Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրները խնդրից եւ խնդիրների խնդիրը

Փետրվար 01,2017 16:26

Մինչև անկախացումը օգտագործում էին օտար լեզվի «պրոբլեմ» բառը: Անցումային շրջանում սկսեցին գործածել «պրոբլեմի» թարգմանությունը՝ հիմնախնդիրը կամ հիմնահարցը: Իսկ ավելի ուշ շրջանում, երբ տարածված էր անգրագետ կամ կիսագրագետ բարձրաստիճան ղեկավարների երևույթը, նրանցից ինչ-որ մեկը, երևի հայոց լեզուն կատարելագործելու մտահոգությամբ տնտեսեց երկու վանկը և սկսեց կիրառել խնդիր բառը «պրոբլեմ» բառի իմաստով, ինչից էլ սկսվեց խնդրից խնդիրների առաջացման շարքը, մի անհեթեթությունից մյուսների առաջացման շարանը և՛ հայոց լեզվում, և՛ մեր կյանքում: Որովհետև առաջ էլ գոյություն ուներ խնդիր բառը և, քանի որ օգտագործվում էր միայն խնդիր արտահայտելու իմաստով, ամեն ինչ իր տեղում էր:

Իսկ երբ կիսագրագետ ղեկավարը սկսեց կիրառել այն աջ ու ձախ, տեղի թե անտեղի, հարկի թե անհարկի, իսկ ստորադասներն էլ միշտ ձգտում են գերազանցել իրենց վերադասին և, պատկերավոր ասած, ավելի կաթոլիկ լինել, քան իրենց «Հռոմի պապը»՝ վերադասը, ուստի հիմա արդեն բառապաշարի աղքատության պատճառով, ցանկացած երևույթի անվանումն արտահայտող բառը չգտնելու դեպքում, միանգամից օգտագործում են խնդիր բառը: Օրինակ, բացի խնդիր երևույթից խնդիր բառով են անվանում բոլոր հետևյալ երևույթները. հիմնախնդիր, նպատակ, ձգտում, գործ, առաջադրանք, հանձնարարություն, կարիք, անհրաժեշտություն, դժվարություն, ծանր, բարդություն, խոչընդոտ, պակաս, խոսք, հարց, երևույթ և այլն:

Օրինակ, ասում են. «Մեծ խնդիր (հիմնախնդիր) է բարձրացել մեր առաջ», «Մենք մեր առջև խնդիր (նպատակ) ենք դրել հասնել այսինչ ցուցանիշին», «Մենք խնդիր (ձգտում) ունենք կատարելու այնինչ գործը», «Հայրենիքի պաշտպանության խնդիրը (գործը) զինվորը պատվով է կատարում», «Իրեն խնդիր (առաջադրանք) է տրված գրավելու բարձունքը», «Նա չկատարեց իր խնդիրը (հանձնարարությունը)», «Զինվորը աջակցության խնդիր (կարիք) ունի», «Երկրում փոփոխությունների խնդիր (անհրաժեշտություն) է առաջացել», «Այսինչ գործը կատարելու համար որոշ խնդիրներ (դժվարություններ) կան», «Նրա վիճակը խնդիր (ծանր) է», «Այնինչ հարցը լուծելու ընթացքում որոշ խնդիրներ (բարդություններ) են առաջացել», «Աղքատության խնդիրը (խոչընդոտը) հաղթահարել է պետք», «Մենք աշխատատեղերի խնդիր (պակաս) ունենք», «Խնդիրը (խոսքը) գործազրկության մասին է», «Խնդիր (հարց) չկա», «Հասարակությունում և հատկապես գյուղական վայրերում մեծ աղքատության խնդիրը (երևույթը) պետության համար ամոթալի երևույթների շարքում նշանակալի տեղ է զբաղեցնում»:

Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ, քանի որ այդպիսի բառերի քանակը գնալով ավելանում է, խնդիր բառը գնալով ավելի շատ բառերի է փոխարինում: Այսպիսով, ամենաքիչը տասնվեց տարբեր բառերի փոխարեն մեկ բառ է օգտագործվում: Բացի այն, որ լեզուն է աղքատանում և ընկնում է հաղորդակցության արդյունավետությունը, նաև լսողին մնում է գլուխկոտրուկի մեջ ընկնել, կռահելու, գուշակելու համար, թե ինչի մասին է խոսքը: Եվ սկսվում է անհեթեթությունների շարանը, ինչպես հետևյալ նախադասությունում: «Եթե խնդիրը աղքատության մասին է, ապա խնդիր չկա, հետագա խնդիրներից խուսափելու նկատառումով գործազրկության խնդիրը լուծելու համար մենք մեր առջև խնդիր ենք դրել և խնդիր ունենք կատարելու մեր խնդիրը ավելի լավ, որի համար նոր խնդիրներ ենք դրել աշխատակիցների առջև և խնդիր ենք տվել ավելի շատ ու որակով աշխատել, որպեսզի խնդիր չառաջանա նրանց ազատելու, խնդիր չունենանք փոխարինելու նրանց, իրենց ընտանիքներին խնդիրների առջև չկանգնեցնելու, նրանց վիճակը խնդիր չդարձնելու համար, քանի որ գիտելիքների խնդիր չլինելու պատճառով ոչ մի խնդիր չկա ավելի արդյունավետ աշխատանքի հասնելու և աղքատության խնդրից ազատվելու համար»:

Խնդիր բառը փոխարինում է տասնվեց բառերի, ահա դրանք: «Եթե խնդիրը (խոսքը) աղքատության մասին է, ապա խնդիր (հարց) չկա, հետագա խնդիրներից (բարդություններից) խուսափելու նկատառումով գործազրկության խնդիրը (հիմնախնդիրը) լուծելու համար մենք մեր առջև խնդիր (նպատակ) ենք դրել և խնդիր (ձգտում) ունենք կատարելու մեր խնդիրը (գործը) ավելի լավ, որի համար նոր խնդիրներ (առաջադրանքներ) ենք դրել աշխատակիցների առջև և խնդիր (հանձնարարություն) ենք տվել ավելի շատ ու որակով աշխատել, որպեսզի խնդիր (անհրաժեշտություն) չառաջանա նրանց ազատելու, խնդիր (կարիք) չունենանք փոխարինելու նրանց, իրենց ընտանիքներին խնդիրների (դժվարությունների) առջև չկանգնեցնելու, նրանց վիճակը խնդիր (ծանր) չդարձնելու համար, քանի որ գիտելիքների խնդիր (պակաս) չլինելու պատճառով ոչ մի խնդիր (խոչընդոտ) չկա ավելի արդյունավետ աշխատանքի հասնելու և աղքատության խնդրից (երևույթից) ազատվելու համար»:

Այլ կերպ չէր էլ կարող լինել. երբ ամենաբարձր կամ ամենաբարձրից քիչ ցածր մակարդակի պաշտոնյաները, նախարարները, պատգամավորներն իրենց գիտելիքների խնդրի (պակասի) պատճառով հայոց լեզվի կիրառման հետ կապված խնդիրներ (դժվարություններ) ունեն, ապա հայոց լեզվի վիճակը խնդիր (ծանր) է լինելու:

Այնինչ ամեն մի բան իր անունն ունի: Եվ, ինչպես որ ամեն մի բան իր անունն ունի, այնպես էլ ներկայումս սխալ օգտագործվող ամեն մի «խնդիր» իր գոյականն ունի: Ընդամենը պետք է դրանք իմանալ և ճիշտ տեղում դնել: Ճիշտ կլիներ օգտագործել խնդիր բառը միայն խնդիր երևույթն արտահայտելու համար, օրինակ՝ «Մեր առջև կանգնած խնդիրը (խնդիրը) լուծել ենք»: Այսինքն` խնդիրը որոշակի հայտնի տվյալների հիման վրա որոշ անհայտներ գտնելու գործողությունը կամ գործընթացն է: Ուրիշ ոչինչ: Ուրիշ խնդիր չկա: Ուրիշ խնդիրները ստեղծում են կիսագրագիտության պատճառով աղքատիկ բառապաշար ունեցող, բայց, հակառակ դրան, իրենց բարձր դիրքի շնորհիվ լրատվամիջոցներով հաճախակի ելույթների միջոցով հանրային կարծիքի և բառապաշարի վրա ազդեցություն ունեցող մարդիկ:

Մի ժամանակ էլ այդպիսի մարդկանց շնորհիվ (թե՞ պատճառով) տարածված էր «բան» բառը: Այդ ժամանակ էլ «նրանք այնպիսի բան էին անում, որ այնպիսի բան էր ստացվում, որ դրա դեմ ոչ ոք ոչ մի բան չէր կարողանում անել, և բանը բանից անցնում էր»: Հիմա էլ «նրանք այնպիսի խնդիր են ստեղծել, որից այլ խնդիրներ են առաջացել, որ ոչ ոք այդ խնդիրները չի կարողանում լուծել»: Խնդիրը խնդիրներ է ստեղծել, դրանք էլ ուրիշները, խնդիրները հարցականների նման կախվել են մարդկանց գլխին, գցել նրանց այնպիսի խնդիրների մեջ, որոնք անլուծելի են դարձնում կյանքի բոլոր խնդիրները: Խնդիրը խնդիրներ է դարձել, որոնք խնդրում են լուծել իրենց, բայց խնդիրների լուծման խնդիրը բազմաթիվ անհայտներով անլուծելի խնդիրների խնդրագրքի կարող է վերածվել:

Լավ, խնդիրը՝ խնդիր, բայց սրանք լոկ խնդիրներ են: Իսկ ո՞րն է խնդիրների խնդիրը կամ խնդիր քառակուսին, կամ քառակուսի արմատը խնդրից: Իսկ խնդիրների խնդիրը գրագիտության պակասն է ղեկավարների մոտ կամ երբ ղեկավարներ են ընտրվում և նշանակվում կիսագրագետների շարքերից: Այդ խնդիրն իր հերթին առաջացնում է խելքի պակասի խնդիրը ղեկավարների մոտ այն դեպքում, որ ղեկավարները ոչ միայն խելքով պետք է լինեին, այլև իմաստուն:

Ոչ իմաստուն ղեկավարի խնդիրն էլ ստեղծում է իր ղեկավարած կազմակերպությունը կամ երկիրը սխալ ճանապարհով առաջնորդելու խնդիրը, որի պատճառով թերությունների և անկատարությունների քանակն այնքան է մեծանում, որ վերածվում է որակի, ցավո՜ք, ավելի ցածր: Իսկ երբ այդ խնդիրը դեպի ցած փոխի հայ ազգի որակի շարժման ուղղությունը, ապա դա արդեն անդառնալի կորուստի անլուծելի խնդրի առաջ կկանգնեցնի բոլորիս: Ուստի ազգի առաջ խնդիր է բարձրացել. թույլ չտալ, որ ո՛չ բարոյական, ո՛չ մտավոր կարողություններ ունեցող մարդիկ դառնան ղեկավարներ: Այո, իմաստության պակասի խնդրից ոչ պակաս խնդիր է բարոյական բարձր հատկություններով մարդկանց առաջքաշումը որպես ղեկավարներ, որպեսզի թեկուզ խելացի, բայց բարոյականության պակաս ունեցող ղեկավարներն իրենց խելքը չօգտագործեն ի վնաս հասարակության, ժողովրդի, ազգի: Ուզեն մարդիկ թե չուզեն, իմանան մարդիկ այդ մասին, թե ոչ, միևնույն է, պատաճառահետևանքային կապերը կյանքում գործում են անշեղորեն. մի խնդիրը պատճառ է դառնում ուրիշ խնդրի առաջացման համար որպես իր հետևանքի, սա էլ իր հերթին ուրիշի համար, և այդպես շարունակ:

Խնդիրների կծիկը մեծանում և խճճվում է այնքան, որ անլուծելի խնդիր է դառնում սերունդների համար: Եվ այդպիսի խնդիրների ամենամեծ բացասական հետևանքը հայոց երկրի և հայ ազգի փոքրությունն է ու թուլությունը, անընդհատ թուլացումը: Արդյո՞ք կկարողանա սերունդներից որևէ մեկը լուծել այս խնդիրների խնդիրը:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728