ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այնուհետեւ նրանց հեռացրել:
– 2008թ. դուք շատ ավելի դաժան վարվեցիք ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի նկատմամբ, երբ նրան ստիպողաբար հեռացրիք, որպեսզի այդ պաշտոնին նույն Հ. Աբրահամյանին նշանակեք։ Ընդ որում Տ. Թորոսյանը ձեր կուսակցության հիմնադիրներից էր, օրենսդրական աշխատանքի շատ ավելի մեծ կարողություն ուներ եւ, իսկապես, քաղաքական գործիչ էր:
– Քաղաքականության մեջ եկեք չօգտագործենք դաժանություն բառը։ Քաղաքականության մեջ յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա, որ իր գործունեության ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով կարող են շատ խնդիրներ առաջանալ։ Եվ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դրանց դիմակայելու կամ լուծումներ գտնելու։
Միշտ չէ, որ կուսակցությունից դուրս գալը լավագույն լուծումն է։ Ես կարծում եմ, այն ժամանակ էլ եմ եղել այդ կարծիքին, որ Տ. Թորոսյանը իրավիճակին լավագույն լուծումը չտվեց, որովհետեւ ինքը կուսակցության մեջ ուներ տարիների փորձ ու ներդրում։ Նա պետք է մնար ու տեր կանգներ դրան։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնից նրան հեռացնելը եւ արդեն նրա կողմից ՀՀԿ-ից հեռանալը ինձ համար անընդունելի էին։ Ես հորդորում էի, որ նա կուսակցությունից դուրս չգա, նա մեծ ջանքեր է ներդրել կուսակցության մեջ։ Քաղաքական գործիչը պետք է բոլոր տիպի փոփոխությունների պատրաստ լինի։
Կարդացեք նաև
– Ստացվում է, որ կուսակցության ղեկավարությունն օգտագործում է այդ անձանց ինչպես անհրաժեշտ է համարում, հետո՝ հեռացնում։
– Կան իրավիճակներ, որ յուրաքանչյուր կուսակցություն այդ պահին գտնում է, որ իր առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծի կուսակցական որոշ լիդերների միջոցով եւ այդ պահին նրանց է ակտիվացնում, որոշներին էլ պասիվացնում է։ Ինչքանով է դա արդյունավետ կամ ճիշտ, դա այլ հարց է,
բայց յուրաքանչյուր կուսակցություն ունի նման քաղաքականություն։ Եվ
կուսակցության յուրաքանչյուր անդամ պետք է շատ ըմբռնումով մոտենա նման փոփոխություններին։
Իհարկե, պետք չէ ամեն ինչ որպես դոգմա ընդունել, պետք է փորձել խնդիրները քննարկման առարկա դարձնել, հակափաստարկներ ներկայացնել, բայց ամեն դեպքում պետք չէ արմատական քայլի գնալ եւ կուսակցությունից հեռանալ։ Բայց այս ամբողջ տարիներին Տ. Թորոսյանը որեւէ քայլ չի արել, որ իր կուսակցությանը կամ կուսակցական ընկերներին վնասեր, նա չի պայքարել իր կուսակցության դեմ։ Ավելին՝ նա դուրս է եկել քաղաքականությունից եւ անգամ փորձել է օգտակար լինել։
– Փոխարենը Հ. Աբրահամյանը հեռանալիս հայտարարություն տարածեց, որ ՀՀԿ-ից դուրս է շարունակելու քաղաքականությամբ զբաղվել, հետո այլաբանորեն հավելեց, թե իրեն փոխարինողները «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրեր են, որոնք կմխտռեն մայր գետի հունը»։
– Դուք ինձ մի ներքաշեք ինտրիգների մեջ։ Ես չեմ ուզում համեմատել, հակադրել, գումարել ու հանել։ Ես ընդամենը ուզում եմ ասել, որ երբ Տ. Թորոսյանը դուրս եկավ կուսակցությունից, քաղաքականությամբ չզբաղվեց, չգնաց մեկ այլ կուսակցություն, որը մրցակցում է մեզ հետ։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում