Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, 2016-ի սեպտեմբերի 25-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհված Սեւակ Խաչատրյանը կդառնար 20 տարեկան: Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում Սեւակի ընկերները, հարազատները, ծառայակիցները եկել էին հարգանքի տուրք մատուցելու եւ հիշելու Արիության, բացառիկ ունակությունների եւ հայրենիքին մեծ նվիրումի համար Մարտական ծառայության մեդալների արժանացած Սեւակի տարեդարձը:
Դպրոցում նրա անունով դասասենյակ է բացվել: Դպրոցի տնօրեն Լեւոն Այվազյանի խոսքերով՝ քանի որ նա մեծ հետաքրքրություն ուներ մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի հանդեպ, բացի այդ, եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, իր հետաքրքրությունների առանցք հանդիսացող առարկայի՝ ինֆորմատիկայի սենյակն են անվանել իր անունով:
Լեւոն Այվազյանն ասաց. «Բացառիկ մարդ է եղել Սեւակը՝ բացառիկ ընդունակություններով: Չեմ կարողանում հայերենի բառարանում գտնել բառ՝ էլ ավելի լավ նրան բնութագրելու համար: Նա այնպիսի ունակություններ ուներ, որ ուսուցչական կոլեկտիվը բացարձակապես կասկած չուներ, որ նա բարձր մակարդակով կծառայեր եւ կպայքարեր հանուն հայրենիքի ազատագրման: Մեզ համար դա անակնկալ չէր, մենք գիտեինք՝ նա այդպիսին է»:
Նա պատմեց, որ երբ նախագահականում նախագահի հետ հանդիպման համար հրավիրել են լավագույն աշակերտին՝ առանց վարանելու ասել են՝ Սեւակ Խաչատրյան. «Նա այնքան խելացի էր, այնքան բանիմաց էր, ինքնուրույն, առանց աղմկելու իր գիտելիքների շնորհիվ կարող էր անցնել քարքարոտ, խորդուբորդ ճանապարհ»:
Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվեց ՀՀ միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից Երախտագիտության մայր շքանշանով. «Նա արժանի է: Այս շքանշանը Արցախի մի խումբ մայրեր բեկորներից հավաքելով, ձուլելով, տալիս են քաջորդիներին, նրանց, ովքեր իրենց կյանքը դնում են՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի ազատության եւ անկախության: Նրանք, ովքեր ընկած են, հավիտյան մեզ հետ են»:
Ողջ համագյուղացիները, գյուղապետը, հարազատները՝ կին, տղամարդ, բոլորը հոնգուր-հոնգուր լաց էին լինում՝ Սեւակին հիշելով:
Հադրութի զորամասում Սեւակ Խաչատրյանի հետ ծառայած կապիտան Գեւորգ Պողոսյանի խոսքերով՝ «Սեւակը մեր լավ զինվորներից մեկն էր, որ ամբողջ զորամասը հպարտանում էր նրանով: Զորամասի ողջ հրամանատարական կազմը չկարողացավ ներկա լիներ, բայց բոլորի անունից շնորհակալություն ենք հայտնում, հպարտանում ենք Սեւակով: Ուզում ենք, որ Սեւակի ծնողները իմանան՝ իրոք, արժանի զավակ էր: Սեւակն ուրիշ կերպար էր: Նա միշտ մեր հետ է: Շնորհավորելով իր ծնունդը՝ այսօր ցանկանում ենք, որ իր տեղը գտնի երկնային կյանքում: Ինչ էլ ասենք՝ Սեւակի համար քիչ է, նա լավ զինվոր էր հայրենիքի համար: Բազմիցս խրախուսվել է զորամասում, միշտ աչքի է ընկել: Մեզ համար դժվար էր սեպտեմբերի 25-ին: Երբ իմացանք, որ զոհվել է, չգիտեինք ինչ է կատարվում, անսովոր ցավ էր բոլորիս համար»:
Սեւակի մայրը՝ Աստղիկն ասաց, որ Սեւակը շատ էր սիրում իր ծննդյան օրերը. «Սիրում էր ավելի շատ ընկերների հետ անցկացնել: Հիմա էլ ինքը շատ ուրախ է, որ այսքան մարդ իր ծննդյան օրն է նշում: Ես, որպես մայր, կասեի՝ այսքանը տեսնելով, ես հասկացա, որ իմ որդին չի զոհվել, իմ որդին հերոսացել է ու շատ-շատերի համար օրինակ է ծառայում: Ափսոս, ուղղակի մեզ հետ չի»:
Սեւակի հայրը՝ Հովհաննեսը՝ հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո իր հետ խոսել եք, ի՞նչ էր պատմել նա այդ օրերի մասին՝ պատասխանեց. «Ես հարցնում էի, ասում էի՝ բալես, ինչ կա-չկա ձեր մոտ, ասում էր՝ պապ ջան, դուք ձեր գործին եղեք, մենք մեր գործը լավ գիտենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ