Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքները Հայաստանում-2016

Փետրվար 01,2017 15:24

Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

ՄԱՀՀԻ գործընկեր

Եթե դիտարկենք միջազգային կազմակերպությունների զեկույցները տարբեր տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ապա, որպես կանոն, զեկույցները սկսվում են հետևյալ արտահայտությամբ՝ մարդու իրավունքների բնագավառում էական առաջընթաց չի գրանցվել։

Հայաստանն  արդեն  25 տարվա անկախ պետություն է, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ, որոնց անդամակցությամբ ստանձնել է պարտավորություններ մարդու իրավունքների բնագավառում։ Ավելին, ՀՀ Սահմանադրության 2-րդ, 3-րդ  գլուխներով հռչակվում են մարդու ազատություններն ու իրավունքները, որոնք հիմնականում համահունչ են մարդու իրավունքների միջազգային հիմնարար փաստաթղթերին։ Արդ, ո՞րն է պատճառը, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չի արձանագրվում, և Հայաստանը դեռևս գտնվում է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի տակ։ Կարծում ենք՝ պատճառը պետք է փնտրել Հայաստանի քաղաքական համակարգում. այն է՝ ապահովու՞մ է արդյոք ՀՀ Սահմանադրությունն իշխանության թևերի տարանջատում։

Այս թեմային առավել մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ զեկույցում[1], և միայն նշենք, որ  նույն համակարգի  պայմաններում հուսալ իշխանությունների քաղաքական կամքի, դատարանների անաչառության և մարդու իրավունքների բնագավառում հնարավոր առաջընթաց, մեր կարծիքով մոլորություն է։

2015թ. ամփոփվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ դեկտեմբերի  6-ի հանրաքվեով: Հանրաքվեի ողջ գործընթացն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով։ Դիտորդություն իրականացրած կազմակերպությունների (Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Քաղաքացի դիտորդ) կողմից գրանցվեցին հետևյալ խախտումները՝ այլ անձի փոխարեն և կրկնակի քվեարկության բազմաթիվ դեպքեր, լցոնումներ և լցոնման փորձեր, կեղծ լրացուցիչ ցուցակներով ընտրողներ, ճնշումներ, սպառնալիքներ դիտորդների, վստահված անձանց, լրագրողների նկատմամբ, ինչպես նաև` դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քվեաթերթիկների վերահաշվարկներ. այդ վերահաշվարկների գործընթացը սկսվել է այն դեպքում, երբ տեղամասերից հաղորդվել են նախնական արդյունքները: Պարզվել է, որ նախնական արդյունքներով «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը եղել է ավելի շատ, իսկ տեղամասերում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են կատարվել: Այս պայմաններում փոխվել են քվեարկության արդյունքները, մի քանի տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ավելացել է «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը։ Միջազգային դիտորդներից Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչները հայտարարեցին, որ արձանագրել են ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ և կարծիք հայտնեցին, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումներով, լցոնումներով պայմանավորված՝ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է լեգիտիմ համարվեն[2]: Ահա այսպիսի “ժողովրդավարական” պաշարով Հայաստանը թևակոխեց 2016թ.:

Տարին սկսվեց քաղաքական հետապնդումներով.

2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին կոպտորեն խոչընդոտել էին ոստիկանները: Հինգ քաղաքացի բերման էր ենթարկվել և ավելի ուշ բաց թողնվել, իսկ Գևորգ Սաֆարյանը 2016թ. հունվարի 3-ին կալանավորվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և նա կալանավորվեց: Վերջինիս վերաբերյալ գործին անդրադարձել է Human rights watch հեղինակավոր կազմակերպությունը՝ պահանջելով ՀՀ իշխանություններից ազատ արձակել՝ փաստորեն նրան ճանաչելով որպես քաղաքական հալածյալ[3]։

Թեև 2016թ. համապետական ընտրությունների տարի չէր, այնուամենայնիվ, այն զերծ չմնաց քաղաքական ցնցումներից և մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:

Ինչպես և նախորդ քաղաքական ճգնաժամերի ընթացքում, այնպես էլ 2016թ. հուլիսյան դեպքերի ժամանակ առանց օրենքով արտակարգ դրություն հայտարարելու Հայաստանում դադարում են գործել տարրական իրավունքներն ու օրենքները, և Հայաստանը, կարծես, վերածվում է ոստիկանական պետության:

2016թ. հունվար-մարտ ամիսներին, երբ քաղաքական ուժերը բանակցությունների մեջ էին նոր ընտրական օրենսգրքի շուրջ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի հետ ընդհանուր սահմանի ողջ երկայնքով, որոնք նույն ինտենսիվությամբ շարունակվեցին մինչև ապրիլի 5-ը՝ երկու պետությունների միջև կրակի դադարեցման մասին պայմանագրի ստորագրումը: Կիրառվեցին ռազմական տեխնիկայի բազմաթիվ տեսակներ, հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվեցին 77 զինծառայող և սահմանամերձ բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ, Ադրբեջանի զինված ուժերը պաշտոնական տվյալներով գրավեցին շուրջ 800 հա տարածք շփման գծում:

Ռազմական գործողությունները, որոնք անվանվեցին «քառօրյա պատերազմ», ցնցեցին հասարակությանը և իշխանություններին` ի ցույց դնելով պաշտպանության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերությունները: Մտահոգության և բողոքի ձայն բարձրացրեցին հանրության տարբեր ներկայացուցիչներ և քաղաքացիական նախաձեռնություններ՝ մեղքի բաժին վերագրելով իշխանություններին` վատ կառավարման և կոռուպցիայի, ռազմական սպառազինության հնացած լինելու պատճառով գործողությունների ընթացքում կրած զոհերի և կորուստների համար: Ներկա ու նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից հնչեցին համախմբման կոչեր, իսկ հասարակության դժգոհության արտահայտման փորձերը ենթարկվեցին ճնշումների: Երկրում ստեղծված լարվածությունն իր ազդեցությունն ունեցավ հետագա իրադարձությունների վրա³:

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին հաջորդեցին բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչների հիմնական պահանջը տարբեր պետական ծառայողների պաշտոնանկությունը և պետության արտաքին քաղաքականության բարելավումն էր: Ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը դադարեցվեց ոստիկանության կողմից: Հավաքի մասնակիցները ցանկանում էին մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին և նամակով փոխանցել իրենց պահանջները, սակայն ոստիկանության ծառայողները, որոնց թիվը բազմակի գերազանցում էր հավաքի մասնակիցների թիվը, երթը կանգնեցրեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում և կոպիտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին հավաքի մասնակիցներին[4]։

2016թ. հունիսի 20-ին ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը` մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով:

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինյալ խումբը, որի կազմի մեջ էին մտնում քաղաքական ակտիվիստներ և Արցախյան պատերազմի վետերաններ, գրավեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակետային գունդը՝ պահանջելով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և հանրապետության նախագահի հրաժարականը` որպես սոցիալական անարդարության և ռազմական գործողությունների անհաջողությունների համար պատասխանատու անձի:

Իրադարձությանն անմիջապես հետևեց հանրության, ինչպես նաև հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների արձագանքը, և գնդի գրավման օրվանից մեկնարկեցին զանգվածային հավաքներ, երթեր ու նստացույցեր մայրաքաղաքում և հանրապետության այլ մարզերում: Արձագանքներն իրարամերժ էին` խիստ մեղադրականից, խմբի անդամներին ահաբեկիչներ որակելուց մինչև հանրային լայն աջակցություն և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պահանջ: Հավաքները, որոնք մեծապես խաղաղ բնույթ ունեին, ոստիկանության կողմից ենթարկվեցին աննախադեպ բռնությունների և անօրինական միջամտությունների. հարյուրավոր մարդիկ տարբեր իրավունքների խախտումներով բերման ենթարկվեցին, ձերբակալվեցին, շատերի դեմ քրեական գործեր հարուցվեցին: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները հանձնվեցին և կալանավորվեցին, նրանք մեղադրվեցին տարբեր հանցագործությունների, ներառյալ` շինություններ գրավելու, պատանդ վերցնելու և ոստիկանության 3 ծառայողների մահվան մեջ: Երկրում շարունակում էր տիրել չափազանց լարված իրավիճակ:

2016թ. հուլիսի 17-ին հաջորդող օրերին արձանագրվել են ոստիկանների կողմից հավաքների խաղաղ մասնակիցների և լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնությունների բազմաթիվ դեպքեր, որոնք, որոշ դեպքերում, կարելի է բնորոշել որպես խոշտանգում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այդ օրերին տասնյակ ահազանգեր է ստացել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ դրսևորած համատարած բռնությունների վերաբերյալ. առանձնակի դաժանությամբ բռնություններ են կիրառվել հատկապես քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող անձանց նկատմամբ:

2016թ. հուլիսի 17-ին ժամը 16:30-ին հավաքների ակտիվ մասնակից Վաղինակ Շուշանյանի աշխատանքի վայր են այցելել ոստիկանները և նրան տարել ոստիկանության զորքերի զորամաս, մի քանի րոպե բռունցքներով ու ոտքերով ծեծի են ենթարկել` հարվածելով դեմքին, գլխին և որովայնին, այնուհետև ոստիկաններից մեկը ոտքով ուժգին հարվածել է կրծքավանդակին, որից հետո Շուշանյանի շնչառությունը վատացել է:

2016թ. հուլիսի 18-ին Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակիցներ Արտուշ Չիբուխչյանն ու Լևոն Զաքարյանը ոստիկանների գործողությունների և քաշքշուկի պատճառով ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Նույն օրն Ազատության հրապարակում խաղաղ հավաքի մասնակից Դավիթ Սանասարյանը բարձրախոսով ելույթ ունենալուց հետո ժամը 19:30-ի սահմաններում բերման է ենթարկվել և պահվել ոստիկանության զորքերի զորամասում: Նրան ձեռնաշղթաներով բերման ենթարկելիս ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողներն արժանացրել են դաժան ծեծի և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, այդ թվում` ոտքերով հարվածել են գլխին: Սանասարյանի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, և ախտորոշվել է ուղեղի ցնցում:

2016թ. հուլիսի 29-ին ոստիկանները հատուկ միջոցներ (պայթուցիկներ, լուսարձակող սարքեր և այլն) և բռնություն են կիրառել Երևանի Սարի թաղ թաղամասում հավաքված ցուցարարների դեմ, որի ժամանակ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել հավաքի մասնակիցները և լրագրողները: Ոստիկանության կողմից կիրառվել են սպառազինության հատուկ միջոցներ (վահաններ, խլացուցիչ նռնակներ), իսկ գործողություններին ոստիկանների հետ միասին մասնակցել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք զինված են եղել մետաղյա ձողերով և մահակներով: Հավաքի բազմաթիվ մասնակիցներ և լրագրողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ, հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով տարբեր վնասվածքներով Երևանի բուժհաստատություններ է դիմել 73 անձ: Ձերբակալվածների մեջ էին ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ՝ Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը: Հետագայում Անդրիաս Ղուկասյանից և Կարո Եղնուկյանից բացի մնացածը գրավի դիմաց ազատ են արձակվել:

Հուլիսյան դեպքերն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնություններով: 2016թ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել է 26 լրագրող և օպերատոր: Բացի այդ կազմակերպությունն արձանագրել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 30 փաստ[5] :

Հուլիսյան դեպքերի ընթացքում  մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքեցին նաև միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունները[6]:

Տարեվերջին բացահայտվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող քողարկված քաղաքական հայացքների հետապնդման դեպք։ Այսպես. 2016թ. դեկտեմբերի 12-ին հանրահայտ երաժիշտ Վահան Արծրունուն ԱԱԾ-ից հեռախոսազանգով հրավիրել են զրույցի: Արծրունու խոսքով` ԱԱԾ-ում նրան մի քանի հարց  են ուղղել` կապված  «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ կապ ունենալու, Երևանի Խորենացու փողոցում հուլիսին տեղի ունեցած հավաքներին մասնակցելու, ինչպես նաև իր եկամուտների վերաբերյալ: ԱԱԾ-ի գործողություններն Արծրունին մեկնաբանել էր որպես քաղաքական ճնշում իր ընդդիմադիր հայացքների համար[7]:

Եվ, վերջապես, ընտրությունների մասին: 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունից հետո սահմանադրական պահանջ էր նոր Ընտրական օրենսգրքի (ԸՕ) ընդունումը: Այն ընդունվեց 2016թ. մայիսի 25-ին և ուժի մեջ մտավ 2016թ. հունիսի 1-ից:

Նոր ԸՕ-ով սահմանվեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը (բացառությամբ զորամասերում, ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների), որը նախորդ բոլոր համապետական ընտրությունների ընթացքում ընդդիմության և քաղաքացիական հասարակության հիմնական պահանջն էր: Կարևոր փոփոխություններից էր նաև ընտրատեղամասերում քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումն ուղիղ ժամանակային ռեժիմով` հատուկ ստեղծված կայք(երի) միջոցով, որը պետք է իրականացվի մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից[8]:

Միաժամանակ նոր ԸՕ-ով սահմանափակումներ սահմանվեցին դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների նկատմամբ. սահմանվեց, որ ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով իրավասու է հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնել դիտորդին, ԶԼՄ ներկայացուցիչներին, եթե համարում է, որ դիտորդը կամ ԶԼՄ ներկայացուցիչը խախտել է ԸՕ-ի պահանջները, ինչպես նաև սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող դիտորդների և լրագրողների առավելագույն թիվը` մինչև 15-ը[9]:

2016թ. սեպտեմբերին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքապետերի և ավագանու ընտրություններ: Հաշվի առնելով 2017թ. սպասվող խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական ուժերն առաջին անգամ  աննախադեպ ակտիվություն ցուցաբերեցին տեղական ընտրություններին: Դիտորդական կազմակերպություններն ընտրություններից հետո հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ 2016թ. ՏԻՄ ընտրություններն անցել են ոչ ազատ և արդար` արձանագրելով հետևյալ խախտումները.

ընտրակաշառքի բաժանում նախընտրական շրջանում և քվեարկության օրը,
վարչական ռեսուրսի չարաշահումներ,
ընտրողների (հատկապես տարեց մարդկանց) ուղղորդում տեղամասի ներսում և տեղամասից դուրս, ընտրողին օգնելու հաճախակի դեպքեր,
կարուսելի կիրառում (մաքուր քվեաթերթիկների դուրսբերում ընտրատեղամասից),
բաց և բազմակի քվեարկության դեպքեր,
ընտրացուցակների անճշտություններ (անվան բացակայություն կամ մահացած անձի անվան առկայություն),
դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտումներ, նրանց աշխատանքների խոչընդոտում կամ դիտարկումների գրանցման մերժում գրանցամատյանում,
մարդկանց կամ մեքենաների կուտակումներ, ընտրողների տեղափոխություն,
կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում:

ՏԻՄ ընտրությունների և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում արձանագրվեցին նաև բռնությունների, ահաբեկման, ծեծի դեպքեր: Համայնքների գերակշիռ մասում, այդ թվում՝ Գյումրի և Վանաձոր համայնքներում համայնքապետեր դարձան իշխանության կողմից հովանավորվող թեկնածուները:

Էջմիածին քաղաքում ընտրությունների նախօրեին` սեպտեմբերի 16-ի գիշերը, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցների կողմից բռնության ենթարկվեցին քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկը` Արթուր Թումանյանը և իր թիմակիցները: Ըստ Արթուր Թումանյանի` Երևան-Էջմիածին ավտոճանապարհին իրենց մեքենային հարվածել են, ապա կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը: Արթուր Թումանյանի պնդմամբ` իրենց ծեծել են մի քանի տասնյակ մարդ, այդ թվում` Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը: Չնայած այս ամենին՝ ՀՀ կենտրոնական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքներով Էջմիածին քաղաքում  հաղթող ճանաչեց գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին[10]:

Ահա այսպիսին է 2016թ. ժողովրդավարության և մարդու իրավունքների համառոտ նկարագիրը Հայաստանում: Այսպիսով, Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում ոչ միայն առաջընթաց չարձանագրվեց, այլև նկատվեց էական նահանջ։

 

Զեկույցը պատրաստվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) «Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի (NED) շրջանակներում:

 

[1] Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. համակարգային խնդիրները հին և նոր սահմանադրությունների լույսի ներքո, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ, 26 դեկտեմբերի, 2015թ. https://aiisa.am/arm/ourexperts/publication/85

[2] Միջազգային դիտորդներ. Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հանրության ազատ կամքը և լեգիտիմ համարվել չեն կարող, NewsLine.am, 7 դեկտեմբերի, 2015թ. https://newsline.am/am/news/view/20487.html

[3] Opposition Activist Imprisoned in Armenia After Protest, HRW, 18 January, 2017

https://www.hrw.org/news/2017/01/18/opposition-activist-imprisoned-armenia-after-protest

[4] Ոստիկանություն.Երեկ որևէ լրագրող չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել, «Ազատություն» ռադիոկայան, 23 ապրիլի, 2016թ. https://www.azatutyun.am/a/27692327.html

[5]Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2016 թ. տարեկան զեկույց, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, 17 հունվարի, 2017թ.
[6] Armenia: No Accountability for Police Violence, HRW, 12 January, 2017, https://www.hrw.org/news/2017/01/12/armenia-no-accountability-police-violence

[7] «37 թի՞վն է, սա ի՞նչ է». Վահան Արծրունուն ԱԱԾ են կանչել և արգելափակել են ֆեյսբուքյան էջը, «Առավոտ» օրաթերթ, 31 դեկտեմբերի, 2016թ. https://www.aravot.am/2016/12/13/837042/

[8] Նշված դրույթների մի մասն ուժի մեջ է մտել 2016թ. հոկտեմբերի 20-ին ընդունված փոփոխություններով:

[9] ՀՀ ԸՕ, Հոդված 65. Քվեարկության սկիզբը և կարգը ՀՀ ԸՕ, Հոդված 32. Դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, այցելուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

[10] Ես չեմ պարտվել. ինչպես է գեներալ Մանվելի որդին ծեծել քաղաքապետի թեկնածուին (տեսանյութ), «Հայկական ժամանակ» օրաթերթ, 19 սեպտեբերի, 2016թ. https://armtimes.com/hy/article/93323

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728