Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունը, որին մասնակցում է 15-ից բարձր տարիք ունեցող 27 ծանրորդ:
Այս առաջնությունում տարբեր պատճառներով բացակայում էին հայկական ծանրամարտի երկու ընդգծված առաջատարները: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքերով, Նազիկ Ավդալյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել իր մարզական կարիերայի հարցում, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի հետագա ճակատագրի վերաբերյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից դեռ ոչ մի որոշում չկա: Ինչպես ասում են՝ պատժամիջոց կա եւ չկա: Մարզիչը նշեց, որ 2017 թվականը, միեւնույն է, իրենց համար հեռանկարային մարզուհիների որոնումների տարի է, որպեսզի արդեն եկող մրցաշրջանում ձեւավորված լինի ընտրանու ամենաօպտիմալ կազմը, որը կնախապատրաստվի Տոկիոյի օլիմպիական խաղերին նախորդող վարկանիշային աշխարհի առաջնություններին:
Հայաստանի առաջնությունում, որը միջազգային ֆեդերացիայի որոշման համաձայն անցկացվեց մեկով ավելի՝ ութ քաշային կարգերում, չեմպիոնի կոչում նվաճեցին. 48 կգ՝ Տանզելյա Գրիգորյան՝ երկամարտի 85 կգ արդյունք, 53 կգ՝ Վալենտինա Մովսիսյան՝ 116 կգ, 58 կգ՝ Աննա Գովելյան՝ 151 կգ, 63 կգ՝ Իզաբելա Յայլյան՝ 192 կգ, 69 կգ՝ Լիանա Գյուրջյան՝ 166 կգ, 75 կգ՝ Սոնա Պողոսյան՝ 217 կգ, 90 կգ՝ Տաթեւ Հակոբյան՝ 213 կգ, +90 կգ՝ Արփինե Դալալյան՝ 205 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ