Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփո՞ւմ է տեղում

Փետրվար 01,2017 15:46

Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության եւ նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների:

Հուլիսի 30-ին այդ դեպքերի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՔԾն գործն առաջ չի տանում եւ լռություն է պահպանում 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փոքրիկ հարցախույզ անցկացրեց տուժած լրագրողների շրջանում՝ պարզելու, թե վեց ամիսների ընթացքում վերջին անգամ նրանք երբ են հանդիպել քննիչներին, ինչ զարգացումներ կան այս գործով: «1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին։

«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանն էլ կմոռանար գործի մասին, եթե միայն ոտքի ցավը չհիշեցներ…Դեպքի օրը նա ոտքերի եւ ուսերի սալջարդեր էր ստացել, իսկ գործածված պայթուցիկներից՝ բեկորային վնասվածքներ։ Քննչական մարմինների հետ առնչվել է սեպտեմբերին, այն էլ փորձաքննության նպատակով՝ պարզելու՝ արդյո՞ք հագուստի վրա իր արյունն է, թե ոչ։ Մարութ Վանյանի խոսքով՝ քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են։ Հետո՝ մեկ ամիս էլ չանցած, սկսեցին լռել…

Հարցաքննության չի հրավիրվել, իսկ ահա բուժման ստիպված է ինտենսիվ կերպով հաճախել։ «Երբ հիվանդանոցում էի՝ ասում էին 10 օրից կանցնի, վեց ամիս է անցել դեպքերից, ես դեռ շարունակում եմ այցելել ֆիզիոթերապևտի», – նշեց Մարութ Վանյանը։ Ֆիզիկական բռնության ենթարկելուց բացի քաղաքացիական հագուստով անձինք կոտրել էին օպերատորի երկու տեսախցիկները, հափշտակել նրա անձնագիրը։ Վեց ամիսների ընթացքում ոչ տեսախցիկներն են փոխհատուցվել, ոչ անձնագիրն է գտնվել։ Լրագրողն անգամ անձը հաստատող տեղեկանք չունի։ Դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, սակայն պատասխանը քար լռությունն է եղել. «Այսպիսին է նրանց վերաբերմունքը, գոնե ինչ-որ կերպ արձագանքեին։ Դժվա՞ր է ասել՝ մենք ենք զբաղվում կամ մենք չենք զբաղվում այդ հարցով», – իր վրդովմունքը հայտնեց Մարութ Վանյանը։

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, ով վերջին անգամ հենց դեպքի օրը հիվանդանոցում է հարցաքննվել, նշեց, որ չնայած առկա տեսանյութին, ու այն հանգամանքին, որ ուղիղ եթերում է աշխատելիս եղել, երբ բռնության է ենթարկվել, այդուհանդերձ, բացահայտված չեն ոչ իր և օպերատորի ուղղությամբ պայթուցիկներ նետած, ոչ էլ մեքենան կանգնեցրած ու իրենց մասնագիտական աշխատանքը խոչընդոտած ոստիկանները։ «Կադրում երևում է և մեքենան, և անձինք, ովքեր խոչընդոտել են մեր աշխատանքը, ցանկության դեպքում նրանց կհարցաքննեին ու պատասխանատվության կենթարկեին: Վեց ամիսը հաստատ բավարար էր դրա համար», – նշեց Ռոբերտ Անանյանը։

Լրագրողը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նման գործերը չեն բացահայտվում, իսկ Եվրոպական դատարանում հաջողության հասնելու հիմքեր կան։ «Երկու տարի, ամեն ամառ զանգվածային կերպով խախտվում են լրագրողների իրավունքները: 2017 թվականն է, բայց դեռ բացահայտված չեն 2015-ին լրագրողների դեմ բռնություն կիրառած հանցագործները։ Հայաստանյան իրավապահ համակարգի «լավագույն ավանդույթները» շարունակվում են. այս տարի ևս այդ մարմինները շարժվում են գործը կոծկելու նույն տրամաբանությամբ», – նշեց լրագրողը։

Իրավապահ մարմինների դանդաղ գործելաոճն այլևս չի զարմացնում անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանին, ով ևս ՀՔԾ-ից վերջին ծանուցումն ստացել է շուրջ երեք ամիս առաջ։ Լրագրողը նույնիսկ դժվարացավ հիշել՝ ինչի մասին էր ծանուցումը. «Հարցաքննության հրավեր չէր հաստատ։ Կարծեմ գործընկերներիս փորձաքննության արդյունքներին ծանոթանալու էին հրավիրում։ «#ElectricYerevan»-ի գործի քննության սցենարն է. մի քանի հոգու մեղադրանք են առաջադրել ու կանգ առել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի անգամ էլ լրագրողներին ծեծի կենթարկեն, ու դա առիթ կլինի, որպեսզի մի քանի գործ էլ այդ ժամանակ ձևական ուղարկեն դատարան», – նշեց Գևորգ Ղազարյանը։

Դեպքի օրը ոստիկանական շարքերից քաղաքացիական հագուստով անձինք դուրս էին եկել ու հարձակվել ֆոտոլրագրողի վրա։ Նրա խցիկներից մեկը կոտրել էին, մյուսը խլել։ Տեխնիկան մինչ օրս չի փոխհատուցվել։ «Չգիտեմ՝ հետագայում ինչպես են աշխատելու այդ նույն լրագրողների հետ։ Այրում են բոլոր կամուրջները։ Որքանո՞վ կարող ես ոստիկանին լուրջ վերաբերվել, եթե լրագրողի ձեռքից խլում է տեխնիկան ու ապուշ կտրած հայացքով նայում, իբր ոչինչ չի պատահել»,- նշեց Գևորգ Ղազարյանը։

Լրագրողների նկատմամբ բռնության մյուս դեպքերը ևս անտեսվում են

 Հուլիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդին հարող տարածքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ևս մեկ առանձին քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, հուլիսի 17-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակի տարածքում ֆիզիկական բռնության է ենթարկվել «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ոստիկանը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին։ Իսկ հուլիսի 21-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի մոտ ծեծի է ենթարկվել «Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը:

«4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում վերջին անգամ եղել է սեպտեմբերին. ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, դիմում է գրել, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկատվություն չի ստացել։ Անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ։ «Եթե նույնիսկ հիմա հարցնեն՝ ով է ծեծել քեզ, այլևս չեմ հիշի, այնքան ժամանակ է անցել, որ դեմքն էլ եմ մոռացել», – նշեց Արթուր Հայրապետյանը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանը իրեն հարվածողի դեմքը լավ է հիշում. ՀՔԾ-ում քննիչների հետ դիտել է միջադեպի տեսագրությունը, որտեղ ակնհայտ երևում է բռնություն կիրառած ոստիկանը։ Լրագրողը տուժող է ճանաչվել դեռ 2016-ի օգոստոսին։ «Տեսանյութում ամեն ինչ ակնհայտ երևում է։ Պետք է առերեսում լիներ, սակայն տուժող ճանաչվելու օրվանից հետո այլևս ինձ հետ ՀՔԾ-ից կապ չեն հաստատել։ Հաշվի առնելով, թե նման միջադեպերն ինչ ճակատագրի են արժանացել, կարծում եմ՝ այս գործն էլ չի տարբերվի նախորդներից», – նշեց Արտակ Համբարձումյանը։

«Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը հույսը չի կորցրել. սպասում է, որ տեղաշարժ կլինի։ «Իմ գործն այնքանով է առանձնահատուկ, որ տեսագրվել է, ու դրա մեջ առկա անձանց ճանաչում պետք է իրականացվի։ Նախորդ գործերի պրակտիկան ցույց է տալիս, որ իրական մեղավորները, որպես կանոն, չեն պատժվում։ Չի բացառվում, որ այս գործն էլ նույն ճակատագրին արժանանա, քանի որ կրկին բացակայում է այն բացահայտելու քաղաքական կամքը», – նշեց լրագրողը։

Վեց ամիս անց. ընդամենը 8 մեղադրյալ, այն էլ՝ ոչ ոստիկան

 2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով 6 ամիսների ընթացքում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 8 անձանց, որոնցից 7-ի («Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության եւ «News.am» կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողների) վերաբերյալ քրեական գործից անջատված մասերի նախաքննությունը ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար 4 անձանց (Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան ու Կարեն Գրիգորյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման եւ տուգանվել 200 հազարական դրամով:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան ծեծի ենթարկելու համար մեկ անձ մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 200 հազար դրամ տուգանքով: «News.am» կայքի աշխատակից Խորեն Գրիգորյանի առումով դատավճիռ դեռ չկա, դատական նիստերը շարունակվում են:

Հատկանշական է, որ 8 մեղադրյալները բոլորն էլ քաղաքացիական անձինք են: Տուժած լրագրողների խոսքով՝ գործով կալանավորվածների մեջ չկան տեսանյութերում երևացող և բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց հրաման տվող բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը, ով հարվածներ էր ստացել գլխի եւ պարանոցի շրջանում, ԽԱՊԿ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատիժը ենթադրում է հրահանգ տվողների և ոչ թե այդ հրահանգը կատարողների պատասխանատվություն։ «Այնպես չէր, որ քաղաքացիական հագուստով անձինք սեփական նախաձեռնությամբ միանման մահակները վերցրեցին ու որոշեցին ոստիկանների աչքի առաջ ծեծել ցուցարարներին ու լրագրողներին։ Պարզ է, որ այդ ամենը «վերևից» իջեցված հրաման է եղել։ Պարզ է նաև, թե ինչու չէին ոստիկաններն այդ ամենին միջամտում։ Իսկ գործը դանդաղ է տեղից շարժվում, քանի որ չկա այն բացահայտելու կամք, նույն սցենարով են շարժվում, ինչպես «#ElectricYerevan»-ի ժամանակ», – նշում է Կարլեն Ասլանյանը։

«Գործը դանդաղ է տեղից շարժվում» արտահայտությունն այս դեպքում, կարծում ենք, մեղմ է ասված։ 21 լրագրողի ու օպերատորի պաշտոնապես տուժող ճանաչելու պարագայում 8 հոգու մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը գրեթե կանգ է առել։ Այդ մասին է վկայում ոչ միայն ԽԱՊԿ-ի՝ լրագրողների շրջանում կատարած հարցախույզը, այլ հենց ՀՔԾ-ի պաշտոնական կայքը։ Քննչական այս մարմինն իր կայքում գործի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը տարածել է երեք ամիս առաջ՝ 2016 թ. հոկտեմբերի 31-ին։

Փաստորեն, այս ամիսների ընթացքում ոչ առերեսում է եղել, ոչ էլ նոր կասկածյալներ ու մեղադրյալներ են ի հայտ եկել։ Կամ եղել են, ՀՔԾ-ն է լռում՝ այդ տեղեկատվությունը չհայտնելով հանրությանը։

Լիլիթ Հովհաննիսյան

Հ.Գ. Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոդվածը պատրաստելուց առաջ գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը լրանալուց և այդպես էլ պատասխան չստանալուց հետո դիմեցինք ՀՔԾ մամուլի խոսնակին։ Նա խոստացավ հետաքրքրվել ու տեղեկացնել, թե երբ կստանանք գրավոր պատասխանը։ Նրա խոստումը ևս մնաց առկախ։ Սակայն ԽԱՊԿ-ը հետեւողական է լինելու…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728