ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ, հասկացել, որ իրենց անելիքներն ու գաղափարները համընկնում են, հետո է որոշել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքով:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը պատրաստվում է իր թեկնածությունը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել Արմավիրի մարզում:
Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ դեռ հոկտեմբերից շուրջ 1550 արմավիրցիների շրջանում անցկացրել է հարցումներ: Դեկտեմբերի 20-ին, երբ ամփոփել են հարցման արդյունքները, եկել են եզրակացության, որ մարզում մեծամասնությունը վստահում է Ծառուկյանին. «Այն ժամանակ Ծառուկյան դաշինք հասկացություն չկար, պարզապես կարծում էինք, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա, ուստի նրա անունն էլ էինք ընդգրկել հարցման մեջ»:
Մեր դիտարկմանը, փաստորեն իր՝ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու պատճառը ոչ թե այն է, որ ինքը հարում է Գագիկ Ծառուկյանի գաղափարներին, այլ այն, որ ուղղակի արմավիրցիներն են այդպես ուզու՞մ ու նույն հաջողությամբ կարող էր միանալ ՀՀԿ-ի՞ն, եթե օրինակ, հարցման արդյունքները դա ցույց տային, նախկին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հաշվի եմ առել նաև արմավիրցիների կարծիքը, բայց հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանին, խոսել նրա հետ, փորձել հասկանալ, որ եթե ընտրվեմ, մեր հետագա անելիքները որոնք են լինելու: Մենք գաղափարներով, անելիքներով մոտ ենք կանգնած: Ուզում էի հասկանալ, որ եթե ես ինչ-որ խոսք տամ՝ օրենսդրական նախաձեռնություն կամ այլ բան, վաղը Գագիկ Ծառուկյանը սատար կկանգնի՞ իմ նախաձեռնությանը: Ես այդ ժամանակ տեսել եմ, որ, այո, Գագիկ Ծառուկյանի ու իմ գաղափարները մոտ են և վստահել եմ նրան, որ իր խոսքի տերն է: Արդեն այդ ժամանակ որոշեցի, որ պիտի գնամ Գագիկ Ծառուկյանի դաշինքով: Այնպես որ, միայն ժողովրդի կարծիքը չէ»:
Կարդացեք նաև
Մեր այն հիշեցմանը, թե որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ եթե Գագիկ Ծառուկյանն իր դաշինքում ընդգրկեց «նեղացածներին ու աբիժնիկներին», դա կվնասի դաշինքի հեղինակությանը, հետևաբար անձամբ իր վարկանիշի հետ կապված մտահոգություն չունի՞, որ ընտրությունների է մասնակցելու այդ մարդկանց հետ նույն դաշինքով, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չէի ուզենա աբիժնիկ բառն օգտագործել, դա ինձ ու քեզ սազական չէ: Միգուցե նրանք իրենց ծրագրերը չեն կարողացել իրականացնել այդ կուսակցության հետ, խոստումներ են տվել իրենց ընտրողներին, չեն կարողացել իրականացնել, մենք դրա տակ անձնական նեղ շահ չտեսնենք»:
Վարկանիշի հետ կապված Հակոբ Հակոբյան ասաց. «Այսօր ռեյտինգային տարբերակով է հիմնականում: Այն մարդիկ, որոնք կվստահեն, որ կարող է այս անձը այս կուսակցության հետ հաջողություն ունենալ, նրան էլ իրենց ձայնը կտան»:
Մեր այն հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ հաշվի առնելով այն լուրերը, թե Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սեյրան Սարոյանը նույնպես ցանկանում են առաջադրվել Արմավիրի այդ ընտրատարածքում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Դրական եմ գնահատում, լավ է, որ մրցակցություն կա, որ ժողովուրդը շատ քաղաքական գործիչների միջից պիտի ընտրի նրան, որին կվստահի: Ողջունում եմ իրենց մասնակցությունը, պարզապես պետք է օգտագործենք օրենքով սահմանված բոլոր ձևերը՝ քարոզչություն, հակաքարոզչություն և ներկայացնենք մեր ծրագրերը: Միևնույն է, գնահատականը տալու է ժողովուրդը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ