Արևելյան Ուկրաինայում ռուսամետ խմբավորումների և ուկրաինական բանակի ստորաբաժանումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կիրակի օրվանից տարբեր հաշվարկներով զոհվել ու վիրավորվել է 70-200 մարդ: Ուկրաինական բանակի տվյալներով՝ 3 օրվա ընթացքում զոհվել և վիրավորվել է 45 ուկրաինացի զինվոր, հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 30 մարդ, գրում է գերմանական Bild պարբերականը:
Դոնեցկի ռուսամետ իշխանությունները նշում են, որ ուկրաինական կողմից զոհերի թիվը գերազանցում է 150-ը, իսկ իրենց մոտ այդ թիվն աննշան է: Տարբեր, իրար հակասող պնդումների համաձայն՝ զոհեր կան նաև խաղաղ բնակիչների շրջանում՝ շուրջ 10-20 զոհ և վիրավոր:
Ուկրաինայի արտգործնախարարության տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում շփման ամբողջ գիծը գտնվում է ռուսական օկուպացիոն զորքերի հարվածների տակ, գործի է դրվել նաև ծանր հրետանի, ինչն արգելված է ըստ Մինսկի համաձայնագրերի:
Ուկրաինայի փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշը Bild-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ցույց տալ, որ կարող է թաքնված լարված հակամարտությունը միանգամից վերածել լայնածավալ ռազմական գործողության»:
Կարդացեք նաև
Նկարահանված հոլովակներում երևում է, որ ռուսամետ զորքերը Դոնեցկի բնակելի թաղամասերին են մոտեցրել ծանր հրետանի: Հարձակման թիրախն է Դոնեցկից հյուսիս գտնվող Ավդեևկա քաղաքը: Քաղաքի վրա ընկել է շուրջ 100 հրթիռ և մեծ քանակությամբ հրետանային արկ: Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Դոնեցկի նահանգապետ Պավել Ժեբրիվսկին հայտարարել է, որ Ավդեևկայից պատրաստում են տարհանել 9000 բնակիչների:
Դոնեցկի շրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ ռազմական գործողությունների հետևանքով զրկվել են էլեկտրականությունից, ջրամատակարարումից և ջեռուցումից: Զինվորականները քաղաքում կազմակերպում են դաշտային խոհանոցներ, որպեսզի բնակիչներին ինչ-որ կերպ տաք ուտելիքով ապահովեն:
Հրապարակված տեսանյութերում երևում է՝ ինչպես են ռուսամետ ուժերը կրակում անմիջապես բնակելի շենքերի վրա: Պարբերականի հետ զրույցում լեհ ռազմական մասնագետը (որը ցանկացել է չհրապարակել իր անունը) հայտնել է, որ նման ռազմավարության նպատակն է բնակելի թաղամասերի վրա ուղղել ուկրաինական ուժերի պատասխան հարվածները: Որոշ առումով այդ ռազմավարությունն իրեն արդարացնում է:
Ուկրաինայի փոխվարչապետը պարբերականի հետ զրույցում նշել է, որ իրենք փորձում են «օգնել այն խաղաղ բնակիչներին, որոնք հայտնվել են ծանր դրության մեջ և հումանիտար աղետի շեմին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ