Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը գործարարներին. «Եթե դուք կամ ձեր ընկերությունը բախվել եք խոչընդոտի` տեղյակ պահեք մեզ»

Փետրվար 01,2017 22:00

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել Հայաստանի կառավարության գործընկերների հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը: Այս մասին այսօր ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ իր ելույթում, որտեղ  առանձնացրել էր դեսպանատան՝ մեր երկրում  4 գերակա  ուղղությունները:

Դեսպանն ասաց, որ ցանկանում են հաջողություններ արձանագրել առեւտրի եւ ներդրումների համաձայնագրի ներքո, սակայն առավելագույն արդյունավետության եւ 2 երկրների միջեւ առևտրի ծավալները ընդլայնելու համար առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի:

«Գործարար համաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայն աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին եւ իրապես քայլեր ձեռնարկեն առեւտրի ու ներդրումների ճանապարհին առկա եւ դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Եթե դուք կամ ձեր ընկերությունը բախվել եք խոչընդոտի, տեղյակ պահեք մեզ: Համաձայնագիրը կլինի իրապես գործուն, եթե այն առաջ է մղվում բիզնեսի կողմից: Հավատացեք ինձ, չարժի օրակարգի ձեւավորումը թողնել մի խումբ գրասենյակային աշխատողների»,-ասաց դեսպանը:

Պարոն Միլսը անդրադառնալով դեսպանատան աշխատանքներին, նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեր երկրում ավելի շատ ներդրումներ ներգրավելու, գործարար կապերն առավել բազմազան դարձնելու համար կազմակերպել է մի շարք կոմերցիոն ուղղվածության միջոցառումներ: Օրինակ՝  2  ամիս առաջ, Հայաստանի 2 նախարարությունների ու «ԷյչԷսԲիՍի բանկի» հետ համատեղ կազմակերպվել է գործարար համաժողով հանքարդյունաբերության հարցերի շուրջ, որը կապ ապահովեց հայաստանյան 35 հանքարդյունահանող ընկերությունների եւ 7 ամերիկյան առաջատար ընկերությունների միջեւ: Ըստ դեսպանի, ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած կոմերցիոն ուղղվածության ծրագրերի ու միջոցառումների շրջանակում Հայաստան են եկել 20 ամերիկյան ընկերություններ, որոնց մեծ մասը «Fortune» ամսագրի 500 հեղինակավոր ընկերությունների ցանկում են գտնվում:

Ռիչարդ Միլսի ներկայացմամբ՝ 2015-ին առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի առաջին նիստից հետո ամերիկյան եւ հայ ձեռներեցների միջեւ կապերին ուղղված դեսպանատան աշխատանքներն ակտիվացան:

Այդ խորհուրդը, ինչպես հիշեցրեց դեսպանը, ձեւավորվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի հանրապետության միջեւ 2015-ին ստորագրված Առեւտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում:

Առեւտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը, ըստ դեսպանի, զբաղվում է այնպիսի հարցերով, ինչպիսիք են մտավոր սեփականության իրավունքը, պետական գնումները կամ մաքսային դաշտը, այն հարթակ է հայ եւ ամերիկացի ոլորտային փորձագետների համար, որպեսզի բացահայտվեն երկու երկրների միջեւ առևտրին ու ներդրումներին խոչընդոտող խնդիրները, միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ՝ ճանապարհ բացելով գործարար կապերի խորացման համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728