«Անալիտիկի» գործով այսօր մեկնարկած դատավարության ժամանակ շորթման մեջ մեղադրվող լրագրող՝ «Անալիտիկ» լրատվական կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացրեց դատարանին:
«Լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, եւ դատարանի որոշմամբ՝ այն չի էլ երկարացվել: Նա կալանքից անհապաղ ենթակա է ազատման: Միջնորդությունս մերժելու դեպքում էլ առաջարկում եմ հնարավորություն տալ նրան ազատել գրավի դիմաց»,-հիմնավորեց փաստաբանը:
Միջնորդության վերաբերյալ մեղադրյալ Անի Հովհաննիսյանը դատավորին ասաց. «Հուսամ՝ այս ատյանը զերծ կմնա ռուս-ադրբեջանական ներգործությունից»:
Դատարանը քննարկելով միջնորդությունը՝ այն մերժեց, գտնելով. «Դեռեւս բարձր են ռիսկերն առ այն, որ գտնվելով ազատության մեջ՝ Անի Հովհաննիսյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա»:
«Դատարանը նրան անօրինական կալանքի տակ է պահում հերթական անգամ»,-արձագանքեց Լիպարիտ Սիմոնյանը:
Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ