Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ իր ծավալուն ելույթում անդրադարձավ ՊԵԿ-ին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի մաքսային համակարգին եւ հորդորեց կառավարությանն այս ոլորտում բարեփոխումների գործում ավելի ակտիվ լինել:
«Մի ոլորտ, որտեղ ես Հայաստանի կառավարությանը կխրախուսեի ավելի ակտիվ լինել, դա մաքսային ոլորտն է, քանի որ աշխարհի այլ երկրների հետ առեւտրի ընդլայնման համար անհրաժեշտ նախապայման է Հայաստանում դյուրացված ու թափանցիկ իրականացվող մաքսային ընթացակարգերի ապահովումը:
Ես հասկանում եմ, որ Հայաստանն իր մաքսային ու առեւտրի դյուրացման մյուս ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության հետ ներդաշնակեցման խնդիր ունի, սակայն Հայաստանի կառավարությունը խրախուսում եմ՝ տեսադաշտից դուրս չթողնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ մյուս միջազգային առեւտրային գործընկերների հանդեպ պարտավորությունները: Ես, մասնավորապես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը կրկին վերանայել կողմնորոշիչ (Հսկիչ գներ) գների կիրառման եւ արտերկրից ներկրված ապրանքների դասակարգման ընթացակարգերը, քանի որ սրանք կարող են խոչընդոտներ ստեղծել մեծածավալ միջազգային առեւտրի հարցում եւ բացասաբար անդրադառնալ հայ սպառողների վրա»,-ասաց Ռիչարդ Միլսը:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությունից դեսպանի ելույթին ներկա էին ընդամենը 2 նախարարներ՝ Սփյուռքի եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, եւ 3-4 գերատեսչություններից տեղակալների մակարդակով էի «մարդ ուղարկել»: ՊԵԿ-ից բարձրաստիճան պաշտոնյա ներկա չէր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ