ԵՄ-ն ցանկանում է 2017 թվականը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնել: Այսօր այդ մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Համոզված ենք, որ բեկումնային տարի է լինելու այս առումով»,- ասաց դեսպանը, քանի որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը դրել է իր առաջնահերթությունների շարքում եւ, իր կարծիքով, լուրջ ջանքեր է գործադրել` նոր ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտ ձեւավորելու, կոռուպցիայի դեմ պայքարի նոր համակարգեր ներդնելու ուղղությամբ: Դեսպանն այս գործընթացում կարեւորում է նաեւ քաղհասարակության ներդրած ջանքերը:
Այսօր արդեն մեկնարկում է «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավը: Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ ԵՄ-ՀՀ կառավարություն-քաղհասարակություն համատեղ ջանքերի հաջողությունը կախված է նաեւ հասարակ քաղաքացիների արձագանքից: Արշավի շրջանակներում կցուցադրվեն անիմացիոն ֆիլմեր, հոլովակներ, քարոզչական նյութեր: Դրանք կներկայացնեն, թե ինչ վատ բան է կոռուպցիան: «Դա մարդկանց գիտակցության մեջ պետք է սերմանել վաղ տարիքից»,- ասում է դեսպանը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ հայտարարեց` ՀՀ կառավարությունը հետեւողական է կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս համատեքստում ներկայացնում է, որ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել է կանխիկի շրջանառությունը բարձրաստիճան անձանց համար, գնումներին մասնակցած եւ հաղթած ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական մեխանիզմներ են սահմանվել եւ այլն: Բայց խնդիրն իրենց համար շարունակում է մնալ արդիական եւ տարբեր ծրագրեր ու միջոցառումներ են դեռ իրականացնելու:
Սուրեն Քրմոյանը առաջընթաց է որակում նաեւ հասարակական մի շարք հարաբերություններում`նոտարական, քաղաքացիական ակտերի գրանցման եւ այլն, ներմուծվել է էլեկտրոնային գրանցման համակարգը` նվազեցնելով թղթարարությունը: Բիզնես ոլորտում էլ է համակարգը ներդրվում`լիցենզիայի գրանցամատյաններն այլեւս կլինեն էլեկտրոնային եւ այլն:
Կարդացեք նաև
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ կարծում է, որ վարչական կոռուպցիան հաղթահարելու համար պետք է պարզեցնել տարբեր ընթացակարգերը եւ հետեւողականորեն կիրառել դրանք: Ասում է`քաղհասարակության տարիների ջանքերի արդյունքում կառավարությունն այսօր քաղաքական կամք ունի վարչական կոռուպցիան Հայաստանում նվազագույնի հասցնելու: Արդյունքները տեսանելի կլինեն 1,5-2 տարիների ընթացքում եւ միջազգային կառույցների սանդղակներում դա կարտահայտվի արդեն հաջորդ տարի:
Հիշեցնենք, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» սանդղակում Հայաստանը զիջել է դիրքերը:
Քաղաքական կոռուպցիան Կարեն Զադոյանը համարում է ազգային անվտանգության սպառնալիք մեր երկրի համար: Կարծում է, որ ԵՄ-ի աջակցությամբ այս հարցում էլ հնարավոր է եղել բեկում մտցնել. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ստանում է արյան տեսք: Դրանից հետո ավելի առարկայական դարձան քաղհասարակություն- կառավարություն շփումները: Սպիտակ գիծը պետք է գծենք: Մեր երկրի նախագահը մի առիթով ասաց, որ խոշոր ձկներին պետք է գլխից բռնել: Ապօրինի հարստացման քրեականացումը կտա այդ հնարավորությունը: Ազդարարների ինստիտուտները, որոնք ապահովելու են անձի գաղտնիության պահպանումը, ինֆորմացիայի փոխանցման մասով, կնպաստի դրան»:
Մանրամասները `տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կներեք Պարոն Քրմոյան, Պարոն Զադոյան և ԱՅԼՈՔ, եթե հնարավոր է նախկին նախարար Հրայր Թովմասյանին բացատրեք, այո այո բացատրեք, որովհետև ինքը հաստատ չգիտի որ հովանավորչությունը նույնպես կոռուպցիա է: