Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը Թրամփի մասին. «Փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է»

Փետրվար 01,2017 22:55

«Շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, եւ մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյան լրատվական դաշտի իրողությունները»,-այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա նկատեց, որ ամերիկյան ու արեւմտյան լրատվական աղբյուրներից հայերը քիչ են օգտվում, չնայած որ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը: Դեսպանն ասաց, որ հանդիպումներ է ունեցել տարբեր խմբերի հետ, եղել է մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերի շրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձել Ամերիկյան անկյուններում, հարցազրույցներ տվել, ակտիվ են եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում.

«Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասին եւ առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավ հասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզ թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալ ու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց»:

Անդրադառնալով ԱՄՆ նոր նախագահին, դեսպանն ասաց. «Դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաեւ հնարավորություններ: Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձեւավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարեւորությունը Հարավային Կովկասում եւ մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ»:

Հիշեցնենք, որ դեսպանն այսօր իր ծավալուն ելույթում անդրադարձել է նաեւ անցյալ տարի ՊՊԾ գնդի գրավման դեպքերին եւ նշել, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, ՊԵԿ-ին հորդորել է վերանայել մաքսայինի հսկիչ գները, անդրադարձել է ամերիկյան ներդրումով  Ամուլսարի հանքի շահագործմանն ու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այն բավարար չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728