Ո՞րն է հիմնական մղումը
Քաղաքական ուժերին շատ քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերջնականապես կողմնորոշվելու, առանձին կամ դաշինքով ընտրապայքարի մեջ մտնելու որոշում կայացնելու համար: Նախատեսված է, որ փետրվարի 6-ից արդեն կսկսվի առաջադրումների գործընթացը:
Արդեն իսկ հայտնի է առնվազն երեք դաշինք, որոնք էլ իրենց հերթին շարունակում են մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ հնարավոր նոր համալրումների առումով:
Ի՛նչն է հետաքրքիր. հնարավոր համագործակցության հարցերում առնվազն «Գագիկ Ծառուկյանի դաշինքն» ու Օսկանյան-Դալլաքյան-Օհանյան- Արամ Գ.Սարգսյան դաշինքները գաղափարական սկզբունքայնությամբ, մեղմ ասած, չեն փայլում: Այնպիսի տպավորություն է, որ պատրաստ են դաշինք կազմել ում հետ ասես, միայն թե հնարավորինս բազմանուն ու բազմադեմ ներկայանան ընտրողին: Ու ստացվում է, որ ոչ թե դաշինքի հետ գործ ունենք, այլ ինչ-որ բազմաշերտ ու խառնիճաղանջ «վինեգրետի»:
Նման տպավորություն է ստեղծվում, երբ տեսնում ես անվանական (նոմինալ) սոցիալ-դեմոկրատին, որ դաշինք է կազմել անվանական լիբերալ-դեմոկրատի հետ, օլիգարխը՝ սոցիալիստի հետ, էլ չենք խոսում նույն դաշինքում արեւմտամետների ու ռուսաստանամետների ներկայության մասին: Թեպետ այս «վինեգրետային» դրսեւորումների որոշ խորքային մղումներին դեռ ստորեւ կանդրադառնանք:
Իսկ նմանօրինակ մտորումների առիթ, ի լրումն արդեն եղած օրինակների, տվեց երեկ շրջանառված այն տեղեկությունը, որ ՀՀՇ-ն, շատ հնարավոր է, ներգրավվի Գագիկ Ծառուկյանի դաշինքի կազմում: Խոսքը հստակեցնենք՝ ոչ թե Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի մասին է, այլ նույն ՀԱԿ-ի կուսակցական ձեւավորման գործընթացի ժամանակ դուրս թողնված «հին գվարդիայի», որը, Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ մյուսների գլխավորությամբ, վերստին Հայոց համազգային շարժում անվամբ կուսակցություն վերաձեւավորեց:
ՀՀՇ-ի ներկայացուցիչը երեկ մի քանի լրատվամիջոցների հայտնել է, որ առաջիկայում հրավիրվելիք կուսակցության վարչության նիստում վերջնական որոշում կկայացնեն այդ հարցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Մինչ այս, մինչ այն, Ծառուկյանին միանալու հարցը քննարկվել է նաեւ Օսկանյան-Օհանյան (պայմանական այսպես նշենք) դաշինքի ներկայացուցիչների կողմից, բայց ինչ-ինչ պատճառներով նման միավորում դեռեւս չի կայացել: Եթե նման բան կատարվեր, ապա դա կլիներ հայրենի քաղաքական դաշտի թերեւս ամենից խառնիխուռն եւ գույնզգույն միավորումը: Մի խոսքով, հանդիպումներ, քննարկումներ եղել են, սակայն բանակցություններին բանը չի հասել, ինչը երեկվա ասուլիսում հաստատեց ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Ուշագրավ է, որ հանդիպումներ ու քննարկումներ եղել են նաեւ Սեյրան Օհանյանի եւ «Հայկական վերածննդի» ղեկավարության միջեւ: Համենայն դեպս «Հայկական վերածննդի» (նախկին ՕԵԿ-ի) փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չի բացառել, որ, թերեւս, նման հանդիպում եղել է: Բայց այստեղ էլ, երեւի, բանն ավարտվել է միմյանց տրամադրությունների հետախուզությամբ:
Ի դեպ, նկատի ունենալով, որ Արամ Գ. Սարգսյանը երկար ժամանակ առնչվել է Ռուսաստանի հայերի միությանը, լրագրողները նրանից երեկ հետաքրքրվել են, թե արդյոք Արա Աբրահամյանը ֆինանսապես աջակցո՞ւմ է Օսկանյան-Դալլաքյան-Օհանյան ( եւ մյուսներ) դաշինքին:
ՀԴԿ նախագահը հակադարձել է, որ եթե Արա Աբրահամյանը որեւէ այդպիսի ցանկություն ունենար, ինքը դրա մասին բացահայտ կասեր: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դաշինքին, ապա, դատելով Ա.Սարգսյանի ասածից, «նախագծի» մասնակիցները գրեթե միակարծիք են, որ այն գլխավորի Սեյրան Օհանյանը:
Մ. Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում