Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրողները պոպուլիստների ճիրաններում

Փետրվար 01,2017 17:00

2016-ին արձանագրված ոչ-լիբերալ գործիչների հաջողությունները Եվրոպայով մեկ, ԱՄՆ նախագահական քարոզարշավը եւ բրիտանական հանրաքվեն հուշում են, որ ընտրական գործընթացները զարգացած երկրներում ավելի ու ավելի քիչ են կենտրոնանում ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի զուտ գաղափարների եւ ծրագրերի վրա: Փոխարենը ընտրական տեխնոլոգիաների մասնագետները կենտրոնանում են մարդկանց էմոցիաների եւ ընկալումների վրա, ովքեր էլ ինքնաբերաբար գտնում են իրենց տեղը այդ դաշտում: 2016-ի սեպտեմբերին բրիտանական The Economist-ը առաջ քաշեց նոր՝ «post-truth politics» տերմինը, պնդելով, որ որոշ գործիչներ իրենց քաղաքական գործունեությունը կառուցում են՝ հիմնվելով այնպիսի պնդումների վրա, որոնք օբյեկտիվ իրականության կամ փաստերի հետ աղերս չունեն, բայց հասարակության ընկալման տեսանկյունից «ճշմարտանման են»:[1]

Սոցիալական ցանցերը, դրանց միջոցով հավաքագրվող տվյալների բազաները, ցանցային թիրախավորված գովազդի մատչելիությունը եւ նորությունների 24/7 ցիկլը տալիս է անսահման հնարավորություններ նույնիսկ հայտնի փաստերի վերաբերյալ մարդկանց մոտ կասկածներ սերմանելու (հիշենք թեկուզ RT-ի «Question more» կարգախոսը), նրանց ընկալումների վրա ազդելու եւ վերջապես վարքագիծ փոփոխելու համար:

«Post-truth politics»-ի օրինակ էր ԱՄՆ արդեն 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Բարաք Օբամային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծելու կամ ծննդականը կեղծելու մեջ շարունակաբար մեղադրելը: Ակնհայտ կեղծ փաստերով շաղախված պոպուլիստական հռետորաբանության այս տեսակի ուժը նրանում է, որ հակագովազդի թիրախի կողմից այս հիմարություն թվացող թեզերը անընդհատ հերքելը ի վերջո անլրջացնում է քաղաքական պայքարը. դիսկուրսի նշաձողը իջնում է մի մակարդակ, որտեղ պոպուլիստները ավելի թրծված են եւ փորձառու: Բավական է նշել, որ ամերիկյան CBS News-ի կողմից անցկացված exit poll-ի տվյալներով, նախագահի թեկնածու Թրամփին ձայն էին տվել քվեարկությանը մասնակցած բարձրագույն կրթություն չունեցող սպիտակամաշկ ընտրողների 72%-ը:[2] Ըստ էության, նախագահական ընտրապայքարի ընթացքում ավանդական ԶԼՄ-ների կողմից ստեղծված փաստերի վերստուգման գործիքները ցանկալի արդյունք չտվեցին, իսկ Breitbart News-ի Սթիվ Բեննոնը համալրեց նախագահ Թրամփի ավագ խորհրդականների շարքերը:

Բոլոր երկրներում, որտեղ այս կամ այն կերպ ընտրություններ են անցկացվում, պոպուլիստների, ավանդական ընդդիմության եւ իշխանության պայքարը տեղեկատվական հեղափոխության պատճառով նոր երանգներ է ստանում:

Տեղեկատվության տեղատարափի պայմաններում, երբ «ամեն ինչ տեղի է ունենում հենց հիմա»,[3] ընտրողները ամենից հաճախ չեն ընկղմվում քաղաքական գործչի արտաբերած փաստերը ստուգելու ձանձրալի գործի մեջ՝ քանի որ քաղաքական առաջնորդի խոսքը արդեն իսկ համոզիչ է թվում, իսկ բերված փաստերը՝ «ճշմարտանման»: Լրագրողներն էլ կա՛մ փաստերը ստուգելու ժամանակը չունեն, կա՛մ մասնագիտական որակներն են դավաճանում, կա՛մ էլ խմբագրական քաղաքականության սահմանափակումների մեջ են: Արդյունքում ընտրողները քաղաքական գործչի խոսքերում եւ սոցիալական ցանցերի լրահոսում կա՛մ փնտրում եւ գտնում են իրենց աշխարհայացքի արդարացումները, կա՛մ իրենց կարծրացած կարծիքի հիմնավորումները ու վերահաստատումը:

Արդյունքում՝ քաղաքական գործիչների համար հաջողության հասնելու կարեւոր գործիք են դարձել կիսաճշմարտություններով լեցուն ճառերը[4] եւ փրկության ավետիսը ընտրողներին հասցնելու տեխնոլոգիաները, այլ ոչ փաստերը եւ օբյեկտիվ ապագայի տեսլականը՝ շարադրված նախընտրական ծրագրում:

Քարոզիչների ոչ շատ մեծ բանակի կողմից այս թեզերի կազմակերպված տարածումը սոցիալական ցանցերում, ինչը անդրադառնում է ավանդական ԶԼՄ-ների կողմից սույն թեմայով նյութերի քանակի եւ բովանդակության վրա, ստեղծում է այն փակ շղթան, որտեղ վաղվա ընտրողը գտնում է իր ընկալումների վերահաստատումը, ինչն էլ իր արդյունքն է տալիս բաց եւ թափանցիկ ընտրություններում: Այստեղ հատկապես պետք է ընդգծել, որ շարքային ընտրողները ոչ միայն լրատվության սպառողներ են, այլեւ տեղեկատվություն գեներացնողներ՝ ինչը ստիպում է քաղաքական պայքարում գտնվող ուժերին, ներառյալ իշխանությանը, անընդհատ արձագանքել տեղեկատվական հոսքերին: Պարզ է, որ պոպուլիստները իրենց ելույթներով մարդկանց գրավելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Այս տենդենցից փորձում են հետ չմնալ նաեւ իշխանությունները. օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների (ներառյալ Վրաստանը եւ Ուկրաինան) պետական տարբեր գերատեսչություններում նախորդ երկու տարիներին ստեղծվեցին «ռազմավարական հաղորդակցությունների» (strategic communications, կամ StratComm) դեպարտամենտները, որոնց նպատակն է հանրային կարծիքի վրա ազդող մասնագետների հետ համագործակցությամբ եւ սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների միջոցով հասարակության շրջանում մեծացնել իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության նկատմամբ վստահությունը եւ աջակցությունը: ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, արտաքին քաղաքականության թեմաներով սպիչրայթեր Բեն Ռոդսի համար 2011-ին ստեղծվեց նոր պաշտոն՝ «Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ ռազմավարական հաղորդակցությունների հարցերով», ինչը լեգիտիմացրեց Ռոդսի մասնակցությունը Ազգային անվտանգության խորհրդի նիստերին եւ նախագահի գրեթե բոլոր կարեւոր միջազգային հանդիպումներին:[5] Ռոդսը 2016-ի ամռանը իր հազվագյուտ հարցազրույցներից մեկում ասել էր, որ կարողացել է Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներից ստեղծել «նվագախումբ», որի օգնությամբ իրականացրել է վարչակազմի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մարքեթինգը:[6] Բավական է նշել, որ Ռոդսը հանդիսանում էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հեռացնելու, Իրանի, Կուբայի եւ Բիրմայի հետ բանակցությունների ճարտարապետերից մեկը:[7]

Ամբոխահաճությամբ ընտրողների վրա ներգործության 2016-ից հայտնի մեկ այլ հաջողված օրինակ է Brexit-ի հանրաքվեն:

Միացյալ Թագավորությունում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ (Brexit) հանրաքվեի քարոզչության փուլում Leave ճամբարի քարոզիչները երկրով մեկ շրջեցին «Տվեք մեր առողջապահական համակարգին այն 350 միլիոն ֆունտը, որ ԵՄ վերցնում է ամեն շաբաթ» գովազդային գրառում ունեցող կարմիր ավտոբուսով: Ինչպես պարզվեց հանրաքվեից հետո, այդ 350 միլիոնի պնդումը լիարժեք սուտ էր:[8] Այսօր կարող ենք միայն ենթադրել, թե այս «համարյա ճշմարտացի» կարգախոսը եւ Leave ճամբարի առաջնորդների մյուս կիսաճշմարտությունները ինչպես են ազդել Brexit-ի օգտին քվեարկած 51.9% ընտրողների վրա, հատկապես եթե հաշվի առնենք Միությունը լքելուն կողմ քվեարկածների տարիքային եւ կրթական ցենզը:[9]

Քարոզչական ավտոբուսի վրա փակցված 350 միլիոնի խոստումը տարբեր կերպ մեկնաբանվեց քվեարկությունից հետո. իբրեւ «սխալմունք»,[10] «ապագայի տեսլական» եւ «ընդամենը արտահայտություն»:[11] Արդյունքների հրապարակումից ժամեր անց Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության (UKIP) առաջնորդ Նայջլ Ֆարաջը ասաց, որ ինքը առհասարակ նման խոստում չի տվել:[12] Նոր վարչապետ Թերեզա Մեյը նույնպես պնդեց, որ նախընտրական խոստումը անիրատեսական է եղել:[13] Ավելին, քվեարկությունից շատ չանցած ԵՄ-ն լքելու կողմնակիցները համացանցի պաշտոնական հարթակներից հեռացրեցին իրենց բոլոր քարոզչական նյութերը,[14] հատկապես այն ամենը, ինչ վերաբերում էր ազգային առողջապահական համակարգի, ներգաղթյալների եւ առեւտրային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությանը, որոնք եղել են Leave արշավի երեք հիմնական գաղափարական ուղղվածությունները:[15]

Պոպուլիզմի մեկ այլ կարեւոր առանձնահատկություն է իշխանության եւ ընդդիմության համար դրա կիրառելիության տարբերությունները: Եթե իշխանությունները որոշում կայացնելու համար առաջին հերթին պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ՝ արտաքին միջավայրը հաշվի առնելով (իհարկե, շատ հեղինակներ որպես պատերազմ սկսելու պատճառ առանձնացնում են իշխանությունների կողմից իրականության թյուրընկալումների խնդիրը), նման պատասխանատվություն դեռեւս չունեցող գործիչները լիուլի օգտվում են հանրության համար ավելի հաճելի ելույթներ ունենալու եւ ինքնագովազդի այլ մեթոդների անսահման հնարավորություններից:

Հակառակ հանրային ընկալումներին (նաեւ Հայաստանում), նախագահ Օբաման, ով պաշտոնը լքեց մոտ 60% վարկանիշով,[16] կատարել է իր երկու քարոզարշավների 40 նախընտրական խոստումներից ընդամենը 11-ը։[17] Չկատարված խոստումներից են, մասնավորապես, վարչակազմի եւ լոբբիստական ընկերությունների միջեւ աշխատողների շարժունակության օրենսդրական սահմանափակումներ մտցնելը կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը եւ ինդեքսավորումը։

Ավելի հասկանալի օրինակ կարող է լինել ամերիկահայ համայնքին ավանդաբար տրվող ցեղասպանության ճանաչման հետ կապված խոստումների ճակատագիրը։

Այսպես, ԱՄՆ-ում հաճախ են նախագահների թեկնածուները նախընտրական շրջանում խոստանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ հայտնվեն Սպիտակ տանը: Արդեն ընդունված է, որ Փենսիլվանիա պողոտայով մինչեւ Սպիտակ տուն դանդաղ քայլերթից հետո այդ խոստումները մոռացվում են: Ընդունված է համարել, որ նախագահի պաշտոնում պատասխանատու որոշումներ կայացնելու տեսանկյունից նախընտրական շրջանի խոստումների մի մասը դառնում է պատմություն: ԶԼՄ-հասարակություն-իշխանություն եռանկյունու մեջ ընդունված «խաղի կանոնները» ենթադրում են, որ հաջորդ չորս տարիներին լոբբիստները եւ ԶԼՄ-ները Սպիտակ տան մամլո խոսնակին պետք է տանջեն նախընտրական խոստումը հարգելու հարցում: Սակայն թերեւս բոլորն էլ հասկանում են, որ ի տարբերություն քաղաքական ընտրություններում առաջադրված թեկնածուի, երկրի նախագահը որոշում կայացնելուց պետք է հաշվի առնի բազմաթիվ պարագաներ:

Պառլամենտական կառավարման համակարգերում, որտեղ արտաքին քաղաքական որոշումների կայացումը կենտրոնանում է օրենսդիրի մեծամասնության կողմից նշանակվող եւ պառլամենտական վերահսկողության տակ գտնվող կառավարությունում, ավելի արդիական է դառնում քաղաքական պատասխանատվության եւ պոպուլիզմի խնդիրը:

2005-ի Սահմանադրությամբ ՀՀ արտաքին քաղաքականությունը «համատեղ […] մշակում եւ իրականացնում» էին կառավարությունը եւ նախագահը (Հոդված 85), սակայն «ընդհանուր ղեկավարումը» իրականացվում էր երկրի նախագահի կողմից (Հոդված 55), ով լիազորված էր «հրավիրել եւ վարել» արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերին նվիրված կառավարության (Հոդված 86) եւ Ազգային անվտանգության խորհրդի նիստեր: Իսկ 2015թ բարեփոխված Սահմանադրությամբ, որը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ի ապրիլից, ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացվելու է 2017-ի ապրիլին ընտրված ԱԺ կողմից նշանակված կառավարության ծրագրի հիման վրա (Հոդված 146), որում խորհրդարանական ուժերը կցանկանան տեսնել իրենց նախընտրական պլատֆորմի շատ դրույթներ: Թեեւ նախընտրական շրջանում արտաքին քաղաքական օրակարգի, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Թուրքիայի հետ կարգավորման եւ ղարաբաղյան բանակցությունների թեմաներով (դրանց հետ աղերսվող այլ թեմաների հետ մեկտեղ) կուսակցությունները կթմբկահարեն ընտրողների զգացմունքները շոյող դիրքորոշումներ, ընտրություններից հետո ԱԺ-ում հայտնված ուժերը ստիպված կլինեն սահմանադրական կարգի հիմունքների յուրատեսակ մեկնաբանությունների փոխարեն նորովի ընթերցել նոր Սահմանադրությունը եւ առաջ քաշել պետական կառավարման համակարգի 2017-2018թթ բարեփոխման իրենց գաղափարները:

Վերջաբանի փոխարեն բերեմ ամերիկյան նախագահական ընտրապայքարից մի օրինակ:

Շաբաթներ առաջ համացանցում արագ տարածվեց ԱՄՆ մի քաղաքացու գրառում, ով իր ուրախությունն էր արտահայտում Թրամփի ընտրությունից հետո «Obamacare» առողջապահական ապահովագրության համակարգի կասեցման վերաբերյալ: Սույն օգտատիրոջ եւ իր համախոհների ինքնամոռաց խրախճանքը տեւեց մինչեւ այն պահը, երբ միջամտեցին երկու այլ օգտատեր, ովքեր մոլորության մեջ գտնվողների համար բացահայտեցին, որ «Obamacare»-ը «Affordable Care Act»-ի ոչ պաշտոնական անվանումն է. վերջինի շահառու էր նաեւ խեղճ մոլորյալը: Պատմությունը լուռ է այն մասին, թե ինչ եղավ հետո:

 

[1] https://www.independent.co.uk/news/uk/politics/eu-referendum-result-nigel-farage-nhs-pledge-disowns-350-million-p

[2] https://www.theguardian.com/politics/2016/sep/04/theresa-may-refuses-to-guarantee-brexit-pledges-on-immigration-and-nhs

[3] https://www.independent.co.uk/news/uk/home-news/brexit-vote-leave-wipes-nhs-350m-claim-and-rest-of-its-website-after-eu-referendum-a7105546.html

[4] https://www.independent.co.uk/news/uk/home-news/brexit-vote-leave-wipes-nhs-350m-claim-and-rest-of-its-website-after-eu-referendum-a7105546.html

[5] https://www.mirror.co.uk/news/uk-news/boris-johnsons-brexit-campaign-prints-7943300

[6] https://www.telegraph.co.uk/news/2016/06/24/nigel-farage-350-million-pledge-to-fund-the-nhs-was-a-mistake/

[7] https://www.independent.co.uk/news/uk/politics/brexit-350-million-a-week-extra-for-the-nhs-only-an-aspiration-says-vote-leave-campaigner-chris-a7105246.html

[8] https://whatukthinks.org/eu/wp-content/uploads/2015/10/Analysis-paper-1-Britain-divided.pdf

[9] https://www.nytimes.com/2013/03/14/books/present-shock-by-douglas-rushkoff.html

[10] https://www.economist.com/news/leaders/21706525-politicians-have-always-lied-does-it-matter-if-they-leave-truth-behind-entirely-art

[11] https://www.politico.com/story/2016/05/white-house-aide-ben-rhodes-cleans-up-his-mess-222951

[12] https://www.nytimes.com/2016/05/08/magazine/the-aspiring-novelist-who-became-obamas-foreign-policy-guru.html

[13] https://www.cbsnews.com/news/cbs-news-exit-polls-how-donald-trump-won-the-us-presidency/

[14] https://www.huffingtonpost.com/entry/donald-trump-lies_us_57923ca1e4b00c9876cf2cb0

[15] https://www.washingtonpost.com/graphics/politics/obama-promises/

[16] https://qz.com/889644/obamas-approval-rating-from-his-first-day-to-his-last-in-charts/

[17] https://www.youtube.com/watch?v=-8zL5DxNwn0

Հովհաննես Նիկողոսյան
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս, ք.գ.թ.

 

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728