Այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ իր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում անդրադառնալով դեսպանատան աշխատանքներին, առանձնացրել էր մի քանի գերակա ոլորտներ, որոնցից էին՝ կոռուպցիան, գործարարությունը, մաքսային մարմինները:
Անդրադառնալով մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, Միլսն ասաց, որ չնայած որոշ առաջընթացին, նկատել են որոշակի անհանգստության տեղիք տվող միտումներ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում: Մեր երկրի հաջողություններից դեսպանը նշեց, որ Հայաստանը 4 տարի անընդմեջ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում 1-ին խմբի երկրների շարքում է.
«Սակայն, կուզենայի մեկ բան ավելացնել՝ որպեսզի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը շարունակվեն արժանվույնս գնահատվել, ես կոչ եմ անում կառավարությանն անհապաղ վերականգնել Աշխատանքային տեսչությունը: Առանց գործունակ Աշխատանքային տեսչության չափազանց դժվար է պարզել ու կանխել աշխատանքային թրաֆիքինգի եւ, հատկապես, մանկական աշխատանքի դեպքերը»:
Մեկ այլ ձեռքբերում էլ, որը քաղաքացիական հասարակության ու դեսպանատան ջանքերով է եղել, ըստ դեսպանի, 2 շաբաթ առաջ ընդունված Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն է:
Կարդացեք նաև
«Շատ հուսադրող է Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոն ստեղծելու Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, որին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը. նաեւ նշեմ վերջին շրջանում նախարարության կողմից թեժ գծի գործարկումը ծնողների համար, ուր նրանք կարող են զանգել իրենց որդիների նկատմամբ զինված ուժերում ցուցաբերվող վերաբերմունքի հետ կապված հարցերով ու մտահոգություններով»,-ասաց դեսպանը:
Դեսպանատանն անհանգստացնող երեւույթներին անդրադառնալով, Միլսը նշեց.
«2015-ին սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքները. «Դեսպանատունը խորապես մտահոգ էր ընտրակեղծիքների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից կարճ ժամանակ անց մենք հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը թափանցիկ քննություն ապահովել բոլոր այն գործերով, որտեղ առկա են կեղծումների մասին արժանահավատ ապացույցներ, եւ օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին: Հանրաքվեից հետո դեսպանատունը հրապարակային հայտարարություն արեց եւ հստակ նշեց, որ հրապարակային տեղեկություններում ներկայացված տվյալները կօգտագործի, որպեսզի ընտրախախտումներ թույլ տված կամ ընտրություններին միջամտած անձինք հնարավորություն չունենան մասնակցել դեսպանատան ծրագրերին կամ միջոցառումներին: Թեպետ անձնական տվյալների գաղտնիության նկատառումները թույլ չեն տալիս տեղեկություններ տրամադրել այն անձանց մասին, ովքեր այս որոշման հետեւանքներն են կրում, սակայն կարող եմ վստահեցնել, որ մենք այդ որոշմանը հետամուտ ենք եղել»:
Ռիչարդ Միլսի խոսքերով՝ «Սահմանադրական հանրաքվեից հետո ես ողջունեցի ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու վերաբերյալ նախագահ Սարգսյանի հրապարակային հանձնառությունը: Ես համամիտ եմ նախագահ Սարգսյանի այն բնութագրման հետ, որ Հայաստանի վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով եւ հույժ կարեւոր է, որ դրանք լինեն ազատ, արդարացի եւ հասարակությունը վստահություն ունենա արդյունքների վերաբերյալ: Վստահության արժանի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության հրապարակավ ստանձնած հանձնառությունը կյանքի կոչելու հարցում օգնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ը՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի եւ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների ապահովման համար, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ընդ որում՝սա աննախադեպ համաձայնություն էր, որտեղ բոլոր կողմերը զիջումների էին գնացել: Այս միջոցների շնորհիվ հնարավոր կդառնան ընտրողների նույնականացումը՝ քվեարկության օրը եւ ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը»:
Այդուհանդերձ, դեսպանն ասաց, որ նշված հավելյալ միջոցներն ազատ ու արդարացի ընտրությունների երաշխիք չեն, դրանք կարող են գործընթացը դարձնել առավել թափանցիկ, առավել դժվարացնել կեղծիքները, սակայն ընտրություններն իրապես ազատ ու արդարացի կլինեն, երբ կառավարությունը դրսեւորի քաղաքական կամք:
«Դրա բեռը կառավարության ու դրա բաղադրիչ հանդիսացող կառույցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ ու դատական կառույցների ուսերին է, որպեսզի ձեռնարկեն համապատասխան միջոցներ եւ նպաստեն այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որտեղ մարդիկ կարող են քվեախցիկում ազատ արտահայտել իրենց կամքը: Միաժամանակ, ազատ եւ արդարացի ընտրության համար պահանջվում է նաեւ քաղաքացիական ներգրավվածություն ընտրական գործընթացներում՝ քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության կողմից»,-ասաց Միլսը:
Դեսպանի համոզմամբ՝ ազատ ե արդար ընտրությունների կայացման համար կառավարությունը պետք է ձեւավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը լինեն ազատ, անկախ ու առանց սահմանափակումների. «Վերջերս մենք լսում ենք լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծես թե, միտված են ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը եւ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապա շատ մեծ անհանգստության տեղիք է այն տալիս եւ կարող է առավել խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը, որը գնահատվում է միջազգային կազմակերպությունների կողմից:
Մենք լսել ենք կառավարության խոստումն ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության խոստումը գործընթացում կառուցողական դեր են խաղալու վերաբերյալ, եւ սա այն է, ինչին մենք համակ ուշադրությամբ կհետեւենք առաջիկա մի քանի ամիսներին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ