Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետը Դաշնակցության վարկանիշային ցուցակո՞վ. Մխիթար Վարագյանը հերքում է լուրերը

Փետրվար 01,2017 12:56

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանը եւս մտադրություն ունի մասնակցել առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին: Սակայն վերջինս, ըստ տարածված լուրերի, կառաջադրվի ոչ թե իր կուսակցության վարկանիշային ցուցակով, այլ ՀՅԴ-ի:

Մխիթար Վարագյանի այս մտադրությունը շիրակցի պաշտոնյաները մեկնաբանում են հետեւյալ կերպ. բանն այն է, որ նա վիրավորված է իր կուսակցության տեղի կառույցից, նախ այն պատճառով, որ Արթիկի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն առաջադրեց ոչ թե իրեն, այլ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին: Մխիթար Վարագյանին այդ ժամանակ սատարեց ՀՅԴ-ն՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ: Մխիթար Վարագյանն էլ իր շնորհակալությունն որոշել է այս ձեւով հայտնել ՀՅԴ-ին՝ օգնելով այս կուսակցությանը մտնել խորհրդարան:

Սակայն սա դեռ ամենը չէ. մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղ, որի ղեկավարը Մխիթար Վարագյանի եղբայրն է՝ Արթիկի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը: Գյումրիից մեկնած ՀՀԿ-ական հյուրերը հորդորել են ԱԺ ընտրություններում պաշտպանել Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, որն էլ, բնականաբար, դուր չի եկել Վարագյան եղբայրներին: Առավել եւս, որ ՀՀԿ-ի՝ Շիրակի մարզի նախնական վարկանիշային ցուցակում որպես թեկնածու կա նաեւ կա Խաչատուր Վարագյանի անունը:

ՀՀԿ-ականներից վիրավորված լինելը ցուցադրելու նպատակով էլ Մխիթար Վարագյանը դաշնակցականների հետ քննարկել է ՀՅԴ-ով առաջադրվելու հարցը: Մենք փորձեցինք այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզի ՀՅԴ կառույցից, որտեղից հաստատեցին, որ նման խոսակցություն, իրոք, եղել է, սակայն դեռ որոշում չկա, վերջնական որոշումը Գերագույն մարմնինն է: Նաեւ տեղեկացրեցին, որ Մխիթար Վարագյանի թեկնածության հարցը տեղի կառույցում չի քննարկվել, նա հանդիպել է մայրաքաղաքի ՀՅԴ-ական ընկերների հետ: Շիրակի մարզի ՀՀԿ կառույցից եւս փոխանցեցին, որ տեղյակ են պարոն Վարագյանի այս մտադրության մասին:

Սակայն Արթիկի քաղաքապետը կտրականապես հերքեց այս լուրերը՝ նշելով, որ նման բան գոյություն չունի, ինքը ՀՀԿ խորհրդի անդամ է: «Ես 3 ամիս է՝ ինչ ընտրություններից պրծել եմ, չե՞ք տեսնում ինչ գործի եմ լծված, ժողովրդի համար աշխատատեղ եմ բացում, քաղաքի հոգսերով եմ զբաղված: Նորից եմ կրկնում, ես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եմ, ես իրավունք ունեի նեղանալ ՀՀԿ-ից, բայց ոչ մի նեղվածություն չունեմ»,- ասաց Արթիկի քաղաքապետը:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728