Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմատը չափանիշների բացակայությունն է

Փետրվար 02,2017 10:14

Նախընտրական գործընթացը Հայաստանում բացահայտել է, որ մեզանում առայժմ չեն մշակվել որոշակի չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել հասարակության մեջ առաջատար դեր խաղացող մարդկանց: Այդպես է բոլոր ոլորտներում, բայց հատկապես քաղաքական դաշտում: Որպես հետեւանք` այդ դաշտի մարդիկ իրենց մասին մտածում են ոչ այն, ինչ նրանք կան իրականում: Քրեականը չի ընդունում, որ քրեական է, խուլիգանը չի ընդունում, որ խուլիգան է, անգրագետն իրեն անգրագետ չի համարում: Եթե նրան 4-րդ դասարանի թելադրություն տաս, նա «1»-ի կգրի, բայց միեւնույն է` կմերժի իր անգրագիտության փաստը: Նույնիսկ սաունայով հասարակաց տուն պահողը չի խոստովանի, որ ինքն այդպիսին է, ավելի շուտ` կպարծենա, որ աշխատատեղեր է ստեղծում` մարմնավաճառների համար: Փոխարենը` բոլորը «կառուցապատող» են եւ «եկեղեցաշինարար»: Եվ բոլորն անխտիր ցանկանում են, որ այս երկիրը փոխվի: Դեպի լավը, բնականաբար:

Այդ «պերսոնաժների» կողքին կուսակցական ցուցակներում հայտնվում են մարդիկ, որոնք կրիմինալ, խուլիգան չեն, գրագետ են եւ բորդելներ չեն պահում: Որո՞նք են այդ մարդկանց շարժառիթները: Առաջինն, իհարկե, փողն է` քաղաքական գործունեությունը Հայաստանում ոչ վատ վարձատրվող աշխատանք է: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք անշահախնդրորեն են դաշինք կազմել «եկեղեցաշինարարների» հետ: Դա կոչվում է «քաղաքական պրագմատիզմ»` մարդիկ չեն կարող իրականացնել իրենց ծրագրերը առանց այդ «լավ տղերքի» հետ ալյանսի մեջ մտնելու: «Ռեյտինգային» ընտրությունը դրան, բնականաբար, նպաստում է. օրինակ՝ «ոչ իշխանական» թեկնածուն գնում է թաղի հեղինակության մոտ, որպեսզի այդ «գողականն» ապահովի իր հաղթանակը: Իսկ հանուն ինչի՞ է նա ուզում հաղթել: Բնականաբար, հանուն արդար Հայաստանի: Բայց եթե դու «գողականին» պարտք ես մնում, ապա սպասելի՞ չէ, որ քո հաջողության դեպքում ստիպված կլինես պարտքը վերադարձնել, եւ ոչ մի երաշխիք չկա, որ «հեղինակավոր անձը» այնպես «կկառուցապատի» պետությունը, որ դրա ինստիտուտները ոչ թե կվերականգնվեն, ինչպես որ «պրագմատիկն» է խոստանում, այլ հակառակը` եղած փշրանքներն էլ կվերանան:

Ամեն ինչ գալիս է, կրկնեմ, հասարակական հստակ չափանիշների բացակայությունից: Եթե «եկեղեցաշինարար» քրեականների, խուլիգանների եւ անգրագետների նկատմամբ լիներ համընդհանուր մերժողական վերաբերմունք, ապա նրանք չէին համարձակվի ասպարեզ մտնել եւ խաղի կանոններ թելադրել նրանց, ովքեր փորձում են քաղաքականությամբ զբաղվել, եւ չէին դառնա կուսակցությունների ու դաշինքների շարժիչ ուժը: Բայց իրականում դա այդպես չէ. «ժողովուրդը» թեեւ առերեւույթ հայհոյում եւ անիծում է նրանց, բայց մյուս կողմից այդ մարդկանց նկատմամբ որոշակի հարգանք ունի` «գող է, բայց հայրենասեր մարդ է»:

Իսկ եթե ընդհանրացնենք, ապա արմատն այն է, որ մեր հասարակական գիտակցության մեջ շատ խորն է նստած մոլորությունը, իբր կարելի է սիրել հայրենիքը՝ չսիրելով պետությունը: Պետության հանդեպ այդ դաժան վերաբերմունքի համար մենք գտնում ենք բազմաթիվ արդարացումներ: Հետո զարմանում ենք, թե ինչու են «վերեւում» հայտնվում ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «բարերար-կառուցապատողները»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Բոլոր ընտրություններից առաջ հիշում եմ Էյնշթեյնի տված սահմանումը, թե ով է իդիոտը: “Իդիոտը նա է, ով անընդհատ կրկնում է նույն բանը` չփոխելով ոչինչ, և նոր արդյունք է սպասում”: Անիմաստ տեղը անընդհատ գնալ նույն բանին`այն է “ընտրության”, չփոխելով բացարձակապես ոչինչ և սպասել նոր արդյու՞նք… Էլի քուչի խուժան, էլի սուտի գողական, էլի փողատեր…Վերջը՞: Վերջում էլ մի քանի հոգի լուրջ տեսքով պետք է կանգնեն ու` “Արա ախպեր, հլը երբ էի ես ասը՞մ”:

  2. Ruben says:

    Ո՞րն է պատճառը, ու՞ր է մեկնաբանությունս:

    • Հարգելի Ռուբեն, եթե ուշադիր եք եղել՝ մենք կայքում չենք հրապարակում որեւէ այլ կայք տանող հղումներ, քանի որ չենք ցանկանում, որ մեր հարթակն օգտագործվի այլոց գովազդելու կամ այլ նպատակներով: Անգամ չենք նայել, թե հատկապես ուր է տանում Ձեր հղումը՝ տեսել ենք, որ միայն լինք է, չենք հրապարակել:

      • Ruben says:

        Շնորհակալություն պարզաբանման համար:
        Իհարկե, ցանկալի չէ վերադառնալ չարիքների ակունքներին:
        Տեսանյութը՝ «Սերժ Սարգսյանը, Դեդ Հասանը , Նաիրի Հունանյանը և Ճակոն քեֆ են անում», հիմք է տալիս խորհելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728