Aravot.am-ը ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում ընտրապայքարը իր ազգակցականի ու երբեմնի ղեկավարի՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող գեներալ Ֆելիքս Ցոլակյանի դեմ:
Նշենք, որ երկուսն էլ Անի տարածաշրջանից են. գյուղվարչության պետը Սառնաղբյուր գյուղից է, իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ Ջրափիից, երկուսն էլ աշխատանքի բերումով լայն կապեր ունեն Շիրակի մարզի բոլոր գյուղերում:
«Ես պարոն Ցոլակյանին շատ-շատ հարգում եմ, չասեմ մարզի, հանրապետության ամենահարգված մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենահարգվածը: Ես իմ ընտրապայքարը կազմակերպելու եմ այն ճանապարհներով, որ երբեւիցե որեւէ ի տեղ չհատվեն կամ չխաչվեն մեր ճանապարհները:
Ավելին ասեմ, եթե որեւէ քաղաքացի համակրում է պարոն Ցոլակյանին, ես դրա համար շատ-շատ ուրախ կլինեմ: Միեւնույն ժամանակ էլ ասեմ, որ Դաշնակցության ցուցակում ընդգրկված իմ ընկերների համար էլ նույն մարդկային ազնիվ վերաբերմունքն է լինելու, ամեն ինչ ազնիվ է լինելու, եթե մի ընտրապայքարում լինեն խառնակիչներ, մութ տեղը կատու ման եկողներ…Ես վստահեցնում եմ, որ իմ ընտրապայքարը լինելու է ազնիվ եւ մաքուր, այն մթնոլորտը, որ ես 17 տարի ստեղծել եմ Շիրակի մարզում, ինչքան որ ժողովուրդը հարգեց ինձ, ուզեց գնահատել, ես վերջնական արդյունքների համար շատ գոհ կլինեմ, ինչ արդյունքն էլ որ լինի»,-ասաց Մովսես Մանուկյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին նեղը չե՞ք գցում Անիի տարածաշրջանի բնակչությանը, Մովսես Մանուկյանն ասաց. «Ինչի՞ համար պիտի նեղը գցենք, գրեթե բոլորը կողմնորոշված են, իմ դաստիարակությունը թույլ չի տա, եթե մարդը կողմնորոշված է իր ձայնը տալու այս կամ այն թեկնածուին, խոսքը միայն պարոն Ցոլակյանի մասին չէ, մյուսների կողմից այդ ձայների վրա ազդելու, հակազդելու, փախցնելու տարբերակն ամենաանպատվաբերն է: Դու ինքդ կորցում ես քո հեղինակությունն ու արժանապատվությունը, երբ իմանալով որ այդ քաղաքացին համակրում է տվյալ մարդուն, փորձում ես ճանապարհներ գտնել իրեն, այսպես ասած, դարձնելու: Սա ամենակեղտոտ ճանապարհն է ցանկացած մեկի կողմից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ