Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» խորհրդատվական ընկերության կարծիքով՝ Հայաստանը 2015 թվականին կիսաավտորիտար էր, իսկ 2016-ին դարձավ ավտորիտար: Չգիտեմ, թե որքանով է այդ ընկերությունը հեղինակավոր եւ ինչ չափանիշներով է այն առաջնորդվում, բայց, իմ կարծիքով, 2015-ը 2016-ից ավտորիտարիզմի առումով առանձնապես չէր տարբերվում: Ավելին, ինձ թվում է` այդ առումով 1991-2017 թվականներից յուրաքանչյուրը մեկը մյուսից չէր տարբերվում:
Իհարկե, մասնագետներն ավելի գիտական բնորոշումներ կտան, բայց իմ ընկալմամբ՝ ավտորիտար համակարգն այն է, երբ մարդիկ կարող են բողոքել, ընդվզել, բարձրաձայն անեծքներ արտաբերել, զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, քննադատական հոդվածներ եւ «ստատուսներ» գրել, բայց նրանք չեն կարող ազդել ընդունվող պետական որոշումների վրա՝ այդ «մենաշնորհը» պատկանում է մի փոքրաթիվ խմբի, որը տիրացել է բոլոր լուրջ քաղաքական եւ տնտեսական լծակներին: Այդ իմաստով հայաստանյան ռեժիմը մշտապես, 25 տարի շարունակ ավտորիտար է եղել:
Դա կարելի է ընդունել որպես փաստ, կարելի է նույնիսկ ցանկալի համարել, ես էլ էի 20 տարի առաջ մտածում, որ պատերազմից հետո, շուկայական հարաբերությունների կայացման փուլում ռեժիմը պետք է ավտորիտար լինի: Գուցեեւ սխալվում էի: Բայց նրանք, ովքեր արդարացիորեն կարծում են, որ Հայաստանի միակ ճիշտ ճանապարհը ժողովրդավարացումն է, նրանք պետք է արձանագրեն իրողությունը. Հայաստանը երբեք չի եղել ժողովրդավարական, չի եղել անգամ «պակաս ավտորիտար»:
Վարդան Օսկանյանը չի փակել «Ա1+»-ը, գուցե նույնիսկ հոգու խորքում դեմ է եղել դրան՝ դա արել է նրա «շեֆը»՝ Քոչարյանը: Բայց քանի որ հիմա պարոն Օսկանյանը բողոքում է, թե իբր Հայաստանը «պակաս ավտորիտար» երկրից դարձել է «ավելի ավտորիտար», եւ, հետեւաբար, կարեւորում է այդ խնդիրը, նա պետք է հրապարակավ ընդունի, որ «Ա1+»-ը փակելը սխալ որոշում էր՝ դրանով, ի դեպ, կապացուցի, որ այդ «շեֆի» հետ այսօր կապ չունի: Նման հայտարարություն ես նրանից երբեք չեմ լսել:
Սեյրան Օհանյանը մարտի 1-ին անզեն մարդկանց սպանելու հրաման չի տվել՝ որքան էլ փորձեն այսօր հակառակն ապացուցել: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված բոլոր թերությունները նրա վրա բարդելը նույնպես սխալ է՝ դրանք ամբողջ պետական համակարգի թերություններն էին): Բայց երբեք չեմ լսել, որ Օհանյանը դատապարտի մարտի 1-ի սպանդը: Եթե կարեւորում է խաղաղ հավաքների իրավունքը, ապա պետք է դատապարտի:
Եթե Առաջին նախագահի կողմնակիցները կարծում են, որ մեր երկիրը պետք է գնա ժողովրդավարության ճանապարհով, ապա նրանք պետք է ընդունեն, որ կուսակցություն եւ թերթեր փակելը, «երկրապահների» կամայականություններին տուրք տալը սխալ էին: Եթե վաղը Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը դառնան ընդդիմադիր եւ սկսեն բողոքել ավտորիտարիզմից, ապա նրանք պետք է սկզբում ընդունեն, որ Շանթ Հարությունյանին 6 տարով դատապարտելը սխալ էր: Հակառակ դեպում ես չեմ հավատա նրանց անկեղծությանը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ապագա պատգամավորները պետք է երդվեն, եթե իրենց պատգամավոր դառնալու պահից արտագաղթը շարունակի աճել, նրանք պետք է անհապաղ հրաժարական տան, նույնն էլ վերաբերում է վարչապետին ու նախագահին: Մնացած սիրուն խոսքերը թող իրենց պահեն:
xxx [ = ինքնազսպումս, քանզի համաձայն եմ որ Հայաստանից դուրս բնակող հայը նվազագոյն չափով արտօնություն ունի – իսկ իրաւունք՝ բնաւ – արտահայտվելու երկրի ներքին քաղաքականության մասին, նամանաւանդ ընտրությունների նախօրյակին ]
նոյնիսկ ասելու եմ աւելի՛ն ՝ XXXX եւ X !!