Այսօր մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արեւիկ գյուղ: Ապրիլյան պատերազմի հերոս, բազմաթիվ շքանշանների եւ մեդալների արժանացած Սեւակ Խաչատրյանի 20-ամյակն էր:
Մի քանի ամիս էր մնացել, որ զորամասի հպարտություն, զորամասի պարծանք դարձած Սեւակը զորացրվեր, եթե չլիներ հակառակորդի ոտնձգությունն ու գաղտնի արձակած գնդակը:
Այսօր Արեւիկ գյուղի դպրոցում նշում էին հերոսի տարեդարձը: Ու ողջ միջոցառման ժամանակ դահլիճում իր արցունքներն էր սրբում մի տղամարդ:
Ինչպես հետո պարզեցինք՝ Սեւակի հրամանատարն էր՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանը:
Կարդացեք նաև
Նա դժվարանում էր շնորհավորել սիրելի զինվորին. «Չգիտեմ այսպիսի դեպքերում ինչ են ասում: Սեւակը մարդ էր, ով իր ապրելով բոլորին ցույց տվեց, թե ինչպիսին է լինում հայը ու ոնց է պետք ապրել: Ես այսօր չեմ խոսի ձեր հետ, թե Սեւակը ոնց ընկավ: Ես կպատմեմ, թե Սեւակը ոնց է ապրել: Նա այն հազվադեպ երիտասարդներից է, որ ծնվելով իսկական հայկական ընտանիքում, իսկական հայրենասերի դաստիարակությամբ է եղել: Ինքը ուներ հնարավորություն, որ սովորելուց հետո գնար բանակ, բայց իր անձնական խնդրանքով, հստակ գիտենալով ու հասկանալով երկրում բարդ իրավիճակը՝ շուտ գնաց: Սեւակը բոլորին ցույց տվեց, թե ինքը ոնց է ապրել: Ես հիշում եմ իր հետ ունեցած մեր առանձնազրույցները»:
Զավեն Հունանյանն ասաց, թե ինչպես է Սեւակը ամեն վայրկյան պատրաստ եղել հայրենիքի համար զոհել իր ունեցած ամենաթանկը՝ կյանքը. «Սեւակը եկավ բանակ՝ արդեն կրթված, կայացած որպես երիտասարդ լրացրեց մեր շարքերը, իր ով լինելով՝ բոլորին ցույց տվեց, թե ոնց է պետք պահել ու պաշտպանել հայրենիքի պետական սահմանը, որտեղ թշնամին մի խրամատ անցնելուն պես՝ հասնելու է այստեղ»:
Հրամանատարը երիտասարդներին հորդորեց. «Նայեք Սեւակին, սովորեք Սեւակից, փորձեք մի փոքր լինել Սեւակ, լինել հայ ընտանիքին արժանի զավակ»:
Նա պտտվեց դեպի Սեւակի լուսանկարը ու շնորհակալություն հայտնեց. «Իմ համար պատիվ է եղել քո հետ միասին մի խրամատի մեջ լինել, պատիվ է ճանաչել քեզ ու իմ համար ամենամեծ պատիվն այն է, որ ոչ թե գրքեր կարդալով ես պետք է իմ երեխաներին սովորեցնեմ, թե ոնց է պետք ծառայել, ոնց է պետք լինել իսկական հայ, անձնուրաց, այլ Սեւակի սխրագործությամբ, Սեւակի օրինակով պիտի մեծացնեմ իմ տանն ապրող 3 տարեկան զինվորիս»:
Մեզ հետ զրույցում Զավեն Հունանյանն ասաց. «Սեւակը առանձնահատուկ էր իր մտածելակերպով, գաղափարներով, իր պատրաստակամությամբ, չխուսափելով, գլուխն առաջ տանելով, առաջինն առաջադրանքը կատարելով, տարբերվելով, մնացածին իր հետեւից տանելով՝ ամենակարեւորը: Սա հրամանատարի որակներին է համապատասխանում»:
Հրամանատարը, որը Հայոց բանակում 17 տարի է, ինչ ծառայում է, ասաց, որ մինչեւ «ձեռքերս, ոտքերս թուլանան՝ ծառայելու եմ, դրանից կարեւոր բան կյանքում չկա»:
Մենք հրամանատարին հարցրեցինք՝ ամեն զինվորի կորստից հետո այսպիսի ապրումնե՞ր եք ունենում, ինչպես այսօր՝ նա պատասխանեց, որ ապրումներ է ունենում անգամ ամենաչնչին սխալի դեպքում, էլ չասած՝ զինվորի կորստի, բայց հասկանում է՝ պատերազմն առանց կորստի չի լինում. «Նման մարդկանց սխրագործությունների վրա է կազմվում Հայկական բանակը, օջախները նման մարդկանց սխրագործություններով են ավելի ամրապնդվում: Ես հպարտ եմ, որ Սեւակ Խաչատրյանի պես զինվոր ունեմ, հպարտ եմ, որ ճանաչում եմ այս ընտանիքին: Եթե ինձ հնարավորություն ընձեռնվի եւս մեկ հատ որդի ունենամ, ես իմ որդու անունը կոչելու եմ Սեւակի անունով: Ինձ թվում է, ես ուրիշ ձեւ չեմ կարող արտահայտել իմ զգացմունքները՝ իմ զինվորին, իմ ընկերոջը, իմ որդուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հավերժ փառք մեր Հերոսին, փառք ու պատիվ հրամանատարին: Սևակն իր կյանքով ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի հայ զինվորը, իսկ Զավենը` ով իրավունք ունի հայոց բանակում հրամանատար կոչվելու: