Հարցազրույց ԱԺ պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Ի՞նչ եք կարծում, պե՞տք է, որ քարոզարշավի ընթացքում Արցախյան հիմնախնդիրը դառնա ակտիվ քննարկման առարկա ու կարեւոր տեղ զբաղեցնի քաղաքական ուժերի ծրագրերում:
-Այո, կարծում եմ, որ պետք է նախընտրական շրջանում Արցախյան հիմնախնդիրը դառնա քննարկման առարկա, հատկապես սահմանադրական բարեփոխումներից հետո: Մենք անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի։ Ընտրելու ենք մեծ լիազորություններ ունեցող օրենսդիր իշխանություն, որը պետք է վերահսկի գործադիրի աշխատանքը, ու բնական է, որ օրենսդիրները պետք է պատասխան տան, թե ի՞նչ ծրագրերով են գալու, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու եւ ինչպե՞ս են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը:
Ես կհամարեմ ազնիվ, եթե քաղաքական ուժը կամ գործիչը գա ու ասի, որ 5 տարում ինքը ընդամենը կես քայլ է անելու այս հարցում, թող լինի փոքր քայլ, բայց կարեւորն այն է, որ այդ քայլը մատնացույց արվի:
Կարդացեք նաև
Ես ուշադիր ընթերցելու եմ բոլորի նախընտրական ծրագրերը ու կտեսնեմ, թե դրանցում ի՞նչ գործողություններ են առաջարկվում։ Օրինակ, գալով խորհրդարան՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մնացած ոլորտներին վերաբերող ինչպիսի՞ համագործակցություն են պատկերացնում Արցախի հետ, ինչպե՞ս են աշխատելու միջազգային տարբեր հարթակներում: Սա շատ կարեւոր է, քանի որ ինձ համար ծրագիրը սիրուն ձեւակերպած մեկ-երկու նախադասություն չէ, այլ հստակ քայլերի ու գործողությունների մասին արձանագրում:
Այս հարցը շատ կարեւորելով՝ ես անգամ ֆեյսբուքում մի գրառում եմ արել եւ քաղաքական ուժերին առաջարկել, որ պատրաստ եմ իրենց հետ մեկնել Արցախ, կազմակերպել հանդիպումներ։
-Իսկ այսօր ի՞նչ տրամադրություններ եք տեսնում, եթե հաշվի առնենք, որ «Ոչ մի թիզ հող»-ն ու «Զիջել մասը՝ պահելու համար ամբողջը» շրջանառվող հիմնական կարգախոսներն են:
-Առայժմ ոչինչ չեմ տեսնում: Միայն լոզունգների հնչեցումը դեռ քիչ է: Քաղաքական ուժեր ու գործիչներ կան, որոնք սիրում են հաճախ ասել՝ այն ինչ կասի Արցախը, մենք կլինենք համակարծիք: Սա ընդամենը գեղեցիկ նախադասություն է:
Բայց ուզում եմ հասկանալ, ինչպե՞ս են պատրաստվում իրագործել Արցախի ցանկությունները, մեր վերջնական նպատակը: Հարցի վերջնական լուծման մասին, եթե հարցնեք, բոլորը կասեն՝ ուզում ենք, որ Արցախը լինի Հայաստանի մաս, բայց ինձ հետաքրքրում է, թե դրան հասնելու համար ինչպիսի՞ քաղաքականություն են վարելու, բանակը ինչպե՞ս են ամրապնդելու, ո՞նց է պահպանվելու մեր զինվորների անվտանգությունը, սպառազինության հարցերը ո՞նց են լուծելու, գիտությանը որքա՞ն գումար են տալու կամ ինչպե՞ս են լուծելու առողջապահական խնդիրները, որպեսզի մեր ապագա սերունդը, մեր զինվորն առողջ լինի:
Վարչապետն ասաց՝ շանտղություն է, երբ սննդի անվտանգությունը չի պահպանվում: Իսկ ի՞նչ քայլեր ենք արել, որ այդ սնունդը չլինի վտանգավոր: Քաղաքական ուժերն իրենց ծրագրերում պետք է անկեղծորեն ասեն՝ ի՞նչ քաղաքականություն են վարելու, եթե ցանկանում են, որ Արցախը լինի ազատ, անկախ կամ միանա Հայաստանին:
Ա. Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում