Այս տարվա փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 1.22 դրամով կնվազի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ փետրվարի մեկից սկսած բնակիչները ցերեկային ժամերին 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 եւ 30 դրամ համապատասխանաբար։
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա, ըստ հանձնաժողովի պատասխանատուների, մի քանի գործոններ են ազդել, բայց հիմնական գործոնը ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունից տեղեկացանք, որ արտոնություն ստացած ծրագրում ընդգրկված է ավելի քան 129 հազար բաժանորդ:
Այս քաղաքացիների ընտրությունը կատարվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համապատասխան: Սույն որոշումով նախատեսվում է հնարավորինս նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից բնական գազի եւ էլեկտրական էներգիայի սակագները:
Նշենք, որ այս որոշումով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Այսինքն՝ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետների՝ ցանկում ընդգրկվել են ոչ միայն անապահովության նպաստ (փարոս) ստացող քաղաքացիները, որոնց միավորները «30» եւ ավելի են, այլեւ ավելի ցածր` «20» եւ ավելի միավոր ունեցող քաղաքացիները, որոնք, ճիշտ է, նպաստառու չեն, բայց ցածր եկամուտ ունեցող անձինք են:
Կարդացեք նաև
Ընկերությունից նաեւ հայտնեցին, որ ավարտին է մոտենում ՀԷՑ-ի նախաձեռնությամբ բոլոր վերը նշված բաժանորդներին երկսակագնային հաշվիչներ տրամադրելու գործընթացը: Այս պահին արդեն իսկ նրանցից 100.000-ը երկսակագնային հաշվիչ ունեն:
Հիշեցնենք նաեւ, որ առաջիկա 5 տարում ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է իրականացնել շուրջ 100 միլիարդ դրամի ռազմավարական զարգացման ներդրումային ծրագիր: Այդ միջոցները մասնավորապես կուղղվեն բաշխիչ ցանցի բարելավմանն ու ենթակառուցվածքների վերազինմանը, որոնց շուրջ 80-85%-ը մաշված է: Նկատենք նաեւ, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի բաշխման կորուստների մակարդակը: Բացի այդ, ՀԷՑ-ն ամբողջությամբ մարել է թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունների հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
01,02.2017