Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում ընթանում է Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 50 հասցեում գրանցված «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի քաղաքացիական հայցով դատավարությունը: «Ներխուժումը վերացնելու պահանջի մասով» հայցով պատասխանողը Դիլիջան քաղաքի բնակիչ Արարատ Մադաթյանն է:
Հունվարի 24-ին այդ գործով դատավարության նախնական նիստն էր: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Օհանյանը բավարարվել է «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ արգելանք է դրել Ա. Մադաթյանի գույքի, դրամական միջոցների վրա:
Տավուշի մարզի դատարանում քննվում է նաեւ Արարատ Մադաթյանի եւ նրա կնոջ՝ Մարինե Ծովյանի վերաբերյալ քրեական գործ, որն առնչվում է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակին:
Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական: Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»), Մ. Ծովյանին նաեւ` 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2016թ. դեկտեմբերի 23-ին:
Կարդացեք նաև
Դիլիջան քաղաքից հայտնեցին,որ վիճահարույց տարածքը ծառայել է որպես մթերային խանութ, ավտոլվացման կետ, մեքենաների սպասարկման տարածք եւ այլն: Համացանցում տեղադրված է մի տեսանյութ,որտեղ Արարատ Մադաթյանը բողոքում է այդ գործով իր դեմ կատարված գործողություններից: Դիլիջանի կենտրոնում գտնվող հողամասը համարվում է «յուղոտ պատառ»:
«Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պատկանում էր հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015թ. օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ