Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրո է տրամադրել» (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 13:38

«Մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի դա ունենանք, պետք է կոռուպցիայի հետ մի բան անենք: Ասացի՝ 15 մլն եվրո տվել ենք արդեն, էլի կտանք, պետք է գործ արվի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանից հետաքրքրվել էին`ՀՀ նախորդ կառավարություններն էլ էին կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն հռչակել, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ո՞ր քայլերն են, որ իրեն լավատեսություն եւ վստահություն են ներշնչել այս հարցում: Մինչ այդ, հիշեցնենք, դեսպանը դրվատանքով էր խոսել գործող կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարի կամքի մասին :

Պյոտր Սվիտալսկու խոսքով, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հստակ նշել է, թե ինչ կարեւորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին. «Մենք խիստ ողջունելի ենք համարում այս մտադրությունների հռչակումը, բայց կարեւոր են կոնկրետ գործողությունները»: Նա նկատի ունի վերջին ամիսներին հստակեցված օրենսդրական դաշտը, որի նպատակը պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը բարձրացնելն է. «Կարեւոր խնդիր է ապօրինի հարստացման հարցը, որին սկսել է ուշադրություն դարձնել Հայաստանի կառավարությունը: Համենայնդեպս, քննարկում չեղավ`դա պե՞տք է, թե`ոչ: Միանշանակ դիրքորոշում արտահայտվեց: Հիմա միջոցներ են ձեռնարկվում ապօրինի հարստացումը կանխելու ուղղությամբ: Գույքի մասին հայտարարագրի կարեւորությունն է բարձրացվում: Պետք է ունենալ համակարգ, նախկինում կար, որը պատասխանատվություն չէր սահմանում, երբ անձը չէր ներկայացնում հայտարարագիրը: Հիմա կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս կառավարության կողմից»:

 

Միաժամանակ, դեսպանը կարծում է, որ պատշաճ չէ ասել, թե նախորդ կառավարությունները որեւէ բան չեն արել այս ուղղությամբ. «Նախորդ կառավարությունում կային մարդիկ, ովքեր շատ ակտիվ էին, սա լրիվ զրոյից մեկնարկ չէ: Եթե Հայաստանին ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կրիտիկական զանգված ձեւավորվեր քաղաքական վերնախավում ու հասարակությունում, մենք ցանկանում ենք տեսնել, որ այդ կրիտիկական զանգվածն արդեն կվերածվի կոնկրետ գործողության»:

Մանրամասները`տեսանյութում

Իսկ շահերի բախումը բացառելու եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար, դեսպանը պնդում է` Հայաստանում պետք է քաղաքականությունը հստակ տարանջատվի բիզնեսից: Պաշտոնների հաշվին հարստացող անձանց հետ վարվելու մոդելները, բանախոսի կարծիքով, տեղական բնույթ պետք է կրեն`ինքներս պետք է դրանք մշակենք. «Կարեւոր է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից և հակառակը: Ես, գալով Հայաստան, առաջին փաստաթուղթը, որը ստորագրել եմ, եղել է շահերի բախման մասին փաստաթուղթը: Ես պետք է նշեի, որ Հայաստանում բիզնես չունեմ, առանց նման թղթի չէի կարող աշխատել այստեղ: Սա տարրական պրակտիկա է, որը պետք է կիրառվի պաշտոնյաների դեպքում»:

Ու եթե Հայաստանի կառավարությունն ուզում է տնտեսություն զարգացնել, ներդրումներ ներգրավել, պետք է նախեւառաջ գործուն քայլեր անել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ: «Վարչապետն իրավիճակի շատ քննական վերլուծություն է կատարել իր 100-օրյա աշխատանքային զեկույցում: Թե վարչապետին, թե կառավարությանը պարզ է, որ առանց կոռուպցիայի խնդիրը լուծելու, առանց համակարգային փոփոխություններ իրականացնելու՝ արագ տնտեսական աճի, կայուն զարգացման բոլոր հույսերը չեն կարող իրագործվել: Իրավիճակի ծանրությունը գիտակցում են եւ քաղաքական գործիչները, եւ պաշտոնյաները, եւ հասարակությունը: Ես ասում եմ հստակ՝ առանց որեւէ լուրջ քայլեր ձեռնարկելու չես կարող օրակարգդ առաջ տանել, ստեղծել ժողովրդավարական պրակտիկա, աշխատող տնտեսություն, գրավել օտարերկրյա ներդրումներ, սոցիալական արդարություն հաստատել երկրում, պայքարել անհավասարության դեմ, որը Հայաստանում գնալով խորանում է»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:

Իր լավատեսության հիմքն էլ հենց սա է` վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն է վերլուծել այս իրավիճակը, հասկանում է խնդրի բարդությունը: Այս ամենով հանդերձ դեսպանը խնդիրը համարում է հետեւյալը. «Ամենավատն այն է, որ դուք անտարբեր եք: Մարդիկ ասում են՝ վատ է, բայց հասարակությունը չի կարող առանց կոռուպցիայի գոյատեւել ու գործել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728