Ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը երկու օրից կրկին հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ ՝ առաջիկա ԱԺ ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին որոշ հարցեր հստակեցնելու համար: Այս մասին Aravot.am-ին ասաց պարոն Սաղաթելյանը: Նա որոշել է ընտրություններին վարկանիշային ընտրակարգով առաջադրվել Շիրակի մարզում։
Նրանից հետաքրքվեցինք՝ ինչու է «Ծառուկյան» դաշինքին նախընտրում, ի պատասխան ասաց. «Այդտեղ ավելի պարզ է ինչ-որ բան, ինչ ինձ հետաքրքրում է, պարզ է»:
Մեր հարցին՝ ինչն է իրեն հետաքրքրում ու ինչն է պարզ դարձել, պարոն Սաղաթելյանն ասաց՝ մի քանի օրից կպատասխանի բոլոր հարցերին, պարոն Ծառուկյանի հետ հստակեցումներ անելուց հետո. «Ես Ծառուկյանի հետ 1991 թվականից եմ խոսում, վերջերս մի անգամ հանդիպել եմ, երկու օրից վերջնական կհանդիպենք, պարզ կլինի, բոլորդ կիմանաք»:
Անդրադառնալով Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշում ընդունած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ պարոն Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հստակեցրե՞լ են այդ հարցն ու արդյոք իրար չեն խանգարի:
Կարդացեք նաև
«Ճիշտն ու սխալը, լավն ու վատը պարզելու համար պետք է երկուսն իրար հետ քայլեն, որ երեւա, չէ՞, դրա համար ինքն ինձ ընդհանրապես չի խանգարի: Նոր չէ, որ պետք է ճանաչեմ, վաղուց եմ ճանաչում իրեն: Ամեն մեկիս անցած կյանքը հայելու նման դրված է եղել մարդկանց առաջ: Կնայեն անցած կյանքին ու մարդկային արժեքներին, թե ով ինչքան է նորմալ մարդ եղել, հասարակության համար պիտանի, մնացածը, որ պետք է վազվզեն, սրան-նրան ահաբեկեն կամ կաշառեն, ինձ չհետաքրքրող բաներ են: Ես չգիտեմ էլ թե արդյոք նա առաջադրո՞ւմ է թեկնածությունը, թե՞՝ ոչ: Դրանք խոսակցություններ են, վերջանական ոչինչ պարզ չէ: Դաշինքի ներսում էլ համաձայնեցված չէ, ինչպես իմ որոշումն է զուտ հայտարարություն,այնպես էլ՝ նրանը»,-ասաց պարոն Սաղաթելյանը:
Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ «Ծառուկյան» դաշինքն արդյոք չի համարում իշխանություններից նեղացածների դաշինք, ի պատասխան ասաց. «Եթե խորանաք ու լավ նայեք, Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտում հազիվ մի հինգ կամ տասը հոգի կարողանաք գտնել, որոնք նեղացած չեն, մնացած բոլորն այստեղից այնտեղից նեղացածներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ