«Սեւակի պես զինվոր իրենց զորամասում մի քանի հոգի լիներ, թե չլիներ: Ինքը եւ մտքով էր խելացի, զարգացած, եւ կիրթ էր, համ էլ ռազմական ամեն ինչին տիրապետում էր: Իր հետաքրքրությունը մեծ էր, շատ հետաքրքրասեր էր»,- ապրիլյան պատերազմի հերոս, Հադրութում հակառակորդի գնդակից զոհված սերժանտ Սեւակ Խաչատրյանին այսպես նկարագրեց նրա մանկության ընկերը՝ Շմանդ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ է զորացրվել:
Այսօր Սեւակ Խաչատրյանը կդառնար 20 տարեկան, եթե չզոհվեր: Ընկերոջ պատմելով՝ Սեւակը ողջ քառօրյա պատերազմի ժամանակ վախեցել է միայն ընկերներին կորցնել. «Մտածում էր անել ամեն ինչ, որ թեկուզ իր կողքի ընկերոջը չլիներ, բայց իրեն լիներ: Ինքը այդպես է ծառայել ու այդպես է մասնակցել պատերազմին: Բայց ապրիլյան պատերազմն անցավ ու այդ չարաբաստիկ օրը…գնդակ կպավ իրեն»:
Շմանդ Պետրոսյանը նույնպես ապրիլյան պատերազմի մասնակից է, եղել է Թալիշի դիրքերում, Մատաղիսում: Հարցին՝ ի՞նչ ապրումներ ունեիք այդ լարված օրերին, ի՞նչ էիք մտածում՝ նա պատասխանեց. «Մտածում էինք միայն մի րոպե խոսեինք մեր ծնողների հետ, որ ասեինք՝ ամեն ինչ լավ է, մի մտածեք: Ուրիշ ոչ մի բանի մասին չէինք մտածում: Մենք անվերապահորեն նվիրվել էինք մեր հայրենիքին, չենք վախեցել ոչ մի բանից, չենք մտածել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ երբ տեղեկացան, որ հակառակորդը պատերազմական գործողություններ է սկսել, նոր զորակոչված զինվորներին է փորձել ապահով տեղ տանել. «Զինվորներիս տարա այնպես, ոնց իրենց ծնողները կպահեին: Եթե իրենց հետ Աստված չանի մի դեպք լիներ՝ մեզ չէինք կարող ներել»:
Թե ինչպես է իմացել իր ծառայակից ընկերոջ զոհվելու մասին՝ Շմանդ Պետրոսյանը պատմեց, որ ամեն անգամ հենց Հադրութից զոհի մասին էր լսում, անմիջապես փորձում էր իմանալ՝ ընկերը լա՞վ է. «Ընկեր ունենալը շատ դժվար է, բայց ընկեր կորցնելը ահավոր դժվար է»:
Իր զինվորի՝ Սեւակի տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաեւ նրա հրամանատարը՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանը: Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո մենք ի՞նչ դասեր քաղեցինք՝ նա պատասխանեց. «Ես կասեի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք ոչ թե դաս քաղեցինք, այլ՝ դաս տվեցինք: Ու թե թշնամին կլսի, իմ այս խոսքերը թե կհասնի իրեն, ասեմ՝ իմանան, որ ամեն անգամ մի փոքր ոտնձգության ժամանակ սրանից հետո արդեն ոչ թե դաս է ստանալու, այլ ավելի կտրուկ միջոցներ են ձեռնարկվելու, որ ընդհանրապես էլ չմտածի նման սադրանքների մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ