Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ «Անալիտիկ» լրատվականի տնօրեն, լրագրող Անի Հովհաննիսյանը մեղադրվում է «ՎՏԲ Հայաստան» բանկի եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդեպ շորթում իրականացնելու մեջ:
Դատավորը կողմերին տեղեկացրեց՝ երկու տուժողներն էլ ծանուցվել են, սակայն չեն ներկայացել. «Իսկ Տիգրան Ուրիխանյանն առանց հարգելի պատճառների չի ներկայացել»:
Գործով որպես վկա ներգրավված մի շարք անձինք գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:
Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. «Գոյություն չունեն նման հոդվածներ, որոնք վերագրվում են ինձ: Սա քաղաքական պատվեր է: Պահանջ ունեմ, որ դադարեցվի այդ ապօրինի քաղաքական հետապնդումն իմ հանդեպ»:
Կարդացեք նաև
Անի Հովհաննիսյանը դատավորին դիմելով՝ մեկ այլ հարցի մասին բարձրաձայնեց. «Ինչո՞ւ են վկաների ցուցմունքները խեղաթյուրվում: Քննիչը ներկայացրել էր տվյալներ, որոնք այդ մարդիկ չեն ասել իրենց ցուցմունքներում»: Լրագրողի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ մեղադրանքը ենթադրությունների վրա է հիմնված, ապացույցներ չկան:
Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը սահմանեց, որ սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կզննվեն իրեղեն ապացույցները, ապա կհարցաքննվեն Տիգրան Ուրիխանյանը եւ «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչը, վերջում՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:
Նիստի այլ մանրամասները՝ հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ