, թե՞ կային նաև այլ պատճառներ:

Չէի ասի, թե կարգերի տարբերությունը շատ մեծ էր: Իհարկե, մեր որոշ ֆուտբոլիստներ անհատապես ավելի բարձր էին, սակայն մենք հաղթեցինք տակտիկապես ճիշտ գործելու հաշվին: Արագ գոլ խփեցինք, որից հետո կարողացանք խաղը կառուցել հակագրոհների վրա և հասանք հաջողության:

Ի՞նչը չստացվեց Լատվիայի հետ խաղում:

Շատ արագ գոլ ընդունեցինք, ինչն իրենց հանգստացրեց, իսկ մեզ՝ հակառակը: Մեզ մոտ ավելորդ շտապողականություն առաջացավ, որովհետև մենք պետք է գոլ խփեինք, իսկ իրենք սկսեցին գրագետ պաշտպանվել՝ չթողնելով, որ մենք  գոլային շատ պահեր ստեղծենք: Մեր գործն ավելի դժվարացավ, երբ մեր սխալի պատճառով ազատ հարված նշանակվեց, և հաշիվը դարձավ 0:2: Մենք 5-րդ խաղացող մտցրեցինք, կարողացանք մեկ գոլ խփել, բայց ավելի անել չկարողացանք, իսկ վերջին գոլերն արդեն դատարկ դարպասին ընդունեցինք, որովհետև դարպասապահի փոխարեն խաղացող էինք մտցրել: Ցավալի պարտություն էր, որովհետև բավականին մոտ էինք մրցաշարը հաջող եզրափակելուն: Ընդհանուր առմամբ, մեր բոլոր մրցակիցները գրեթե հավասարազոր էին: Լատվիացիները, թերևս, տակտիկապես ավելի գրագետ էին, ինչի շնորհիվ էլ կարողացան հաղթանակ տանել:

Ի՞նչն էր պատճառը, որ լատվիացիների բարձր պրեսինգից չէինք կարողանում հեշտությամբ դուրս գալ:

Մեզ լավ էին ուսումնասիրել. մենք ուզում էինք կազմակերպված պաշտպանությունից խաղալ, որովհետև մեր առավելությունը մեր արագ հակագրոհներն են: Մեր մտածածը ստացվեց Էստոնիայի հետ խաղում, բայց Լատվիայի հետ խաղում արագ գոլը խառնեց մեր խաղաքարտերը:

Իսկ չկա՞ր երկրորդ տարբերակ՝ նախատեսված այդ դեպքի համար:

– Իհարկե կար, մենք պետք է ավելի արագ խաղարկեինք գնդակը հարձակման փուլում, տեղաշարժն էլ պետք է շատ լիներ, անակնկալ կոմբինացիաները՝ ևս, բայց ոչ միշտ է ստացվում այն, ինչ պլանավորում ես: Լատվիացիները շատ գրագետ պաշտպանվեցին:  Ընդ որում, նրանց երկու քառյակները գրեթե հավասարազոր էին: Մենք 0:2 հաշվի ժամանակ մտցրեցինք 5-րդ խաղացողի, բայց, ցավոք, չկարողացանք իրացնել մեր թվային առավելությունը:

Կա՞ն խաղացողներ, որոնք կարող էին լինել հավաքականում, բայց տարբեր պատճառներով չէին հրավիրվել հավաքական:

– Չէի ասի:Հավաքագրել էինք նրանց, ովքեր, մեր կարծիքով, այս պահին ուժեղագույնն են և կարող են առավելագույն օգուտ տալ հավաքականին: Եվ մրցաշարը ցույց տվեց, որ չէինք սխալվել: Տղաներից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բոլորն էլ աշխատեցին, նվիրվեցին, մի փոքր չհերիքեց միայն վերջին խաղում:

–  Իսկ առաջին քառյակի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Ճիշտ է՝ այս անգամ չունեինք ակումբային համագործակցություն, այսինքն նույն ակումբում հանդես եկող 4 ֆուտբոլիստներ, որոնց համագործակցությունն ավելի լավ կլիներ, բայց կարծում եմ՝ օպտիմալ դասավորություն էինք ընտրել: Նրանք մարզումների ընթացքում էին ապացուցել, որ արժանի են լինել մեկնարկային քառյակում:

Տպավորություն կար, որ մենք անհատապես չէինք զիջում որևէ թիմի:

Կարծում եմ՝ ճիշտ եք նկատել: Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչը ևս խաղից հետո նշեց, որ մեր խաղացողները բավականին ուժեղ են անհատապես:

Ի՞նչ կարծիքի եք դարպասապահ Էռնեստ Ակոպովի՝ կարիերան հավաքականում ավարտելու որոշման մասին:

– Իմ կարծիքով Ակոպովը դեռ կարող էր օգտակար լինել, բայց դա նրա որոշումն է: Ակոպովը շատ բան է արել հավաքականի և ընդհանրապես, հայկական ֆուտզալի համար, ուստի մենք պետք է հարգենք նրա ցանկությունը: Մենք ունենք ևս մեկ շատ լավ դարպասապահ՝ Սարգիս Ասկաջյանը Լիբանանից: Հիմա պետք է փորձենք պատրաստել ևս մեկ լավ դարպասապահ, որովհետև հատկապես մրցաշարերի ընթացքում միշտ պետք է ունենալ երկու լավ դարպասապահ:

Ասկաջյանի չխաղալու պատճառը թիմին ուշ միանա՞լն էր:

– Դա գործոններից մեկն էր, բայց հիմնական պատճառն Ակոպովի հուսալիությունն ու վստահությունն էր: Իսկ ընդհանրապես, նրանք հավասարազոր դարպասապահներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը:

Վերջին տարիներին մեր ֆուտզալում մեծ առաջընթաց կա: Ի՞նչ պետք է անենք, որ կարողանանք էլ ավելի հաջող հանդես գալ և կայուն կերպով հաղթահարել նախնական փուլերը:

– Կարծում եմ՝ պետք է ավելանա թիմերի և պրոֆեսիոնալ ֆուտզալիստների քանակը: Այդ առումով ֆեդերացիան մեծ աշխատանք է տանում: Նպաստավոր է նաև Բիզնես լիգայի ձևավորումը, որի շնորհիվ, հնարավոր է, հավաքականի համար նոր խաղացողներ հայտնաբերենք: Ուրախալի է, որ մեր կազմում ևս արդեն կան խաղացողներ, որոնք հենց ֆուտզալիստներ են, ոչ թե նախկին ֆուտբոլիստներ: Մենք արդեն ֆուտզալ ենք խաղում՝ այդ խաղին բնորոշ շարժումով, տակտիկայով, հոգեբանությամբ: Առանց դրա մեծ մրցաշարերում հաջողության չես հասնի: Կարծում եմ՝ մեր ֆուտզալի համար նաև կարող է շատ օգտակար լինել Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Իրանում ֆուտզալը շատ բարձր մակարդակի է, և եթե կարողանանք տարվա ընթացքում նրանց հետ ընկերական հանդիպումներ անցկացնել, մարզչական փորձի փոխանակում կազմակերպել, կարծում եմ՝ լավ արդյունքներ կունենանք:

 

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728