Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյան. «Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերել եմ առավելագույն հարգանք». (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 21:45

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ընդունել է ՀՀԿ-ի առաջարկը եւ անկուսակցական լինելով կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 11 ընտրատարածքից:

Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

Հարգելի շիրակցիներ, գյումրեցիներ, ինչպես գիտեք, միշտ աշխատել եմ բաց, թափանցիկ, հրապարակային, և ապագա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իմ և թիմակիցներիս որոշումը, որին երկար եք սպասել, եղել և մնում է ինտրիգային: Մենք կայացրել ենք մեր որոշումը, իսկ մինչ այդ անցել քննարկումների լուրջ, ծանրակշիռ ու երկարատև փուլ: Հայաստանյան քաղաքական դաշտի վերջին շրջանի ամենաանսպասելի զարգացումներից մեկն ինձ համար Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որն իմ ու թիմակիցներիս համար իրավիճակը նորովի վերլուծելու և գնահատելու լուրջ առիթ էր:

Իմ ու Գագիկ Ծառուկյանի համագործակցության մասին.

2009թ-ից մինչև 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերն իրականացրել ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք, լինելով ժողովրդանպաստ և կառուցողական, միայն ժողովրդի գովասանքին ու երախտագիտությանն են արժանացել:

Մենք փոխլրացրել եք միմյանց աշխատանքն ու հատուցվել ժողովրդի կողմից: Բավական է հիշել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իմ՝ թիվ 034 ընտրատարածքում 8662 ձայն տրվել է ՀՀԿ-ի, 14817 ձայն՝ ԲՀԿ-ի օգտին: Վեցամյա համատեղ աշխատանքից չեմ հիշում միմյանց չհասկանալու, առավել ևս, նեղանալու որևէ առիթ: Անկախ քաղաքական ճնշումներից, իմ ու թիմիս նկատմամբ նյութած դավերից ու խարդավանքներից կես քայլ չեմ հեռացել Ծառուկյանից ու նրա թիմից:

Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերել եմ առավելագույն հարգանք, անգամ 2015թ-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո մինչև Ծառուկյանի հետ չզրուցեցի ու չքննարկեցի, որոշում չկայացրեցի, ԲՀԿ-ից դուրս եկա Ծառուկյանից հետո:

Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին:

Այժմ իմ անելիքների մասին.

Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգևորված էր և ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը և գյումրեցիներին պարգևեց հոգեբանորեն մաքրված քաղաք: Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթև ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության և փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որևէ մեկն արյուն չհեղեց: Ու հիմա «Ծառուկյան» դաշինքը, նման առաջադրում անելով, ցույց է տալիս մեզ և գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի:

Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը: Ես դա չարեցի 2009թ-ին՝ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից ընտրելով Բարգավաճը և ոչ Հանրապետականը, որի մարզային խորհրդի նախագահն էր նա:

Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, ես ընդունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվեմ ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728