Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, վերլուծելով Հայաստանի առաջնությունը նշեց, որ առատ ձյունն իրենց ուրախացնում է, քանի որ մրցումներ կազմակերպելու լավ պայմաններ են ստեղծվել: Ֆեդերացիան դահուկային սպորտի զարգացման համար տարբեր միջոցառումներ է կազմակերպում Երեւանում եւ Աշոցքում:
Աշոցքը Գագիկ Սարգսյանի գնահատմամբ Հայաստանի Ֆինլանդիան է, որը լեռնադահուկային կենտրոն Ծաղկաձորից հետո պետք է դառնա այն վայրը, որտեղ մեր մարզիկները վարկանիշային միավորներ կկարողանան ձեռք բերել դահուկավազքից:
Օրերս անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներն ըստ ֆեդերացիայի փոխնախագահի կարելի է բավարար համարել: Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ փետրվարի 25-26-ը Ծաղկաձորում կանցկացվի ֆեդերացիայի՝ կյանքին վաղ հրաժեշտ տված նախագահ Արմեն Երիցյանի հուշամրցաշար դահուկային արագավազքից եւ հատուկ ոլորավայրէջքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ