Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, ուստի նախատեսվածից պակաս ենք ֆինանսավորել»

Փետրվար 01,2017 20:22

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար պարտադիր չէ պաշտոնյային կաշառք ստանալիս բռնացնել, բավական է հայտարարագրերը նայել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթ ունեցավ, որից առանձնացրել էինք  նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դեսպանի դիտարկումները:

Ռիչարդ Միլսն իր ելույթում ներկայացրեց իր պաշտոնավարման ժամանակահատվածում նրա եւ դեսպանության աշխատանքի 4 գերակա ուղղությունները, որոնցից կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ դեսպանի գնահատականը բավականին ուշագրավ է:

Ըստ Ռիչարդ Միլսի, կոռուպցիայի ու տնտեսական զարգացման, կոռուպցիայի ու իրավունքի գերակայության միջեւ կապը միշտ ակնհայտ է եղել, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ կոռուպցիան կարող է անդրադառնալ ազգային անվտանգության վրա ու վտանգել այն.

«Երբ 15 ամիս առաջ ՀԱԱՊ-ում իմ ելույթի ժամանակ ես նշեցի կոռուպցիայի ու ազգային անվտանգության շփման եզրերի մասին, շատերը դա լուրջ չընդունեցին, զարմանքով ընդունեցին, շատերն ուշադրություն չդարձրեցին: Չեմ ուզում ասել, որ այդ մասին առաջինը ես խոսեցի, սակայն այժմ քաղաքական բանավեճերում այդ հարցին ավելի անկեղծ անդրադարձ է կատարվում, հնչում են կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկելու առաջարկներ: Քառօրյա պատերազմի օրերին եւ հաջորդիվ հանրային բանավեճերում ուրվագծվեց այն քայքայիչ ազդեցությունը, որ կոռուպցիան կարող է ունենալ ազգային անվտանգության հարցերում եւ հանրության ուշադրությունը բեւեռվեց այդ խնդրին»:

Դեսպանն այն կարծիքին է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալի առաջընթաց ունենալու համար կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի. «Կառավարությունը պետք է ամրապնդի ու լիազորություններ տա հանրային հաստատություններին՝ բոլոր մակարդակներում եւ հստակ ուղերձ հղի վերեւից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, իրապես փոխակերպող ազդեցությամբ փոփոխություն չի կարող տեղի ունենալ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամությանը, որի մասին հրապարակավ ասել է, դեսպանը ՀՀ կառավարության քննությանը ներկայացրեց 2 կոնկրետ առաջարկ. «Նախ՝ առաջարկում եմ ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման եւ մինչեւ 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի:

Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում եւ կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»:

Դեսպանի մյուս առաջարկն էլ այն էլ այն է, որ կառավարությունը պետք է ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծի, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն:

Ռիչարդ Միլսն անդրադառնալով դեռեւս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք հակակոռուպցիոն խորհրդի համար ԱՄՆ ՄԶԳ-ի՝ մոտ 800 հազար դոլար ֆինանսավորմանը, հիշեցրեց, որ այս ֆինանսավորումը մեր հանրության շրջանում միանշանակ չընդունվեց եւ խիստ քննադատվեց. «Ի պատասխան մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական հաստատության հետ, որը հանդես է բերում կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն, բայց դրա հետ մեկտեղ մեր շարունակական աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին պայմանավորված էր չափելի կամ շոշափելի արդյունքների ապահովմամբ:

Քանի որ մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել, այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5%-ից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է Խորհրդին. մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ մենք կարիք ունենք տեսնել առաջընթաց Խորհրդի կողմից, եւ ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել Խորհուրդը եւ վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում Խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ»:

Դեսպանի՝ հարկային եւ մաքսային մարմինների վերաբերյալ դիտարկումները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728