Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ

Փետրվար 01,2017 19:11

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Հայ-ամերիկյան առեւտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացնելով իր պաշտոնավարման ժամանակահատվածում իր եւ դեսպանության աշխատանքի 4 գերակա ուղղությունները, անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին` նշելով, որ հարցի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով շատ ռեսուրսներն չեն ուղղվում գերակա ուղղություններին:

Դեսպանի խոսքով. «Երբ հետադարձ հայացք եմ նետում վերջին 15 ամիսներին այսինքն` այսօրվա եւ 2015 թ.-ի նոյեմբերին ՀԱԱՊ-ում իմ առաջին ելույթի միջեւ անցած ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համայնապատկերը: Ինչպես նաեւ ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակում: Այս 15 ամիսների ընթացքում եւ առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով, ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե’ հայերի եւ թե’ Հայաստանում միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին եւ այդ գերակա ուղղություններին, որ ես եւ դեսպանատունը սահմանել ենք մեզ համար»:

Ռիչարդ Միլսի համոզմամբ, օրինակ` «Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»:

Դեսպանի խոսքերով, դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը եւ անձամբ ինքը, աշխատելով Մինսկի խմբի նոր, ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ մեծ կարեւորության հարց:

Դեսպանն անդրադառնալով անցած տարվա հուլիսին ՊՊԾ գնդի դեպքերին, ասաց, որ դիմակայության 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացան հավասարակշռություն ապահովել բնակչության եւ դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում` միաժամանակ ապահովելով Հայաստանի քաղաքացիների խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը. «Այդուհանդերձ մեզ համար խորապես մտահոգիչ էին հուլիսի 29-ին եւ 30-ին ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Այդ ժամանակ մենք մեր մտահոգությունը ներկայացրինք նշելով, որ նման գործողությունները խախտում են մամուլի ազատության ու Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքները:

Թեեւ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էին եւ պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել եւ կարեւոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեին»:
Դեսպանը մտահոգիչ է համարում նաեւ մեկ այլ խնդիր, որը, ըստ նրա, առավել շեշտադրվեց Էրեբունու դեպքերի համատեքստում:

Նրա խոսքով. «Դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից: Նախնական կալանքն օգտագործվում է աշխարհի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի իրավական համակարգում, սակայն դա պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, երբ սպառված են բոլոր այլընտրանքային միջոցները, որոնք կարող են ապահովել, որ կասկածյալը փախուստի չդիմի եւ չմիջամտի քննության ընթացքին: Այն երբեք չպիտի գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատում իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք: Իսկ, երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորում պատճառներ լինեն:

Անկեղծ ասած, Էրեբունու ու քաղաքական տեսանկյունից զգայուն գործերի  հետ կապված մեզ մտահոգում է նախնական կալանքի կիրառումը ցույցերին մասնակցություն ունեցող զինված խմբին ոչ ուժային աջակցություն ցույց տալու մեջ կասկածվող մի շարք մեղադրյալների նկատմամբ, որոնք առնչություն չեն ունեցել գնդի տարածքի գրավման կամ ոստիկանների մահվան հետ:

Ուզում եմ հստակեցնել, որ այս գործերին ես անդրադարձ կատարելով նպատակ չունեմ դատողություն անել նրանց մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ, այլ ուզում եմ սոսկ շեշտել, որ նախնական կալանքը պետք է ամուր ու լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա, որը կրկին պատկան մարմինների ուսերին է, որպեսզի հիմքերն ակնառու լինեն, կամ էլ հնարավորություն տրվի ապահովել բաց դատաքննություն»

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728