Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ եղել է, որ տնային անտենաները, որ 300-350 դրամ են, առնում տանում էինք, որպեսզի ով չուներ՝ կարողանար նայեր». (Ֆոտոշարք)

Փետրվար 01,2017 23:33

2016թ. hոկտեմբերի 20-ից մեր երկրում անջատվեց հեռուստատեսային անալոգային հեռարձակումը: Յուրաքանչյուր մարզում միայն մեկ հեռուստաընկերություն ստացավ թվային հեռարձակման արտոնագիր: Իսկ մարզային մյուս հեռուստաընկերությունները, որոնք չունեն թվային հեռարձակման լիցենզիա՝ կանգնեցին խնդրի առջեւ, հայտնվելով նաեւ փակման եզրին:

Այսօր «Լրադադար» ակումբում կազմակերպվել էր «Ինչպես կարող են աշխատել թվային հեռարձակման արտոնագիր չունեցող մարզային հեռուստատեսությունները» թեմայով քննարկում:

Լոռու մարզում գործում է 5 հեռուստաընկերություն, որոնցից միայն մեկն ունի թվային հեռարձակման հնարավորություն:

Հանդիպմանը ներկա Ալավերդի քաղաքում գործող «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանն ասաց, որ թվայնացման հետեւանքով տեղական հեռուստաընկերությունները կորցրեցին ոչ միայն լսարանի մի որոշակի մասը, այլեւ նվազեցին ֆինանսական ներդրումները: Իսկ ստեղծված իրավիճակին փորձել են ինքնուրույն լուծում տալ.

«Ակցիայի նման մի բան արեցինք: Մեկ ամիս ավելի, ստուդիայի աշխատողներով շենքերը բաժանեցինք ու տնետուն գնում էինք, որ տեսնենք «Անկյուն +3»-ը նայում են, թե՞ չեն նայում, խի՞ չեն նայում: Տարբեր պատասխաններ ենք ստացել: Մարդ կար ասում էր, խի դեռ «Անկյուն +3»-ը կա՞, կամ ո՞նց նայենք, կամ թվային սարքը դրած ա, բայց չի լինում: Կամ ասում էին, որ զահլես գնում ա անտենան հանեմ-դնեմ: Նույնիսկ եղել է, որ տնային անտենաները, որ 300-350 դրամ են, առնում տանում էինք, որպեսզի ով չուներ՝ կարողանար նայեր: Էս ձեւով կարողացանք որոշ չափով լուծումներ տալ»:

«Վանաձոր» հեռուստաընկերության տնօրեն Ժան Գալստյանն էլ կիսվեց լսարան չկորցնելու իրենց հեռուստաընկերության փորձով. «Հիմա շատերի տներում կաբելային անտենա կա քաշած: Եվ մեր բոլոր հեռուստաընկերությունները կան դրանց մեջ: Բայց երբ որ մարդիկ հարցնում էին, մենք իրենց բացի կաբելայինը, մի տարբերակ էլ առաջարկեցինք, որ առնեն էն DVBT2-ները, որոնք որ ունեն հավելյալ անտենայի տեղ, որով կարող ես նայել նաեւ տեղական հեռուստաընկերությունները»:

«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը նշեց, որ այսօր իրենք աշխատում են «ամենադաժան մրցակցային պայմաններում: Ամենաբարդը Լոռու մարզում է, հետո Շիրակի մարզը: Մնացած մարզերում շատ հեշտ է՝ մրցակցություն չկա: Մենք հիմա շատ քիչ գովազդներ ունենք եթերում: Բայց ինչ-որ առումներով առաջատարի դիրքերը մենք չենք զիջում, որովհետեւ կարողանում ենք գոնե օբյեկտիվ լրատվությամբ պահել մեր լսարանը»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ խնդրի լուծման համար, առաջին հերթին պետք են օրենսդրական փոփոխություններ. «Օրենքն այսօր ունի այնպիսի դրույթներ, որոնք որ անհավասար պայմաններ են ստեղծում եւ հնարավորություն չեն տալիս թվային դարաշրջանում, մարզերում գործող բոլոր հեռուստաընկերություններին անցում կատարել դեպի թվային հեռարձակում: Սա, իհարկե, անհավասար մոտեցում է եւ անհավասար պայմաններ է ստեղծում: Մարզերում գործող 10-ից ավելի հեռուստաընկերություններ չունեն թվային հեռարձակման հնարավորություն: Դա կապված է ոչ թե ինչ-որ օբյեկտիվ բարդություններից, այլ ուղղակի օրենքն ու պետությունն իր քաղաքականությամբ նպաստել է այս ծանր իրավիճակի ստեղծմանը»:

Ա. Մելիքյանի կարծիքով, ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը կարող է թողնել նաեւ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վրա. «Այս պայամններում տեղական հեռուստաընկերությունները չեն կարողանա լիարժեք լուսաբանել ընտրություններն, այն ընդգրկմամբ, որը որ եղել է նախքան թվային հեռարձակման անցնելը: Հասկանալի է, որ այս պայմաններում, տեղական հեռուստաընկերությունները, որոնք որ չեն անցել թվային հեռարձակման, նրանք կորցնում են լսարանի մի մասը, կորցնում են գովազդատուին, եւ բարդ պայմաններում են հայտնվում: Եւ դա չի կարող ընտրությունների լուսաբանման վրա բացասաբար չազդել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728